Արամ Սարգսյանն ընդամենը սպարապետի եղբայրն է, ինքն ի՞նչ կապ ունի ԵԿՄ-ի հետ

Արամ Սարգսյանն ընդամենը սպարապետի եղբայրն է, ինքն ի՞նչ կապ ունի ԵԿՄ-ի հետ
Ազատամարտիկների շրջանում կրկին խժդժություններ են ԵԿՄ նախագահի թեկնածության շուրջ։ Նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԵԿՄ վարչությունում ընտրությունը կարծես կանգ էր առել սպարապետի եղբոր՝ Արամ Սարգսյանի վրա, եւ սեպտեմբերի վերջին նախատեսվում էր արտահերթ համագումար, որի ժամանակ կընտրեին նաեւ ԵԿՄ նոր ղեկավար, սակայն, ինչպես երեւում է, շաբաթն ուրբաթից շուտ է եկել։



Նախօրեին մի խումբ ներկա եւ նախկին երկրապահներ ժողով են արել, որին հրավիրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակից, «ՔՊ» վարչության նախագահ Սասուն Միքայելյանին ու «պարտադրել» ստանձնել ԵԿՄ նախագահությունը։ Հավաքին մասնակից «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար **Ռուստամ Գասպարյանը** մեզ հետ զրույցում իրենց ընտրությունը հիմնավորեց այսպես․ «Եթե պետք է Արամ Սարգսյանը լինի, ապա ավելի ճիշտ է, որ Սասուն Միքայելյանը դառնա կառույցի ղեկավար։ Էդ կռված տղաների հիվանդանոցի հարցեր կան, հազար ու մի ծախս կա, Արամ Սարգսյանն ինչպե՞ս է լուծելու։ Ինքը համաձայնել է դառնալ ԵԿՄ նախագահ, որպեսզի կառույցն օգտագործի իր կուսակցությունը պահելուն, իսկ Սասուն Միքայելյանը դա չի անի»։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սասուն Միքայելյանի թեկնածությունն ասպարեզ է բերվել իշխանությունների նախաձեռնությամբ, քանի որ արդեն հայտնի է, որ Արամ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճանապարհները նույնը չեն։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո կայացած բազմաթիվ քննարկումներից հետո ԵԿՄ-ից պաշտոնապես հայտարարեցին, որ վարչության փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը եւ Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրել են ԵԿՄ անդամ Արամ Զավենիչի թեկնածությունը: Մինչդեռ ԵԿՄ-ից հեռացած ազատամարտիկներից շատերը, մասնավորապես՝ Ազատամարտիկների դաշինքի անդամները, առաջարկում էին կառույցը կոլեգիալ կառավարման հանձնել, որպեսզի խուսափեն անցյալի սխալներից, եւ ԵԿՄ-ն չշարունակի դառնալ օրվա իշխանությունների սպասարկուն։ Ինքը՝ Արամ Սարգսյանը, հուլիսի 5-ին հրավիրված նիստի ժամանակ ընդունել էր առաջարկը՝ ասելով, որ իր համար մեծ պատիվ է այս պաշտոնում առաջադրվելը:



«Ես իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը՝ պաշտպանելով Արցախը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ, ունենալով ձեր մեջ փառավոր մարտական ուղի անցած տղաներ, նախընտրում եք ինձ»,- ասել էր նա: Ռուստամ Գասպարյանը, ով Ազատամարտիկների դաշինքի իր մարտական ընկերների հետ ամիսներ առաջ կողմ էր կոլեգիալ կառավարմանը, ասում է, որ իրենց որեւէ մեկը չի պարտադրել Միքայելյանի թեկնածությունը, այլ «Երկրապահի» համար մտահոգ ազատամարտիկներն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով են կանգնել այդ ընտրության վրա։ Ի դեպ, օրեր առաջ տեղի ունեցած հավաքին մասնակցել են նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, պաշտպանության նախկին նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը, Կոմանդոսը, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարը, ԵԿՄ տարածքային որոշ կառույցների ներկայացուցիչներ, այլ ազատամարտիկներ։



«Մենք հասկացանք, որ ազատամարտիկներին միավորելու միակ ճանապարհը սա է լինելու։ Այսօր մեր ընկերները ԵԿՄ-ից դուրս են եկել Մանվելի ժամանակներով ու տարբեր կառույցներ ստեղծել, ով իր գլխի ճարն է տեսնում, զոհված ընտանիքների։ Իսկ եթե համախմբված լինեն, ամեն ինչ կոորդինացված կլինի, մանավանդ, որ Ադրբեջանի գործողություններին եթե այսօր նայում ենք, ապա մի տեղից կոորդինացում է պահանջվում։ Եթե պիտի Արամը լինի, Սասունի կողքն էսօր ավելի շատ ազատամարտիկ ընկեր կհավաքվի, ինքը պատերազմի ճանապարհ անցած է, մեր մարտական ընկերը»,- ասաց Ռուստամ Գասպարյանը։ Դիտարկմանը, որ Արամ Սարգսյանն էլ սպարապետի եղբայրն է, պատասխանեց․ «Այո, բայց ես ուզում եմ հասկանալ՝ Արամ Սարգսյանն ի՞նչ միջոցներով, ինչո՞վ է կարալու աջակցի, պահի, էս կռված տղաների հազար ու մի սոցիալական խնդիր կա։ Արամը, ոնց նայում ենք, իրա կուսակցության շահերը պահելու-պաշտպանելու համար համաձայնեց ԵԿՄ նախագահ լինել, որ կառույցն օգտագործի իր քաղաքական շահերի համար, բայց հազար ու մի հարց կա, եթե ինքը չի կարող ոչ մի հարց լուծի, ապա կառույցն է իրեն պետք»։ Իսկ Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ն չի՞ դարձնի իշխանության սպասարկուն։ «Ոչ, «Երկրապահ»-ում տարբեր կուսակցականներ կան, իսկ Ս․ Միքայելյանը նման բան չի անի»։ Դիտարկմանը, որ ԵԿՄ-ի ֆինանսական հարցերը լուծվում են պետության կողմից, իսկ ԵԿՄ ղեկավարներն ընդամենը միջնորդություն են ստանձնում, եթե Սասուն Միքայելյանն իշխանության ներկայացուցիչ չլիներ, չէիք համախմբվի նրա շուրջ, Գասպարյանն արձագանքեց․ «Երբ Սասուն Միքայելյանը դեռ ընդդիմություն էր, այն ժամանակ էլ շատ տղաներ իր շուրջը համախմբվել են, երբ Մանվելից դժգոհ դուրս էին գալիս ԵԿՄ-ից, բայց ինքը հրաժարվում էր։ Մենք կարծում ենք, որ Սասունը մաքուր տղա է, կռվի դաշտում եղել ա, վառոդի հոտը շնչել ա, ինքը կռված տղաների հետ հարաբերություններ պահել գիտի։ Իսկ Արամն ընդամենը սպարապետի եղբայրն է, եւ հենց այդքանով է, որ նրան… բայց ինքն ի՞նչ կապ ունի «Երկրապահի» հետ»։ Գասպարյանը տեղեկացրեց, որ մտադիր են առաջիկա օրերին ավելի ընդլայնված հավաք անել ու հրավիրել նաեւ Ա․ Սարգսյանին, նրան ընդունել ԵԿՄ նոր ձեւավորվելիք վարչության կազմում ու հնարավորություն տալ իրագործելու իր ծրագրերը․ «Բայց պետք է բոլորս գանք այն համաձայնության, որ Սասունը կարող է միայն համախմբող դառնալ»։ Մարտական ընկերների առաջարկին Միքայելյանը խոստացել է պատասխանել մի քանի օրից, սակայն, Գասպարյանի խոսքով, իրենք պարտադրելու են, որ ստանձնի ԵԿՄ ղեկավարի պաշտոնը․ «Ստիպված կլինի համաձայնի, քանի որ այլ ելք չունի, իր մարտական ընկերներն են խնդրում»։



Ուշագրավ է, որ ԵԿՄ փոխնախագահ **Արա Կետիկյանը** մեզ վստահեցրեց, որ իրենք չեն մտքափոխվել եւ չեն մտքափոխվի՝ առաջադրելու են Արամ Սարգսյանի թեկնածությունը ու կասկած չունեն, որ հենց նա կընտրվի նախագահ։ Նա երկար զրուցել չկարողացավ՝ խորհրդակցության էր։



Ազատամարտիկների դաշինքի անդամ **Ռազմիկ Պետրոսյանը** պնդեց՝ իրենց դաշինքը մնում է նախկին կարծիքին՝ ԵԿՄ-ին պետք չէ մեկ նախագահ, պետք է աշխատի համանախագահների սկզբունքը. «Ոչ թե անձերն են խնդիրը, այլ՝ մոդելը»։ Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ում նախաձեռնությամբ է Միքայելյանի թեկնածությունը դրվել շրջանառության մեջ։ «Որովհետեւ ինքը վարչապետի թիմից է, այսօրվա իշխանություն եւ շատ-շատ անելիքներ ունի։ Իսկ մի քանի թեկնածուների առաջադրմամբ, վստահ եմ, դաշտն ավելի տրոհման են տանելու»,- կարծում է Ռազմիկ Պետրոսյանը։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**