«Հրապարակ». Արմեն Սարգսյանը կներկայացնի ՍԴ անդամի թեկնածուին

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը կներկայացնի ՍԴ անդամի թեկնածուին
Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը Նյու Յորքում «Տարվա պետական պաշտոնյա» տիտղոսը ստանալուց եւ Հայաստան վերադարձից անմիջապես հետո (հոկտեմբերի 3-ին) ԱԺ կներկայացնի ՍԴ անդամի թեկնածուին։



Ըստ ամենայնի՝ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին․ 5 թեկնածուներից նա է անցել մրցույթով։ Մյուս 5-ի մեջ էին ԵՊՀ ամբիոնի վարիչներից մեկը՝ Գագիկ Ղազինյանի հովանավորյալը եւ տարիներ առաջ Արդարադատության խորհրդի քարտուղար Իշխան Նազարյանը։ Հիշեցնենք՝ վերջերս Վահե Գրիգորյանի անունը հիշատակվում էր ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման ընթացքում․ նա՝ որպես Մարտի 1-ի տուժողների ներկայացուցիչ, սերտ համագործակցել է ՀՔԾ-ի հետ։



Գրիգորյանը եղել է նաեւ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը ՍԴ-ում՝ 2008-ին, իսկ 2003-ին փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ պաշտպանել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շահերը ՍԴ-ում։ 2006-ին Բուզանդի փողոցի վտարվածների գործերով զբաղվելուց հետո նրան քրեական մեղադրանք է առաջադրվել, կալանավորվել է եւ մոտ 6 ամիս անց ազատ արձակվել։ Հնարավո՞ր է ՀՀԿ-ն խոչընդոտի նրա ընտրությանը։ «ՀՀԿ-ն կկայացնի քաղաքական որոշում՝ կախված մի շարք հանգամանքներից»,- ասացին մեզ։ Ի դեպ, օրենքների եւ Սահմանադրության անհամապատասխանության հարցով նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը ՍԴ-ում կքննվի նոյեմբերի 6-ին: