Նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հոգանոց կազմն անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը

Նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հոգանոց կազմն անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը
Նոր ձևավորվող Հանրային խորհրդի` կառավարության կողմից նշանակված 15 հոգանոց կազմը ս.թ. սեպտեմբերի 25-ին անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը։ Աշխատանքային քննարկման ընթացքում գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի նոր անդամներին հակիրճ ներկայացրել է կառույցի դերն ու նպատակները, միջազգային կապերն ու համագործակցության փորձը, աշխարհում նմանատիպ կառույցների գործունեությունը։



Այնուհետև քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և ՀԽ վերջնական 45 հոգանոց կազմի հաստատման ընթացակարգը, որը ըստ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի` կտևի շուրջ 2 ամիս: Քննարկման ընթացքում 15 հոգուց կազմվել են նաև աշխատանքային խմբեր, որոնք պետք է համակարգեն հանձնաժողովների ձևավորման գործընթացը: Մասնակիցները եկել են համաձայնության, որ կազմակերպչական գործընթացը կհամակարգի Վազգեն Մանուկյանը:



Հանրային խորհրդի ձևավորման հաջորդ փուլը կսկսվի հայտարարությամբ` ուղղված հասարակության լայն շերտերին` ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների կազմում: Հայտարարության մեջ կներկայացվի հաձնաժողովների ցանկը, հանձնաժողովներում ընդգրկվելու կարգը, պայմաններն ու չափորոշիչները: Հայտարարությունը (որի տեքստը աշխատանքային հանդիպման ընթացքում նույնպես քննարկվել է) կհրապարակվի Հանրային խորհրդի վերաբերյալ ՀՀ կառավարության ս.թ. սեպտեմբերի 6-ի որոշումը պաշտոնապես հրապարակելուց անմիջապես հետո: