Այս տարի լրանում է իմ 60-ամյակը, և ես ցանկացա նշել հենց Գյումրու թատրոնում

Այս տարի լրանում է իմ 60-ամյակը, և ես ցանկացա նշել հենց Գյումրու թատրոնում
Այսօր Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ մամուլի ասուլիս՝ նվիրված 153-րդ թատերաշրջանի բացմանը։ Բանախոսներ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, թատրոնի տնօրեն՝ Տիգրան Վիրաբյանը և ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ամփոփեցին 152-րդ թատերաշրջանը և ներկայացրին՝ 153-րդ թատերաշրջանի առաջիկա ծրագրերն ու նոր թատերական նախագծերը։ 153-րդ թատերաշրջանը կբացվի հոկտեմբերի 6-ին և 7-ին, ըստ Ալեն Ռեյնո-Ֆուրտոնի «Ամադեի դասը» պիեսի «Bye-Bye Լեդի» կատակերգությամբ, որտեղ գլխավոր դերերում հանդես կգան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը և Ռոզի Ավետիսովան։ Ինչպես նշեց թատրոնի տնօրեն Տ․Վիրաբյանը․ «153-րդ թատերաշրջանը լինելու է առավել հետաքրքիր ու նոր թատերական նախագծերով հագեցած։ Նախորդ թատերաշրջանում, թատրոնը մի շարք հյուրախաղերով հանդես եկավ Երևանում և Ստեփանակերտում, միայն «Հարսանիք թիկունքում» ներկայացումը խաղացվեց 21 անգամ՝ ունենալով 14․000 հանդիսատես, ևս երկու հյուրախաղային ներկայացում Երևանում կկայանա հոկտեմբերի 28-ին և 29-ին՝ Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։



Երկար տարիներ մենք ցանկություն ունեինք Հրանտ Արամիչին հրավելու Գյումրու թատրոն, և հիմա առիթ ընձեռվեց համագործակցել սիրելի արտիստի հետ, որը մեծ սիրով ընդունեց մեր առաջարկը»։ Հրանտ Թոխատյանը ավելացրեց, որ նրա համար մեծ պատիվ է հանդես գալ Գյումրու թատրոնի բեմում․ «Իսկապես, ես ուրախությամբ ընդունեցի առաջարկը, քանի որ այս տարին ինձ համար նաև հոբելյանական է, լրանում է իմ 60-ամյակը, և ես ցանկացա նշել հենց Գյումրու թատրոնում։ Կարծում եմ, որ ամենաճիշտ որոշումն էր։ Վստահ եմ, որ իմ համագործակցությունը Գյումրու թատրոնի հետ կլինի շարունակական և երկարատև։ Այսօր, այն ինչ կատարվում է Գյումրու թատրոնում, դա մի մեծ քայլ է թատերական աշխարհում։ Այն մթնոլորտը, որը կա այստեղ, ինձ վերադարձրեց այն տարիներին, երբ կառուցում էինք Երևանի կամերային թատրոնը։



Գյումրու թատրոնի քաղաքականությունն է, որ ինձ բերեց այդ համոզման»։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Լ․Հարությունյանը անդրադառնալով թատրոնի խաղացանկին, նշեց, որ թատրոնը պետք է միշտ կարողանա էքսպերիմենտների գնալ․ «Որպես ստեղծագործող, ինձ համար մեծ պատիվ է աշխատել Հրանտ Արամիչի հետ, ինչպես նաև դերասանուհի Ռոզի Ավետիսովայի, արդյունքում, մենք կունենանք մի ներկայացում, որտեղ կա և սեր, և ուրախություն, և ինտրիգ։ Ես ուզեցի, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացումից հետո, նոր թատերաշրջանը բացենք ավելի թեթև և ուրախ։ Տվյալ դեպքում դերասանն է իր հետ պիես բերում թատրոն։ Առաջիկայում մենք ևս մի հետաքրքիր ներկայացում կունենանք, որի բեմադրող ռեժիսորն է՝ Հրաչ Քեշիշյանը։



Ըստ Ջոն Օբսորնի «Ոչինչ չի մնա» ներկայացումը խաղացանկում կլինի նոյեմբեր ամսից»։ Ամփոփելով ստեղծագործական շուրջ մեկ տարիների ընթացքը, թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Լ․Հարությունյանը և թատրոնի տնօրեն՝ Տ․Վիրաբյանը նշեցին, որ կարևորելով 153-րդ թատերաշրջանի թատերական կյանքի աշխուժացումը, թատրոնի նախաձեռնություններից է նաև երևանյան թատրոնների հյուրախաղերի կազմակերպումը Գյումրու դրամատիկականում՝ բարեկամության ձեռք մեկնելով հանրապետության մյուս թատրոններին։ Գյումրու դրամատիկական թատրոնում հյուրախաղային ներկայացումներով հանդես կգան Երևանի կամերային, Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Հ․Թումանյանի անվան պետական թատրոնները։ 153-րդ թատերաշրջանում Գյումրու դրամատիկական թատրոնը, նոյեմբեր ամսին հյուրախաղերով հանդես կգա Լիբանանում, իսկ 2019թ-ի փետրվարին՝ Ամերիկայի Միացիալ Նահանգներում։