Իշխանությունը գերնպատակ չէ

Իշխանությունը գերնպատակ չէ
Իրականում լուրջ քաղաքական փակուղի է ստեղծվել երկրում։ Մի կողմից, իհարկե, միանգամայն իրավացի են նրանք, ովքեր պնդում են, որ խորհրդարանում առկա իրավիճակը չի արտահայտում երկրում տիրող ուժերի հարաբերակցությունը, եւ այս խառնաշփոթին, երբ ոչ ոք չգիտի, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, պետք է վերջ տալ։ Իսկ դա նշանակում է, որ հարկավոր է կազմակերպել արտահերթ ընտրություններ։



Սակայն երբ երկրում հեղափոխական իրավիճակ է, երբ բոլշեւիզմի հոտ է փչում ամեն ինչից, երբ մարդկանց կրքերը շիկացած են, զգացմունքները՝ սրված, զգացողությունները՝ բթացած, ընտրություններ կազմակերպելը սխալ է։ Այսինքն՝ այսօր եւ ընդամենը մի քանի ամիս անց կազմակերպվող ընտրությունները կարող են բոլորովին այլ պատկեր գծագրել, եւ այն ժամանակ էլ հասարակության մյուս շերտերը կարող են պնդել, որ ընտրովի մարմիններում առաջացած ուժերի հարաբերակցությունն իրականությունից հեռու է՝ հարկավոր է նոր ընտրություններ կազմակերպել։



Հասկանալի է, որ երիտասարդ իշխանավորները շտապում են ամրագրել իրենց ապրիլ-մայիսյան հաղթանակը, որը հունվար-փետրվարին կարող է այդքան փայլուն եւ միանշանակ չլինել, բայց դա կարող է մեզ զրկել նորմալ ընդդիմություն ունենալու, քաղաքական լիարժեք դաշտ ձեւավորելու, հակակշիռների ու իրավական հստակ մեխանիզմներ գործի դնելու հնարավորությունից, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ մեր պետության հետագա ճակատագրի վրա։ Ինչպե՞ս լուծել այս փակուղին՝ դժվար է ասել։ Մի բան հստակ է, որ այս հարցի լուծման ընթացքում շանտաժ եւ սպառնալիքներ, բռնություն եւ շտապողականություն դրսեւորել չի կարելի։ Դա մի բանի մասին կվկայի՝ որ փոխվել են մարդիկ, բայց իշխանության ձգտումը մնացել է նույնը՝ ամեն գնով եւ ոչ մի բանի առաջ կանգ չառնելով։