Ինչպիսին էր ռուս գրականությունը 1990-ական թթ․ Մաս 3-րդ

Ինչպիսին էր ռուս գրականությունը 1990-ական թթ․ Մաս 3-րդ
1990-ական թթ ռուս գրականությունը փորձությունների կրիտիկական շրջան ապրեց, ցայդ իր համար բավականին անսովոր համարվող ազատությամբ պայմանավորված։ Գրող Յուրի Բույդան այդ ճգնաժամային փորձությունը դասակարգեց վախերի այն շարքի հետ նույն հարթության մեջ, որպիսիք հոգեբանորեն հատուկ են մարդուն։ «Դա ազատությունից ունեցած վախն է, այն ազատության, որը անակնկալ կերպով փլվեց մեզ վրա։ Անակնկալ կերպով տեղի ունեցավ այն, ինչին սպասում էին բոլորը»։ Իր ժամանակին Ա․ Տվարդովսկին ցանկանում էր գրել այն ինչ ուզում էր, «միայն թե ականջիդ հետեւում շնչառություն չզգաս»։ Խելահեղ համարձակություն էին համարվում «վաթսունականների գրողների շշուկով արված խոհանոցային խոսակցությունները՝ մարդկային պարզ ապրումների վրա իշխող պաշտոնականության ֆոնի վրա։ Այսօրվա քննադատությունը որոշակի իրոնիա է հասցեագրում նրանց, մինչդեռ նրանք վստահ էին, որ արժի գրել օրինակ՝ «Ես կանգնած եմ պատուհանի մոտ եւ մոտիցս անցնում է տրոլեյբուսը», սպասելով, որ աշխարհը շունչը կպահի քնարական էքստազից։ Լճացման շրջանի կլաուստոֆոբիան 1990-ական թթ դարձավ ամեն քինչ սրբող-տանող ամենաթողության, որը վախի հակառակ երեսն է ըստ էության։ Եթե 1986-ին «Գրքային տեսության» հարցումների համաձայն ամենաշատ ընթերցվող գրքերն էին Ջ․ Ջոյսի «Ուլիսեսը», Ջ․ Օրուելի «1984»-ը եւ Ն․ Բերբերովայի «Երկաթյա կինը», ապա 1995-ին ամենաշատ կարդացվող գրքեր էին դարձել՝ «Մասնագիտությունը՝ մարդասպան», «Գելխեղդի ուղեկիցները», «Զզվելի մենթը»։ Զանգվածային ընթերցանության նման կողմնորոշումը իր հերթին դարձավ լրջագույն խնդիր ինչպես դպրոցական այնպես էլ բուհական համակարգերում գրականության դասավանդման համար։ Ընթերցողների վարկանիշը առաջին տեղեր բարձրացրեց պոստմոդեռնիսկական ուղղության հեղինակներ Վ․ Պելեւինին, Վ․ Սորոկինին, Յու․ Մամլեեւին, Դ․ Գալկովսկուն, որոնց առնչությամբ քննադատությունն էլ եղավ նույնքան բեւեռացված։ Այսօր մի կողմի ստեղծվում են ռուս գրականության «հարության փորձառության» տեսություններ, շնորհիվ պոստմոդեռնիզմի ծավալուն ներդրման /Մ․ Էպշտեյն/, մյուս կողմից էլ պոստմոդեռնիզմը հայտարարվում է հետնաբակը դարավերջի մշակութային բանջարանոցի։



«20-30 տարեկան գրողները, որոնք ժամանակին ընդարմացել էին խորհրդային դպրոցի հետեւանքով, այժմ որոնում են Դատարկությունն ու Նիրվանան։ Նրանք արդեն չեն կարող իրենց ուղեղներն ազատել չափազանց երկար նվագած սոցիալիստական ռեալիզմի ձայնապնակից՝ իր չապաեւներով, մայրերով, երիտասարդ գվարդիաներով հանդերձ։ Ելքը մեկն էր։ Նույն ձայնապնակը ռեւերս անել, որպեսզի սկսի նվագել հակառակ ուղղությամբ, որպեսզի տեքստը կուլ տա տեքստին եւ ձեւավորվի այդքան ցանկալի դատարկությունը» /Կ․ Կեդրով/։