ԵՊՀ ՈւԽ-«Ռեստարտ» հակասությունն ու ռեկտորատի լռությունը

ԵՊՀ ՈւԽ-«Ռեստարտ» հակասությունն ու ռեկտորատի լռությունը
Երեւանի պետական համալսարանում ուսանողական կրքերը շարունակում են բորբոքվել․ հեղափոխությանն ակտիվ մասնակցությունից հետո այստեղ փորձեր արվեցին ռեկտոր Արամ Սիմոնյանի հարցերը լուծել՝ կարծես չհաջողեցին, հիմա անցել են ուսանողական մարմինների խնդիրներին։



Երկար տարիներ համալսարանում Հանրապետական կուսակցության շահերը ներկայացնող ուսանողական խորհուրդն ու հեղափոխության շնչով առաջնորդվող «Ռեստարտ» նախաձեռնությունը խորը հակասությունների ու պայքարի մեջ են։ Ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում ԵՊՀ ուսանողության շահերն ու իրավունքները ներկայացնող «ներկայացուցչական, ինքնակառավարման բարձրագույն ընտրովի մարմնին»՝ ՈՒԽ-ին, փաստացի ընդդիմություն է գոյացել՝ հանձին «Ռեստարտի»։ Առաջացած իրավիճակի դրդմամբ՝ մայր բուհի ակտիվ ուսանողության մեծ մասն ուղղակիորեն ներքաշվել է այս հակասության մեջ․ որոշները պաշտպանում են «Ռեստարտին», մյուսները՝ ՈւԽ-ին, մի մասն էլ հանդես է գալիս համերաշխության դիրքերից՝ կոչ անելով կողմերին՝ չբաժանել ուսանողությանը բեւեռների։ Սեպտեմբերի 19-ին համացանցում՝ ՈւԽ նախագահության փակ խմբում, տարածվել էր ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի գրառումը, որտեղ նա մտահոգություն էր հայտնում ԵՊՀ-ում «տեխնածին տարրերի ակտիվացման» կապակցությամբ, որոնք, ըստ իրեն, պատրաստվում էին խոչընդոտել ԵՊՀ ՈՒԽ համագումար նիստը։ Նիստը, սակայն, կայացավ, իսկ տարածված սուր գրառումը ոչ պակաս սուր մեկնաբանություններով տարածվեց համացանցում։



Ակնհայտ է, որ նախքան հեղափոխությունը ԵՊՀ ՈւԽ-ի դիրքորոշումը «Ռեստարտի» նկատմամբ հարձակվողական-քննադատական էր՝ կապված քաղաքական օրակարգ թելադրող ուժի դիրքորոշման հետ։ Այսօր՝ նոր իշխանության պայմաններում, ՈւԽ-ն կարծես թե շարժվում է պարտվածի հոգեբանությամբ՝ ստեղծված իրավիճակը փորձելով ամբողջովին բարդել դիմացինի վրա՝ ամենեւին չտեսնելով սեփական սխալներն ու խնդրի առաջացման խորքային պատճառները, իսկ ռեկտոր Արամ Սիմոնյանն ուսանողության մեջ անառողջ մթնոլորտի առկայության ու խորացման մասին «համեստաբար» լռում է։ Այսպիսի իրավիճակներում ռեկտորատի լռությունը դարձել է օրինաչափ։ Ռեկտորատը միշտ լռում է, երբ կա իշխանությունից սպասվող վտանգ կամ շահերի անհամապատասխանություն։ Միայն երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Արամ Սիմոնյանը, անդրադառնալով «Ռեստարտին», նշել է, որ լավ է վերաբերվում եւ պատրաստ է համագործակցել նախաձեռնության հետ։ Այսքանը։



Իսկ բարիկադների տարբեր կողմերում հայտնված համալսարանական ուժերը, որոնց առաջացրած լարվածությունն ուսանողության մեջ ծնում է եւ կարող է առավել թեժացնել թշնամությունը, դեռեւս չեն ցանկանում ընդհանուր հայտարարի գալ։ Ստեղծված իրավիճակն անհապաղ շտկելու եւ ողջամտության սահմաններում արդարացի ու արդյունավետ լուծումներ գտնելու կոչ-նախաձեռնությամբ պետք է հանդես գա ԵՊՀ ռեկտորատը՝ օր առաջ ուսանողության մեջ աստիճանաբար խորացող հակասությունները վերացնելու համար։



**Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ**