Ինչպիսի՞ն էր ռուս գրականությունը 1990-ական թթ․ Մաս 1-ին

Ինչպիսի՞ն էր ռուս գրականությունը 1990-ական թթ․ Մաս 1-ին
20-րդ դարը ռուս գրականության պատմության մեջ կմնա որպես առանձնահատուկ մի շրջան, որի ընթացքում փոփոխության են ենթարկվել գեղագիտական, բարոյական եւ գաղափարական հենասյուները։ 20-րդ դարի վերջին տասնամյակը որպես սահմանագիծ երկու դարերի, ռուսական պատմության ավանդույթի մեջ «դատապարտված» է լինելու որպես խտապատկերը բազմաթիվ դինամիկ միտումների՝  ամփոփումների, մշակույթների առճակատումների, նոր որակների աճի, արդեն մշակված, ստեղծված ռեսուրսների՝ դեպի  նոր հազարամյակ փոխադրման։



Պատմականորեն այդպիսին էր նաեւ 19-րդ դարավերջն ու 20-րդ դարասկիզբը, երբ համաշխարհային ճանաչում ստացած ռուսական իրապաշտության գլուծգործոցները  իրենց գագաթներով, ազատագրում էին դիրքեր ավանգարդի, մոդեռնիստական որոնումների, «արծաթե դարի» ուղղությունների եւ դպրոցների մի ողջ գունապնակի ճնշման ներքո։  Սակայն 1990-ականները նվազ տպավորիչ էին։ Ընդ որում խնդիրը ոչ միայն գեղագիտական բազմազանության, գեղարվեստական ծավալի,  միտումների, մեթոդների մեջ էր։ Տեղի էր ունեցել գրական ողջ հունի փոփոխություն, որը, ինչպես արդարացիորեն գրում է Ն․ Իվանովան, «հենց գրականության ամբողջական փոփոխություն էր ներկայացնում, երբ փոխվում են նաեւ գրողի դերն ու ընթերցողի տեսակը»։



Ժամանակի շունչն ու տրամադրությունները մշտապես զգացող եւ դրանց արձագանքող ռուս գրականությունը 90-ականներին ներկայացնում էր մի տեսակ համայնապատկերը հոգու այն երկատվածության, որի մեջ անցյալն ու ներկան հիանալի կերպով դեռ կարողանում էին զուգորդվել։  Բացարձակապես տարբեր պատկերով էր արդեն ներկայանում բուն ռուս գրական անդաստանը 1990-ականներին․ բացի ռուսաստանյան գրականությունից,  այն ներառում էր իր մեջ նաեւ այն բոլոր կղզիները, կղզյակներն ու նույնիսկ մայրցամաքները, որոնք աղետների հետեւանքով ցիրուցան էին եղել աշխարհի բոլոր կողմերում։ 



Այսպես, առաջին, երկրորդ եւ երրորդ վտարանդիության ալիքները արտասահմանում ստեղծագործական մշակութային այնպիսի կենտրոններ էին ստեղծել, ինչպիսիք էին ռուսական Բեռլինը, ռուսական Փարիզը, ռուսական Պրահան, ռուսական Ամերիկան եւ ռուսական Արեւելքը։ Դրանք հարյուրավոր բանաստեղծներ, գրողներ, արվեստի եւ մշակույթի տարբեր ճյուղերի գործիչներ ներառող ռուսական օազիսներ էին, որոնք շարունակում էին իրենց գոյությունը պահպանել վտարանդիության մեջ, իրենց հայրենի երկրից դուրս։ Այդ կենտրոններից ոմանց մոտ այդ պրոցեսը տեւեց  50 եւ ավելի տարիներ։  Վտարանդիության միջավայրում է, որ ձեւավորվում «ռուսական սփյուռքի գրականությունը», որպես առանձին միավոր։



1980-ականների վերջերին վտարանդիության մեջ եղող գրականությունը արդեն այսպես ասած «հայրենադարձվում»  է, վերադառնում ընդհանուր ռուսական գրական անդաստան,  եւ սկսում ակտիվորեն ազդել ռուս գրականության եւ մշակույթի ընդհանուր պատմական զարգացման ընթացքի վրա։



Բացի այդ, բացելով գրաքննության դոսյեները եւ նվիրական գրական արխիվները, որ ցայդ փակ էին ու գրեթե անհասանելի, ռուս գրականությունը անասելի կերպով հարստացավ  ի հաշիվ արգելված, «գաղտնի» կամ քիչ հասանելի գրական գործերով։  Այսօր դժվար է պատկերացնել, որ այդ կատեգորիային էին դասվում Ա․ Պլատոնովի «Հիմնափոս», «Չեւենգուր» վեպերը, Ե․ Զամյատինի «Մենք» հակաուտոպիոն, Բ․ Պիլնյակի «Կարմիր ծառը» վիպակը, Օ․ Ֆորշի «Խելացնոր նավը», Մ․ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան»,  Բ․ Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն», Ա․ Ախմատովայի «Ռեքվիեմը» եւ «Պոեմը, որ հերոս չունին» եւ շատ ուրիշներ։



Վայր դնելով իր չինավնիկական ծառայության լիազորությունները, որպիսիք ուներ խորհրդային իշխանության տարիներին իշխանական ապարատում եւ ստանալով բաղձանալի ազատությունը եւ հավասարությունը արվեստների ընտանիքում, 90-ականների գրականությունը ագահորեն սկսեց իրացնել իր ձեռք բերած իրավունքները։