Երևանի գրավումը

Երևանի գրավումը

189 տարի առաջ հենց այս օրը ռուսական զորքերը կատաղի մարտերից հետո գրավեցին Երևանը: «Կոռ ու բեկարի» ու մուսուլմանական տիրապետության տակ արնաքամ լինող միամիտ մարդիկ համոզված էին, թե վաղեմի մարգարեությունն ի վերջո իրականացավ, եկան զորքերը հյուսիսից՝ իրենց հետ բերելով ազատություն ու փրկություն:

Եկեք մի կողմ թողնենք ձևականություններն ու պայմանականորեն փաստենք մի պարզ ճշմարտություն, որ էթնիկական խմբերը, տևական ժամանակ քաղաքական ու սոցիալական ճահճի մեջ ապրելով, որպես կանոն բթանում են: Քանի որ միտքը խցանվում է կամ էլ աշխատում է մեկ ուղղությամբ և այդ ուղությունը՝ փրկությունն է հյուսիսից: Փիլիսոփայական տաֆտալոգիա կամ էլ՝ քաղաքական չբերություն:

Իրականում դա կայսրության սահմանների ընդարձակման ռազմաքաղաքական ակտ էր, մարտավարական չափազանց կարևոր տեղաշարժ, որը կայսրության համար պսակվեց հաջողությամբ: Փաստորեն մուսուլմանական տիրապետությունը փոխարինվեց մեկ այլ ստրկությամբ, որն էր՝ ցարիզմը: Տիրապետություն, որի դեմ մենք պայքարել ենք ոչ պակաս, քան կայսրության մյուս ժողովուրդները:

Բայց եկեք երեսպաշտությամբ չզբաղվենք ու փաստենք մի պարզ իրողություն, որ ցարիզմի ստրկությունը հայ էթնոսին դուրս բերեց ճահճից, միտքը ճեղքեց խցանման պատնեշներն ու սկսեց աշխատել: Հա՛, ռուսական տիրապետությունն ավելի լավ էր, քան՝ պարսկական անշարժությունը: Մշակութային միջավայրը էական տրանսֆորմացիայի ենթարկվեց ու սկսեց ինչ-որ արժեքներ ստեղծել: Այսինքն ազգի մտավոր շրջանակները խոջաների կապիտալից ու եկեղեցական կալվածքներից զատ սկսեցին նաև այլ ուղղություններով մտածել: Դա նաև պայմանավորված էր Ռուսական կայսրության միջավայրով, որն անհամեմատ առաջադիմական էր, քան՝ իսլամական խորտակվող, խախուտ իրականությունը: Դե երևի ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ կայսրությունները իրենց բոլոր բացասական կողմերով հանդերձ, այնուամենայնիվ քաղաքակրթական ու մշակութային զարգացման խթան են հանդիսանում: Նույն պրակտիկան կարող ենք տեսնել նաև Միջին Ասիայում:

Առաջիկայում Երևանի հետ կապված խոշոր տոնակատարություններ են սպասվում և կարծում եմ հենց այդ փաստի առթիվ պետք է առաջնային պլան մղվի Երևանի պատմության նաև այդ ժամանակահատվածը: Օրինակ՝ մինչ ռուսական զորքերի կողմից Երևանի գրավումը ինչպիսի քաղաք էր այն: Արդյո՞ք հայկական էր: Չէ՛ ես չեմ կասկածում մայրաքաղաք Երևանի հայկական լինելու անհերքելի իրողության վրա, պարզապես հենց 19-րդ դարի առաջին կեսին չափազանց դժվար է պնդել, թե Երևանը միանշանակ հայկական էր՝ հաշվի առնելով մուսուլմանական բավականին մեծ բնակչության առկայությունը, ինչպես նաև մշակութային միջավայրն ու սոցիալական փոխհարաբերությունները: Չեմ էլ կարող պնդել, որ 19-րդ դարի առաջին կեսին այն հայկական չէր, քանի որ պատմական անհերքելի աղբյուրները փաստում են, որ առնվազն 7-րդ դարից սկսած Երևանը հիշատակվում է որպես բնակավայր: 7-րդ դարում Երևանում մուսուլման բնակչություն միայն արկածային գրականության մեջ կարելի է պատկերացնել, պարզ է, որ խոսքը հայկական բնակավայրի մասին է: Եթե երկու իրողությունները միացնենք իրար, ապա կգանք այն եզրակացությանը, որ 19-րդ դարի սկզբին Երևանն առնվազն բազմաազգ քաղաք էր՝ Պարսկական տերության հյուսիսային սահմանի կարևորագույն ամրությունն ու ռազմաքաղաքական կենտրոնը:

Փաստորեն մինչև ռուսական տիրապետությունը հայերն իրենց բուն հայրենիքում այլևս մեծամասնություն չէին և պարզ չի, թե ինչ կլիներ, եթե պարսկական տիրապետությունը շարունակվեր:

Ընդհանրապես չընդհատվող պետականությունները պետականշինության ու կառավարման չափազանց զորեղ ավանդույթներ ունեն, Ռուսական կայսրությունն էլ ասվածի լավագույն վկայությունն է, որը կառուցվել էր հարյուրամյակների ընթացքում, աստիճանաբար՝ քարը քարի վրա դնելով: Ռուսները շատ լավ հասկանում էին, որ գրավված նոր տարածքներում տիրապետության ամրապանդման համար ռուսական վարչաքաղաքական ու մշակութային համակարգերի ներդրման պրակտիկան բավական չէ: Նման դեպքերում անհրաժեշտ են ինտեգրացիոն բոլորովին այլ մեխանիզմներ, որոնցից է օրինակ հակասությունների սաղմնավորումն ու հետագայում արհեստական կոնֆլիկտի սանձազերծումը, որի ժամանակավոր կարգավորումը պետք է առկախված լինի երրորդ կողմի միջամտությունից:

Ռուսները նաև հասկանում էին, որ Օսմանյան կայսրության ու Պարսկաստանի հարևանությամբ գտնվող իր պրովինցիաները, որտեղ մուսուլմաննական բնակչությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայի տրամաբանությամբ կարող է լուրջ գլխացավանք դառնալ: Խնդրի կարգավորման համար անհրաժեշտ էր մուսուլմանների մեջտեղում ազդեցիկ սեպ խրել, որն ի զորու է անհրաժեշտության դեպքում ծառայել որպես մահակ: Ու այդ մահակի դերը ստանձնում է հայ ժողովուրդը, որի հաստատուն ներկայությունը տարածաշրջանում ապահովելու նպատակով ռուսական իշխանությունները Օսմանյան կայսրությունից ու Պարսկաստանից ներգաղթ են կազմակերպում: Ռուսները երևի թե հիշում էին, թե մեկ դար առաջ ինչպես էին Արցախի սղնախներն ու Սյունիքի մելիքները ջարդ ու փշուր անում թուրքական կանոնավոր բանակներին:

Փաստորեն կայսրության աշխարհաքաղաքական ծրագրերը համընկնում էին հայերի ազգային շահերի հետ: Ներգաղթի արդյունքում հայերը նորից իրենց հայրենիքում՝ Արևելյան Հայաստանում, դառնում են տիտղոսակիր:

Բայց սա միայն քաղաքական կարճ ժամանակահատված ընդգրկող հիմնախնդիր չէ: Կամ էլ քաղաքականը սաղմնավորել է շատ ավելի լայն հիմնախնդիր, որն է՝ հայ ինքնությունն ու ռուսական տիրապետության բաղադրիչը դրա մեջ:

Իմ և ոչ միայն իմ, այլ նաև ինձնից շատ ավելի իմաստուն մարդկանց համոմզմաբ ռուսական 300 տարվա տիրապետությունը դարձել է մեր ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը, կարևոր ու քայքայիչ՝ որպես բացասական ինքնություն: Առաջին հայացքից իհարկե դա նկատելի չէ, բայց երկարաժամկետ դիտարկումներում դժվար չի լինի նկատել, թե ինչպես է բացասական ինքնության այդ տարրը փիլիսոփայական տիրույթում կոռոզիայի ենթարկում չափազանց կարևոր արժեքներ: