Ապրի Տիգրան Ավինյանը

Ապրի Տիգրան Ավինյանը
Երբ քայլարշավի վերջին փուլում Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ հասավ Երեւան, իսկական հեղափոխականի տեսք ուներ․ երկար ճանապարհից ու դաշտերում քնելուց հոգնած, ճամփորդական շորերով, մազ-մորուքով, անխնամ, ուսապարկը՝ ուսին։ Նրա կերպարը ճգնավորի ու Մովսեսի խառնուրդ էր, հետո, երբ փշալարերից ձեռքը վնասվեց, կերպարն ամբողջացավ վիրակապով։ Այս կերպարն էր նաեւ մարդկանց համոզում, որ նա պալատներից չի դուրս եկել՝ իրենցից մեկն է, նույնքան զրկված ու զարկված, ինչպես իրենք, ուստիեւ՝ «ժողովրդի թեկնածուն»։



Անցավ ժամանակ, եւ Գյումրի-Երեւան երթուղին ոտքով կտրած մարդիկ մտան «պալատներ»։ Մի մասը կարծում էր, որ մայիսի 8-ից հետո այս երիտասարդները պետք է կերպարանափոխվեին՝ ճամփորդներից վերածվեին իշխանավորների, որոնց խնդիրը ոչ թե այդ գիշերը որտեղ անցկացնելն ու ինչ ուտելը պետք է լինի, այլ թե որտեղ են գիշերում եւ ինչ են ուտում իրենց երկրի քաղաքացիները։ Իսկ պալատներում ապրողներին եւ երկիրը ներկայացնողներին պատշաճ չէ ճամփորդի արտաքինը՝ պետք է կոստյում հագնել, փողկապ կապել, լողանալ ու սափրվել, դանակ-պատառաքաղ օգտագործելու, մարդկանց հետ շփվելու կուլտուրային տիրապետել։ Բայց այս անցումը, պարզվեց, այնքան էլ արագ ու հեշտ չի տրվում։ Մանավանդ, ոմանց համոզել էին, որ թափթփված տեսքն ու անթրաշ դեմքն իրենց շատ են սազում։



Բայց աշխարհի մեծերի հետ սեղան նստելիս, բանակցելիս, նախագահական պալատներում ընդունելությունների ժամանակ «թրաշը» լավագույն զարդը չէ, ուստի ես՝ անձամբ, շատ ուրախացա՝ տեսնելով, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սափրել է մորուքը։ Փոքրիկ, բայց խոստումնալից քայլ, որը կարող է վարակիչ լինել մյուսների համար։ Վստահ եմ՝ մինչեւ երիտասարդները չսափրվեն ու իմիջ չփոխեն, մեր երկրի գործերն առաջ չեն գնալու։