Արմավիրի քաղաքապետի թեկնածուների պակաս չկա

Արմավիրի քաղաքապետի թեկնածուների պակաս չկա
Հոկտեմբերի 21-ին Արմավիրը քաղաքապետ կընտրի: Արտահերթ ընտրություններին թեկնածուների պակաս չի լինի: Շուրջ 10 պոտենցիալ ղեկավարներ արդեն լուռ պայքար են սկսել, չնայած քարոզարշավը դեռ չի սկսվել:



Որպես ֆավորիտներ՝ շրջանառվում են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «ՔՊ» անդամ Դավիթ Խուդաթյանի եւ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանի անունները: Աղաբաբյանին թեեւ արմավիրցիները համակրում են, բայց համայնքի ղեկավարի պաշտոնում թերեւս կուզենան տեսնել իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամին: Արմավիրցիները վստահ են, որ հիմնական պայքարն այս երկուսի միջեւ է լինելու:



Պակաս շանսեր չունի նաեւ գործարար Սեւակ Մինասյանը: Քաղաքապետի նախորդ ընտրությանը Մինասյանը ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանի հիմնական մրցակիցն էր: Վստահ լինելով, որ հաղթել է ինքը, բայց ՀՀԿ-ն քաղաքապետի մանդատը Խլղաթյանին է հանձնել, Սեւակ Մինասյանն ընտրությունից հետո «դեբոշ» էր սարքել եւ 72 ժամ անցկացրել ոստիկանական բաժանմունքում: Նախորդ իշխանությունների օրոք Ս․ Մինասյանը մատչելի գնով ձեռք է բերել Արմավիրի հյուրանոցը, որը հիմա վերակառուցում է: Քաղաքապետ դառնալու հայտ կներկայացնի նաեւ Արմավիրի ավագանու անդամ, ըմբշամարտիկ Առնակ Ումրշատյանը: Մինչեւ հեղափոխությունը Ումրշատյանը ՀՀԿ անդամ էր: Հիմա՝ հայտնի չէ: Ավագանու մեկ այլ անդամ՝ Օհան անունով, որի ազգանունը չհաջողվեց ճշտել, եւս կառաջադրվի: Էներգետիկ համակարգում աշխատող Օհանը, ասում են՝ ընտրողների կոնկրետ զանգված ունի:



Մարզպետարանի կրթության վարչության մասնագետ Արտակ Առաքելյանը եւս քաղաքապետ դառնալ է ուզում: Արմավիրցիները տարակուսանքով են վերաբերվում նրա հնարավոր առաջադրմանը:



Քաղաքապետի մանդատի համար կպայքարի նաեւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղի աշխատակից Արմեն Հակոբյանը: Նրան քաղաքում ճանաչում են որպես վատ լուրերը շուտ տեղ հասցնող: Արմեն Հակոբյանն առակագիր Բագրեւանցու թոռն է:



Քաղաքապետի հնարավոր թեկնածուներ կլինեն նաեւ ուժային կառույցներից: Շրջանառվում են ԱԱԾ աշխատակից Գոռ Վարդանյանի, ոստիկանության մայոր, հետաքննիչ ոմն Հրանտի անունները:



**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**