Գերագույն խորհրդի պատգամավորներին մոռացե՞լ են parliament.am կայքում

Գերագույն խորհրդի պատգամավորներին մոռացե՞լ են parliament.am կայքում
1990-95 թթ․ Անկախ Հայաստանի Առաջին Գերագույն խորհրդի պատգամավորների մասին չկա որեւէ տեղեկատվություն Ազգային ժողովի՝ parliament.am կայքում։ Սեղմում ես կոճակը, ցանկանում ծանոթանալ ԳԽ-ի պատգամավորներին, նրանց կենսագրությանը, սակայն պարզվում է, որ կայքում տեղադրված են միայն ԱԺ առաջինից սկսած բոլոր գումարումների պատգամավորների կենսագրությունները։



Անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի մասին համառոտ անդրադարձ կա միայն կայքի «Հայոց խորհրդարանների պատմություն» բաժնում։ Իսկ ահա ԱԺ տարբեր գումարումների պատգամավորների կենսագրություններն էլ ոչ ամբողջական են ներկայացված։ Ասենք, օրինակ, առաջին գումարման խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանի, փոխնախագահներ Կարապետ Ռուբինյանի, Արա Սահակյանի կենսագրությունները կայքում ավարտվում են նրանով, որ նրանք 1995թ․ հուլիսի 27-ին ընտրվել են ԱԺ նախագահ, ԱԺ փոխնախագահ։



Նաեւ՝ եղել են ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության անդամ։ Իսկ 1998թ․ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նրանց տված հրաժարականների մասին ոչինչ նշված չէ կայքում։ Ուշագրավ է նաեւ, որ 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ զոհված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Միքայել Քոթանյանի կենսագրություններում նշված է, որ նրանք զոհվել են 1999թ․ հոկտեմբերի 27-ին՝ ԱԺ նիստի ժամանակ։



Ըստ երեւույթին՝ ԱԺ-ում առ այսօր խուսափում են հոկտեմբերի 27-ի դիմաց ահաբեկչություն բառը գործածելուց։ ԱԺ նախկին պատգամավոր, Ներքին գործերի նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի կենսագրության մեջ էլ նշված չէ, որ նա 2000 թվականից առ այսօր բացակայում է հանրապետությունից, համարվում է վտարանդի։



«ՀՀ ԱԺ երկրորդ գումարման ընթացքում լիազորությունները դադարեցրած պատգամավորների մասին» բաժնից միայն տեղեկանում ենք, որ մեկ նստաշրջանի քվեարկությունների առնվազն կեսից նրա բացակայելը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով համարվել է անհարգելի։