ՀՀԿ-ն պետք է հեռանա

ՀՀԿ-ն պետք է հեռանա
Հայկական էթնոսի ֆենոմենը դեռ, կարծում եմ, կուսումնասիրվի պատմաբանների, հասարակագետների ու հոգեբանների կողմից։ Քաղաքագետները պետք է հասկանան, թե ինչպես կարող է մի հասարակություն 20 տարի լռել ու ստրուկի նման հանդուրժել բոլոր հալածանքներն ու դժվարությունները՝ ամեն ինչ անելով, որ հալածողների իշխանությունը երկարի, իսկ մի օր, համարելով, որ հրաշքով ազատագրվել է շղթաներից, սկսի փշրել ու ոչնչացնել ամեն ինչ, ատել ու նզովել նրանց, ում՝ սիրով ու համբերատարությամբ դիմանում էր 20 եւ ավելի տարի։ Պետք է վերլուծվի, թե այդ ինչպես էին կարողացել մի խումբ մարդիկ, որոնք արտաքուստ ոչնչով չէին տարբերվում մյուսներից, նման վախ ներշնչել հանրությանը, նման բռնություն գործադրել եւ դրանով այդքան մերժելի դառնալ նրա համար, բայց նա 20 եւ ավելի տարի այդ մերժումը որեւէ կերպ չդրսեւորեր, անգամ քվեախցիկում մենակ մնալով՝ ձեռքը չգնար ջնջելու այդ ուժին։



Եվ այդ ի՞նչ ատելություն է, որն այնքան հզոր է, որ շարունակում է ուղղորդել մարդկանց, ստիպել, որ գերզգուշություն դրսեւորեն, ամեն օր վախենան, որ նրանք հետ կգան։ Եվ հեռացածների վերադարձից այնպես սարսափի, որ անգամ Երեւանի ընտրություններին քվեարկի ոչ թե մասնակից ուժերին կողմ, այլ Հանրապետականին՝ դեմ։ Ըստ էության, ընտրողը սեպտեմբերի 23-ին քվեարկել է այն ուժի օգտին, որը վստահաբար եւ 100 տոկոսով կապված չէ ՀՀԿ-ի հետ։ Մյուս բոլոր ուժերի հետեւում նա ՀՀԿ-ի ականջներն էր տեսնում եւ «Քաղպայմանագիրն» էլ այդ կասկածները խորացնում էր, ուստի ընտրողը որոշեց քվեարկել ՀՀԿ-ի վերջնականապես եւ հավերժ հեռացման օգտին։



Այս ընտրություններից միայն մի հետեւություն պետք է արվի, եւ այդ հետեւությունը պետք է անի ՀՀԿ-ն՝ ինքնալուծարվելով եւ հայտարարելով քաղաքական ասպարեզից հեռացման մասին։