Ուրիշի ժամանակը կամ՝ ինչպես գեղեցիկ հեռանալ

Ուրիշի ժամանակը կամ՝ ինչպես գեղեցիկ հեռանալ
Ամեն ինչ եւ ամեն մեկն ունի իր ժամանակը: Յուրաքանչյուրին տրվում է դրսեւորվելու շանս: Մեր աչքի առաջ է՝ քաղաքական ուժերից եւ լիդերներից ով ինչքան եւ ինչպես կարողացավ իրացվել: Ընտրական այլանդակություններով խլվածը շանս չէ, դա գողություն է՝ գողանալ ուրիշի ժամանակը, մտնել ուրիշի ժամանակի մեջ: Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում քիչ բացառությամբ՝ խլվեց ժողովրդի քվեն ստացած կուսակցությունների եւ նրանց առաջնորդների՝ երկրին ծառայելու շանսը: Ինչպիսին էլ լիներ Վազգեն Մանուկյանի, Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանների՝ երկիրը կառավարելու կարողությունը, դա միակ ճիշտ տարբերակն էր տվյալ ժամանակի համար: Երկրին ու ժողովրդին պատուհասած ամենամեծ ու անդառնալի կորուստն ընտրությունների արդյունքների կեղծումն է: Կոպեկներով գնված գործարաններն արդյունավետ աշխատանքով կարելի է վերականգնել, կեղծված ընտրությունների հասցրած վնասը հաճախ վերականգնելի չէ:



**Ընտրական իրավունքը՝ իբրեվ բարձրագույն արժեք**



Երեւանի ավագանու ընտրությունները համոզեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վճռական է՝ ժողովրդին վերադարձնելու ընտրելու իր իրավունքը: Դա պետության ղեկավարի ամենամեծ նվերը կլինի երկրին ու ժողովրդին: Կնշանակի՝ երաշխավորել պետության առաջընթացը, հասարակությանը վերադարձնել երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքը: Փաշինյանական հնգամսյա կառավարման ամենամեծ նվաճումն ընտրական իրավունքի վերականգնումն էր՝ ավագանու ընտրությունների տեսքով: Դա վեր է բոլոր իրավունքներից եւ ամեն տեսակ տնտեսական նվաճումներից: Մեր երկրի բոլոր ձախորդությունների արմատն այստեղ է: Ընտրական քվեի լկտի եւ անամոթ գողերը հասկանում էին, որ ժողովրդին բարոյալքելու փորձված ճանապարհը նրա ընտրական իրավունքի բռնաբարումն է: Տնտեսական ցուցանիշների վերլուծությունների ստվերում թողնելով մարդու բարձրագույն իրավունքը՝ հասարակությունը մղվում էր քաղաքացիական ապատիայի:



**Յոթ երգ՝ մեղրի մասին**



Միամիտ պետք է լինել՝ չհասկանալու, որ ՀՀԿ-ն փորձելու էր ռեւանշի հասնել: Լավ էր հաշվարկված: Օգտագործելով ավագանու ընտրություններում ԲՀԿ եւ ՀՅԴ դժգոհությունը՝ ՀՀԿ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շուրջ համընդհանուր զբաղվածության պարագայում հապշտապ անցկացրեց հայտնի նախագիծը: ՀՀԿ քաղտեխնոլոգները կուսակցության առաջնորդին համոզել էին փաշինյանական կառավարման շրջանից հնարավոր դժգոհությունների մասին: Սոցցանցերի կեղծ օգտատերերն ու կայքերը զբաղված էին դժգոհություններ սերմանելով: Իր համար անսպասելի՝ ժողովուրդն անկասելի կամք ու վճռականություն դրսեւորեց՝ հակադարձելու քաղաքական խարդավանքին:



**Ինչպես գեղեցիկ հեռանալ**



Պետք է արժանին մատուցել այս տարիներին Հայաստանի քաղաքական կյանքը ձեւավորած եւ կերտման ու բյուրեղացման ուղղությամբ ջանքեր գործադրած բոլոր քաղաքական ուժերին եւ անհատներին: Որքան էլ քաղաքական մթնոլորտը հաճախ հիշեցրել է հիվանդ սրտի սրտագրություն, երկրի կյանքով մտահոգ ցանկացած մեկի համար միեւնույն չէ, թե ինչպիսին է երկրում քաղաքական մթնոլորտը: Տեղին է հիշել, որ ե՛ւ ՀՀՇ, ե՛ւ Հայաստանի հանրապետական կուսակցություններում կային ծանրակշիռ ինտելեկտուալներ: Այն պահից, երբ ժողովրդի կամքով իշխանություն ստացած այս ուժերն ընդունեցին պատեհապաշտների ու ընտրակեղծարարների ծառայությունները, կորցրին ժողովրդի վստահությունը: Այստեղ արդեն կուսակցական մտավորականությունը մնաց ստվերում, նրա խոսքը դադարեց որոշիչ լինել: Կուսակցության հիերարխիան դադարեց լսել ներքեւիններին: Ոչ ոք մեղավոր չէ հասարակության մեջ ՀՀԿ ներկա կացության համար, նրա քաղաքական ղեկավարությունից բացի: ՀՀԿ-ն կրկնում է նույն սխալները, ինչ Կոմկուսը՝ արցախյան շարժման ժամանակ: Կոմկուսի ղեկավարությունը, կուսակցական իշխանությունը իրենց դպրոցն անցած երիտասարդ կոմունիստներին չհանձնելու արդյունքում հիմնովին ավերեց կուսակցության հեղինակությունը, այնպես ու այնքան, որ 30 տարի հետո էլ մարդիկ հրաժարվում են տեսնել Կոմկուսի աշխատանքի իրական նվաճումները: Ծանոթ պատկեր չէ՞ նաեւ ՀՀՇ պատմությունից:



Ապրիլ-մայիսին շատերի հետ ինքս էլ սպասում էի, որ Հանրապետականը հարկավոր հետեւություններ կանի, եւ կուսակցությունը (դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով) կձեւավորի նոր քաղաքական ղեկավարություն: ՀՀԿ նոր ղեկավարությունը, ուզում եմ հավատալ, կգնար ժողովրդի՝ իբրեւ գլխավոր իրավատիրոջ թելադրած ճանապարհով, որն է խորհրդարանի ինքնալուծարումը: Ներկա իրավիճակում հեշտ չէ ինձ հետ համաձայնել, բայց ԱԺ ինքնալուծարման տանող մեծամասնությունը կպահպաներ քաղաքական դաշտում անհամեմատ շուտ վերադարձի շանսը: Այն պահից, երբ խորհրդարանն անցկացրեց հայտնի օրինագիծը, ՀՀԿ-ն դատապարտվեց քաղաքական թատերաբեմը լքելու ճակատագրին: Հասարակությունը ե՞րբ կտա քաղաքական ռեաբիլիտացիայի հնարավորությունը, դժվար է կանխատեսել: Կա միայն մեկ միջոց՝ հասարակության հետ կամուրջները մինչեւ վերջ չայրելու: ՀՀԿ-ն ունի միայն մեկ շանս՝ գնալ ԱԺ ինքնալուծարման: Քաղաքական հոգեվարքի ցնցումները երկրին կարող են անդառնալի ծանր կորուստների տանել: 20 տարի իշխանություն բանեցրած կուսակցությունն ապաշխարելու, ինքնամաքրումի ճանապարհ ունի անցնելու: Սրտանց կուզեի, որ կուսակցությունն իր մեջ գտնի այդ կամքն ու գեղեցիկ հեռանա: Հեռանա՝ առանց կամուրջներ այրելու: Հեռանա՝ վերադարձի շանսը պահած:



**Անդրանիկ ՀԱԿՈԲՅԱՆ**