Անպատվաբեր «դրամահավաքն» արգելող կոչը փոխարինել «սեփական երեխայի կրթության մեջ պատվաբեր ներդրում» կոչով

Անպատվաբեր «դրամահավաքն» արգելող կոչը փոխարինել «սեփական երեխայի կրթության մեջ պատվաբեր ներդրում» կոչով
Շատ ու շատ դպրոցներում թեմատիկ գրավորների անցկացման հետ կապված հասունանում է շատ լուրջ խնդիր՝ պայմանավորված դպրոցի նախահաշիվներում չնախատեսվող թղթի, պատճենահանող սարքերի և քարթրիջի հետ կապված ծախսերի հետ:



Մինչ այս այդ ծախսերը որոշ դպրոցներում հոգացել են ծնողական խորհուրդները, սակայն այսօր «դրամահավաք» երևույթը համատարած արգելվել է ու դպրոցները կանգնել են այս խնդրի առաջ: Այսօր այս մասին ահազանգել են մարզերից քիմիայի և կենսաբանության, աշխարհագրության, պատմության ուսուցչուհիներ, որոնց մտահոգությունն այն է, որ թեմատիկ գրավորների շրջանը շուտով սկսվելու է, իսկ իրենց դպրոցների նախահաշիվներում չունեն թղթի ու այլ ուսումնական ծախսերի համար նախատեսված գումար: Ըստ այդ ուսուցիչների, նախկինում տարեկան 500-ական դրամ էր հավաքում ծնողական խորհուրդն ու այն լիովին բավարարել է բոլոր առարկաների թեմատիկ գրավորներ անցկացնելու անհրաժեշտ ծախսերի համար: Հիմա ի՞նչ անեն այդ մանկավարժներն ու տնօրենները, եթե մի կողմից աշակերտ թվով ֆինանսավորման մեջ պետական միջոցներից այդ նպատակի համար գումար չի նախատեսվում, մյուս կողմից արգելվել է ծնողների կողմից ցանկացած նպատակի համար դրամահավաք:



Իմ կարծիքով, քանի դեռ պետությունը չի կարող ուսումնական անհրաժեշտ գործընթացի ծախսերի համար գումար նախատեսել, հնարավոր չէ ծնողներին կողմնակից չդարձնել դրան: Հետևաբար, կարծում եմ կրթության պետական լիազորված մարմինը պետք է հստակեցնի, թե ի՞նչն է համարում անպատվաբեր «դրամահավաք»: Ի վերջո, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և դպրոցի օրինակելի կանոնադրության 102-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն «ծնողական խորհուրդն օգնում է դպրոցին՝ սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում»: Եվ քանի որ ծնողների կողմից այդ օգնությունն այս պահին կարող է լինել իրենց երեխաների պարտադիր կրթության իրականացմանը գումարով նպաստելը, հետևաբար այս տրամաբանությամբ կարելի է անպատվաբեր «դրամահավաքն» արգելող կոչը փոխարինել «սեփական երեխայի կրթության մեջ պատվաբեր ներդրում» կոչով ու այս գործընթացը նախատեսվի և վերահսկվի դպրոցների կառավարման խորհուրդների կողմից :



**Անահիտ Բախշյան**