Մոռանալու ժամանակը

Մոռանալու ժամանակը
Այո, փառք ու պատիվ Նիկոլ Փաշինյանին, որ ղեկավարեց Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի հեռացման գործընթացը։ Վիրտուոզ կատարմամբ իրականացրեց այն, ինչ տարիներ շարունակ փորձում էին շատ ավելի մեծ փորձ ունեցող հմուտ քաղաքական գործիչներ եւ ուժեր ու չէին հաջողում։



Սա միանշանակ է, եւ նրա անունը, անշուշտ, գրվելու է պատմության մեջ ոսկե տառերով։ Բայց այլեւս անցյալում են հեղափոխականի, «ռյուկզակն» ուսին, փայտը ձեռքին քայլողի, անգամ՝ ըմբոստ պառլամենտականի օրերը, եկել է երկիր ղեկավարելու, երկրի ու հասարակության առաջ պատասխանատվություն ստանձնելու ժամանակը։ Իսկ վարչապետի պաշտոնը ստանձնած մարդը պետք է մոռանա իր անցյալը։



Նա իրավունք չունի հիշելու, որ տարիներ առաջ համալսարանի ռեկտորն իրեն դիպլոմ չի տվել, չնայած ինքը փայլուն սովորում էր, եւ մի քանի ամիս էր մնացել ավարտելուն։ Իրավունք չունի հիշելու, որ ժամանակին Գագիկ Ծառուկյանի հետ է կոնֆլիկտ ունեցել՝ ծեծուջարդով, մեքենան այրելու գործընթացներով ուղեկցված, իսկ դատավոր Պարգեւ Օհանյանն ու մի շարք այլ դատավորներ իրեն դատել են «զրպարտության եւ վիրավորանքի» համար։ Նա իրավունք չունի հիշելու, որ 2008-ից իրեն հալածել են, եւ 2 տարուց ավելի բանտում է անցկացրել։ Իրավունք չունի հիշելու, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հակամարտությունն այնքան էր խորացել, որ ինքը հոդվածաշարով հանդես եկավ՝ պատռելով Տեր-Պետրոսյանի «դիմակը»։



Իրավունք չունի հիշելու, որ Արտաշես Գեղամյանի հետ ձեռնամարտի մեջ է եղել, իսկ Վահրամ Բաղդասարյանի հետ՝ լեզվակռվի։ Իրավունք չունի հիշելու, որ իր մերձավոր դաշնակիցներ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանն իրեն մենակ թողեցին պայքարի ամենասկզբում։ Այս բոլոր հիշողությունները վրեժխնդրության են տանելու եւ խանգարելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։