Վարչապետի տիկնոջ հորդորին դեռ արձագանքող չկա

Վարչապետի տիկնոջ հորդորին դեռ արձագանքող չկա
Մոտ տասն օր առաջ՝ սեպտեմբերի 15-ին, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում Բաղրամյան 26 հասցեում ընդունել էր ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողներին։ Այդ հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը, դիմելով ներկա եւ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց, մի կոչ-հորդորով էր հանդես եկել, որը հետո շատ քննարկվեց հասարակության շրջանում՝ տարակուսանքի տեղիք տալով։ «Ուզում եմ այսօր այստեղից կոչ անել Հայաստանի բոլոր նախկին թե ներկա պաշտոնյաների, բոլոր օլիգարխների կանանց, ովքեր մի փոքր իսկ կասկած ունեն, թե ինչ միջոցներով են ձեռք բերել իրենց ունեցվածքը: Կամ եթե մի փոքր անգամ կասկածում են այն արդար ճանապարհի վրա, որի շնորհիվ ձեռք են բերել այդ հարստությունը եւ թանկարժեք զարդերը, ուզում եմ նրանց կոչ անել, որ այդ զարդերը կամ ինչ-որ արժեքավոր այլ իրեր նվիրաբերեն տիկին Համեստի ֆոնդին եւ մեծ թափ հաղորդել այդ ֆոնդի աշխատանքներին։ Այդպիսով, նրանք կարող են մի փոքր ավելի հանգիստ գլուխը դնել բարձին»,- ասել էր նա: Խոսքն Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունով բացված հիմնադրամի մասին է։



Արդեն տասն օր է անցել վարչապետի տիկնոջ կոչից, բայց դեռեւս որեւէ նվիրատվություն չի կատարվել հիմնադրամին։ Դեռ ոչ մի պաշտոնյայի, օլիգարխի կին չի կասկածել իր եւ ամուսնու ունեցվածքի օրինականությանը եւ չի որոշել «ապօրինի ճանապարհով» ձեռք բերված զարդերը բերել հանձնել Ուրֆանյանի հիմնադրամին, որ գլուխը հանգիստ դնի բարձին։ Եվ տարօրինակ կլիներ, եթե պաշտոնյաների կանայք նման քայլի գնային, քանզի կստացվեր, որ այդպիսով ինքնախոստովանական ցուցմունք են տալիս իրենց եւ իրենց ամուսինների դեմ, որ իրենք ապօրինի ճանապարհով են հարստացել։ Բնական է՝ որ օրն այդ զարդերը հայտնվեին հիմնադրամում, հաջորդ օրն իրենց ամուսինները կհայտնվեին ճաղերի հետեւում՝ որպես ապօրինի հարստացածներ։



Նիկոլ Փաշինյանի կինը՝ **Աննա Հակոբյանը**, մեզ հետ զրույցում հարցին, թե իր կոչից հետո արձագանքներ եղե՞լ են, պատասխանեց․ «Ես չեմ տիրապետում ինֆորմացիայի»։ Իսկ ի՞նչ է կարծում՝ կարձագանքե՞ն։ Տիկին Հակոբյանը դարձյալ դժվարացավ հստակ բան ասել։ «Չգիտեմ, իրենք կորոշեն»։ Իսկ հնարավո՞ր է հակառակ էֆեկտն ունենա իր կոչը, օրինակ՝ մտադրություն ունենային օգնել հիմնադրամին, բայց նման կոչից հետո հետ կանգնեն այդ մտքից, որ չստացվի՝ «ապօրինի զարդեր» են նվիրաբերում, ուրեմն ապօրինի հարստացման հետ գործ ունենք։ «Չգիտեմ, Վահե ջան, կյանքը ցույց կտա։ Չեմ կարող ոչինչ կանխատեսել։ Կապրենք՝ կտեսնենք»,- ասաց վարչապետի կինը։ Ի դեպ, հետաքրքրվեցինք՝ վարչապետի կնոջ գլխավորած հիմնադրամին՝ «Իմ քայլ»-ին, արդեն կա՞ն նվիրատվություններ։ Ասաց, որ կան, բայց չցանկացավ մանրամասնել՝ խոստանալով հիմնադրամի գործունեության մասին հավելյալ հայտարարել։



Արմենակ Ուրֆանյանի հիմնադրամի ղեկավար, հերոսի մայր **Համեստ Ուրֆանյանն** էլ ասաց, որ, իր տեղեկությամբ՝ չկան նվիրատվություններ։ «Ինձ ասացին, հաշվեհամար ուզեցին, ես փոխանցել եմ, բայց դեռ նորություն չկա։ Ինձ էլ է հետաքրքիր, մոռացել էի էդ մասին»,- ասաց նա։ Տիկին Համեստի խոսքով՝ օլիգարխներից միայն Գագիկ Ծառուկյանն է մինչ օրս օգնել մի քանի զոհվածների ընտանիքներին, մյուսներից արձագանքներ չկան։ Բայց սա չի վերաբերում հիմնադրամին։



Իսկ ինչպե՞ս է գնահատում վարչապետի կնոջ կոչը, արդյոք դրանից հետո կցանկանա՞ն պաշտոնյաների կանայք նվիրաբերել իրենց զարդերը։ Տիկին Համեստն ասաց, որ չի կարծում, թե պաշտոնյաների կանանցից արձագանքողներ կլինեն․ «Հա, կարող ա իրենք մտածեն՝ բերեն նվիրաբերեն, կմտածեն էդ ձեւով… բայց կարան անանուն էլ փոխանցեն, եթե իրենք գլուխները դնեն բարձին, հանգիստ քնեն… բոլորս էլ գիտենք, թե պատերազմից առաջ ինչ էր կատարվում, ամեն մեկն իր գրպանի մասին էր մտածում, թե ոնց թալանեն երկիրը։ Մենք գիտեինք, որ թալանել են երկիրը, բայց էդ աստիճանի ոչ ոք չէր պատկերացնում»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**