Օգոստոսի 17-ին Փաշինյանը մեծ խաչ քաշեց մեր գործի վրա

Օգոստոսի 17-ին Փաշինյանը մեծ խաչ քաշեց մեր գործի վրա
Պաշտոնավարման 100 օրվանը նվիրված հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում անշարժ գույքի գները աճել են շուրջ 20 տոկոսով, և դա վկայում է այն մասին, որ հեղափոխությունից հետո արտերկրում բնակվող մեր հայրենակիցները տեղափոխվում են Հայաստան։ Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող «Myrealty.am» կայքի , և «Մարիոթ»-ի տնօրեն Անի Գալստյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ աննախադեպ գնաճ իսկապես տեղի է ունեցել, շատ սփյուռքահայեր Երևանում բնակարաններ են գնել, սակայն եկել են մնալո՞ւ նպատակով, դժվար է ասել․



«Անշարժ գույքի շուկայի գները ակնհայտ բարձրացել են, գույքի տարբեր տեսակների գներ տարբեր է։ Ակնհայտ բարձրացել է թե՛ վարձակալության գները, թե՛ վաճառքի գները։ Պատճառը առաջին հերթին, բնականաբար, քաղաքական վիճակն է, մարդիկ ապրիլ ամսից հույս ունեն, որ ավելի լավ կլինի, շատը մեր սփյուռքահայերն են գալիս երկիր։ Իհարկե, չենք կարող ասել՝ վերադարձել են մնալո՞ւ նպատակով, բայց, համենայն դեպս որպես զբոսաշրջիկ, այսինքն ՝ սփյուռքահայերի հոսքը ակնհայտ կար»։ Թե նախորդ տարվա համեմատ որքանո՞վ է բարձրացել անշարժ գույքի վաճառքի ծավալները, Գալստյանը դժվարացավ կոնկրետ թիվ նշել, սակայն իր դիտարկմամբ՝ այն տատանվում է 20-ից 30 տոկոսի մեջ, բայց համեմատեց անշարժ գույքի այս և նախորդ տարվա գները․ «Օրինակ՝ մոտավորապես 50 հազար դոլար արժողության բնակարանի մեջ, եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա գնաճը մոտավորապես կազմում է 10 հազար դոլար, այսինքն՝ մոտ 5-ից 10 տոկոս գնաճ կա։ Չէի ասի, որ վարձակալությունը էական գնաճ է գրանցել , քանի որ այն սեզոնային բնույթ ունի․ ամռանը զգալի աճում է գինը, այնպես չէ, որ միայն այս տարի է այդպես, ամբողջ աշխարհում այդպես է, սբոսաշրջային սեզոն է»։ Հարցրինք, թե գնաճը տարածվում է նաև ծայրամասերի վրա, թե՞ հիմնականում կենտրոնի բնակարաններն են թանկացել․



«Կենտրոնի բնակարանների գներն է աճել, ուղղակի մեր շատ սփյուռքահայեր, և, ինչու չէ, բիզնեսմեններ կան, որ գալիս են գնելու նպատակով, հող են գնում նաև ծայրամասերում, այդպիսի վաճառքներ նույնպես ունենք, այդ տարբերակների մասով էլ գնաճ կա։ Բայց եթե զուտ բնակարանները նայենք, բնականաբար, առաջին տեղում կենտրոնն է, գնաճը ամենաշատը կենտրոնի վրա է ազդել»։ Անի Գալստյանին, որպես ոլորտի մասնագետ, խնդրեցինք կանխատեսումներ անել մոտակա 3-4 ամիսների կտրվածքով, նա նշեց, որ անշարժ գույքի գները տատանումները մեծապես կախված են երկրում քաղաքական և տնտեսական վիճակից․ «Այս պահին մենք նկատում ենք գնաճի կանգնեցում, որոշակի էյֆորիա կար մեր հայերի մեջ, գները աճեցին։ Այդ էյֆորիան հիմա չկա, ճիշտ է՝ նվազում էլ չկա, սակայն թե ապագայում ինչպես կլինի, ըստ մեզ, դա կախված է առաջինը՝ քաղաքական վիճակից, իսկ երկրորդը՝ տնտեսական, այսինքն՝ մեր ներկայիս իշխանությունը պետք է նաև հիմք ստեղծի, որ մարդիկ գան, որ աճը շարունակվի, իհարկե, դա մյուս տարիների համար։ Այս մի քանի ամիսների ընթացքում, եթե հատուկ ինչ-որ կոլապսներ չլինեն, կարծում եմ՝ գները կմնան, որոշակի կայունություն կլինի, աճի տեմպերը կդանդաղեն, եթե այսպես շարունակվի, գների առումով էական տատանումներ չեն լինի։ Անշարժ գույքը իրականում ամենազգայուն ոլորտներից է․ տնտեսությունը աճո՞ւմ է, անշարժ գույքի գները միանգամից աճում են, և հակառակը։ Ապրիլյան պատերազմի այդ 4-5 օրերի ընթացքում, երբ կրակոցներ եղան, անշարժ գույքի ամբողջ շուկան կանգնեց։ Թե՛ քաղաքական, և՛ թե տնտեսական վիճակը շատ ուղղակի ազդում են, շուկան շատ զգայուն է, այդ պատճառով միանգամից արձագանքում է, մյուս ոլորտներում ավելի ուշ ենք մենք տեսնում»։



Մեկ այլ բրոքեր էլ մեզ հետ զրույցում ասաց․



«Իբր մի լավ օրի էինք, օգոստոսի 17-ի միտինգում, Նիկոլ Փաշինյանը մեր գործի վրա մեծ սեւ խաչ քաշեց՝ հայտարարեց, որ անշարժ գույքի գներն աճել են եւ մեր բոլոր հաճախորդները, որոնք բնակարաններ կամ հող էին վաճառում, լսելով անմիջապես բարձրացրեցին գները՝ մոտ 20 տոկոսով։ Ստացվեց՝ իրոք, տների գները բարձրացել են, բայց առք ու վաճառք չի կատարվում։ Իսկ գնորդները չեն ավելացել։ Ավելին՝ վերջին ամիսներին ոչ մի գործարք չեմ արել եւ հիմա պատրաստվում եմ երկրից գնալ։ Այսինքն՝ վաճառողների ախորժակը մեծացել է, իսկ գնորդների հնարավորությունները չեն մեծացել։ 10-20 հազար դոլարը 10-20 հազար դրամ չի, որ մարդը վարկի տակ մտնի, կամ՝ մի տեղից ճարի ավելացնի իր նախատեսած գումարին։ Էնպես որ ամեն հայտարարությունից առաջ պետք է լավ մտածել, թե դա ոնց է ազդելու շուկայի ու մարդկանց վրա»։