Ազգային ժողովը՝ որպես վերջին բաստիոն

Ազգային ժողովը՝ որպես վերջին բաստիոն
Կիրակի Երեւանում տեղի ունեցած ավագանու ընտրություններն արդեն կարելի է համարել պատմություն։ Տվյալները հայտնի են, հաղթողները տոնում են իրենց հաղթանակը, պարտվողները թերեւս հետեւություններ են անում։ Ավելի քան 80 տոկոսանոց հաղթանակը, իհարկե, տպավորիչ կարող է լինել, սակայն 40 տոկոսանոց մասնակցության պարագայում խնդրահարույց է, քանի որ ռեալ թվաբանությունն այլ բանի մասին է խոսում։ Ամեն պարագայում, ինչպես երեկ նկատել էր գերմանական DW-ն, այս ընտրությունները եղան մինչ պառլամենտական արտահերթ ընտրությունների ամենակարեւոր գործը, այսպես ասենք՝ վստահության ստուգատեսը։ Սակայն այդ վստահության ստուգատեսն անցավ ոչ թե ողջ ընտրազանգվածը, այլ ընդամենը, այսպես ասենք՝ քաղաքականապես ակտիվ ընտրողները։ Արդեն կարելի է միանշանակ ասել, որ գործող գործադիր իշխանությունը կկապիտալիզացնի այս հաղթանակը եւ կամրապնդի իր համոզմունքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար։ Ընդ որում, ինչպես երեկ ակնարկել էր ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ամենայն հավանականությամբ, այդ ընտրությունները տեղի կունենան այս տարվա վերջին։ Ավելի շատ ձգելը վտանգավոր է։



Ամեն դեպքում, կա չմասնակցածների 60 տոկոսանոց ընտրազանգվածը, որի ակտիվանալու դեպքում կարող է պատկերը փոխվել առհասարակ։ Այսինքն, եթե նայենք զուտ քաղաքական տեսանկյունից, վարչապետ Փաշինյանին ձեռնտու է հիմա նույնիսկ հասարակության ոչ մեծամասնության վրա հիմնված իշխանության ձեւավորումը կամ, այլ կերպ ասած՝ սեփական իշխանության պահպանումը։ Արտահերթ խորհրդարական ընտրություններին գնալու համար պետք է լուծարել ներկայիս Ազգային ժողովը, իսկ դրա միակ ուղին իր՝ վարչապետի հրաժարականն է եւ երկու շաբաթում երկու քվեարկությամբ նոր վարչապետի չընտրվելը։ Հենց սա ամենից բարդ թնջուկն է ու ամենից ինտրիգային մասը՝ ողջ այս պատմության մեջ։ Այ, դրան հասնելն ամենաբարդն է լինելու, քանի որ նախ այժմյան պայմաններում այլեւս չունի վստահություն, թե իր հրաժարականից հետո ինչ է լինելու։ Եվ ապա՝ վարչապետի աշխատասենյակից նորից ցուցարարության գնալը կարող է լրիվ այլ մեկնաբանություն ստանալ հատկապես արտաքին աշխարհում, եւ միտինգներով ճնշումը պառլամենտի վրա կամ վերջինիս երկշաբաթյա հնարավոր պարալիզացման հեռանկարը աշխարհը կարող է չհամարել ժողովրդի կամարտահայտություն, այլ գնահատել որպես երկրում սահմանադրական կարգի տապալում, իշխանության բռնազավթում եւ այլն։ Իսկ նման գնահատականներ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հնչելու դեպքում պարզ է, որ հեռու չէ նաեւ դիկտատորի պիտակը։ Ինչպես Միացյալ Նահանգների ներկայացուցիչները բացահայտ խոսում են, օրինակ, Բաշար ալ-Ասադի կամ Կիմ Չեն Ընի, կամ իրանական ռեժիմի գահընկեցության մասին, նույն հաջողությամբ կխոսեն նաեւ Նիկոլ Փաշինյանի գահընկեցության մասին, հատկապես որ աշխարհաքաղաքական «ադապտացիայի» հարցում Փաշինյանն արդեն նախընտրություն կատարել է Մոսկվայի նկատմամբ՝ խախտելով Հայաստանի աշխարհաքաղաքական ստատուս քվոն։ Ստացվում է, որ Ազգային ժողովը դառնում է վերջին բաստիոնը՝ բոլոր առումներով։ Առջեւում ԵԽԽՎ մոնիթորինգային խմբի այցն է Հայաստան, եւ այդ այցից ու դրանից հետո հրապարակվելիք զեկույցից շատ բան պարզ կլինի։



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**