Զղջո՞ւմ են արդյոք

Զղջո՞ւմ են արդյոք
Հետաքրքիր է՝ վերջին 4-5 ամսվա իրադարձությունները ՀՀ նախկին նախագահների մոտ զղջման, ափսոսանքի, վերագնահատումների, սեփական սխալների գիտակցման զգացումներ չե՞ն առաջացրել։ Երբ հետեւում ես այս փուլում կատարվող իրադարձություններին, հասկանում ես, թե ինչքան քիչ բան է պետք մեր ժողովրդին՝ գոհ ու երջանիկ լինելու, սեփական իշխանություններին ոչ թե ատելու, այլ սիրելու եւ վստահելու համար։



Մի՞թե չէին կարող ՀՀ երեք նախկին նախագահներն անել այն ամենը, ինչ անում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Ասենք՝ երբեմն-երբեմն շրջել ժողովրդի մեջ, շոյել ու փաղաքշել նրան, ականջահաճո խոսքեր ասել։ Հաճախ ելույթներ ունենալ եւ շեշտել, որ ժողովրդի կամքը վեր է ամեն ինչից, իրենք ոչինչ են, ժողովուրդը՝ ամեն ինչ։ Որ ժողովուրդն է երկրի տերն ու պատվիրատուն, սիրո խոստովանություններ անել ժողովրդի հասցեին, հավատացնել, որ ծառայում են իրեն եւ պատրաստ են կյանքը զոհել հանուն նրա բարեկեցության։ Երբեմն հեծանիվով աշխատանքի գնալ, Հյուսիսային պողոտայով քայլել, ժպտալ մարդկանց, ձեռքով բարեւել, սելֆի անել նրանց հետ ու «լայվ» մտնել Ֆեյսբուքով։



Երբեմն ժողովրդի կողմից անցանկալի անձանց բռնել ու դատել։ Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված որոշ քայլեր անել։ Այս փոքրիկ ու մեծ ջանքեր չպահանջող քայլերը բավական են, որ մարդիկ ըմբռնումով մոտենան իշխանությունների բոլոր վրիպումներին եւ անգամ չնկատեն, որ երկրում տնտեսական աճ չկա, թոշակ ու աշխատավարձ չեն բարձրանում, աշխատատեղեր չեն ստեղծվում, ներդրումներ չեն կատարվում, երկրի ներքին ու արտաքին խնդիրները չեն լուծվում։ Փաստորեն, մարդկանց միայն հույս, հավատ, սեր ու ջերմություն է հարկավոր, այլ ոչ թե հաց եւ ապահովություն։ 5 ամիսների ընթացքում այս պարզ ճշմարտությունները միանգամայն ակնառու դարձան։