Կորյուն Աթոյանն իր թիմով հանդերձ պետք է հրաժարական տա

Կորյուն Աթոյանն իր թիմով հանդերձ պետք է հրաժարական տա
ՀՊՏՀ-ում բարձրացվող խնդրին պատշաճ լուծման ելք չգտնելով եւ առայժմ դատական մարմիններին դիմելուց ձեռնպահ մնալով՝ ստիպված եմ հանդես գալ հրապարակավ: Գործող կարգի համաձայն՝ ս․թ․ օգոստոսի 30-ին դիմել եմ ՀՊՏՀ ռեկտոր պրն Կ. Աթոյանին՝ 1.0 դրույք ծանրաբեռնվածությամբ երկարաձգելու իմ աշխատանքային պայմանագիրը Տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում: Սակայն նույն ամբիոնի վարիչ Ֆ. Մայիլյանը մոտավորապես երկու շաբաթ անց տեղեկացնում է, որ ինձ տրամադրել է 0.75 դրույք ծանրաբեռնվածություն: Այդ մասին տեղյակ եմ պահել ՏԿ եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գ. Նազարյանին եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Պ. Քալանթարյանին, որ ամբիոնի վարիչը չի առաջնորդվել ՀՊՏՀ գիտխորհրդի 2018 թ. հունիսի 29-ի որոշման պահանջներով, ըստ որի՝ բոլոր չափանիշների պարագայում դոկտոր, պրոֆեսորի իմ կարգավիճակով ինձ պետք է տրամադրվեր 1.0 դրույք դասաժամ: Պրն Քալանթարյանն ինձ պատասխանեց, որ թեեւ կատարվել է գիտական խորհրդի պահանջների խախտում, սակայն ինքը չի կարող միջամտել, քանի որ Ֆ. Մայիլյանը ՀՊՏՀ ռեկտորի անունով զեկուցագրեր է ներկայացրել իմ մասին, ուստի հարցը տեղափոխվում է կադրերի բաժնի եւ իրավաբանական ծառայությունների վարչության քննարկման տիրույթ, հետեւաբար, ինքը՝ որպես պրոռեկտոր, պատասխանատվություն չի կրում:



Տեղյակ պահեմ, որ զեկուցագրերն ամբիոնի վարիչը ներկայացրել է ե՛ւ իր, ե՛ւ իմ արձակուրդում գտնվելու ժամանակ, ինչն Աշխատանքային օրենսդրության խախտում է: Տեղեկացնեմ նաեւ, որ այդ անօրինական զեկուցագրերը հանձնվել են ֆակուլտետի դեկանին՝ ֆակուլտետային գիտխորհրդում քննարկելու (մինչդեռ դա գիտխորհրդի քննարկման առարկա չէ), քանի որ այն ենթակա է ամբիոնի, ապա ռեկտորատի քննարկմանը: Բացի այդ, զեկուցագրում նշված եւ ոչ մի փաստ չի համապատասխանում իրականությանը, ինչն ակնհայտ է դարձել ֆակուլտետի գիտխորհրդում (դրա վկայությունն է նաեւ որեւէ որոշում ինձ չտրամադրելու փաստը): Հետեւապես, պրն Քալանթարյանի պնդումը, թե ինքը պատասխանատվություն չի կրում ամբիոնի վարիչի կոպիտ խախտումների համար, մեղմ ասած, տարօրինակ է: Ստացվում է, որ սեպտեմբերի 3-ից առայսօր ինձ տրամադրված դասաժամերը ես պարապում եմ առանց աշխատանքային պայմանագրի (ստացվում է, որ անօրինական եմ աշխատում՝ ՀՀ Աշխօր․ 102 հոդված):



Ես բուհի ղեկավարությունից ակնկալում եմ պատասխան, թե ինչպես է, որ «այդքան խախտումներ կատարած» պրոֆեսորն իրավունք չունի պարապելու 1.0 դրույք, բայց իրավունք ունի պարապելու 0.75 դրույք` լրացված 5 տարբեր առարկաների դասաժամերով, առանց աշխատանքային պայմանագրի ու հրամանագրման:



Կադրերի բաժնի վարիչ Գ. Սարգսյանն ինձ հայտնեց, որ դիմել է իրավաբանական ծառայությունների վարչության պետ Գ. Տոռոզյանին՝ իմ բարձրացրած հարցին վերջնական լուծում տալու նպատակով: Գ. Տոռոզյանն ինձ հայտնում է, որ զրուցել է Ֆ. Մայիլյանի հետ, եւ նա պնդում է, որ ինքը խախտում չի կատարել:



Հարկ ենք համարում նշել, որ այս հաշվեհարդարի գործընթացը սկսվեց այն ժամանակ, երբ իմ դիմումի համաձայն ես դուրս եկա ՀՊՏՀ-ում գործող թիվ 014 մասնագիտական խորհրդից՝ այն պատճառաբանությամբ, որ պաշտպանվող դիսերտացիաների նկատմամբ գիտական անհրաժեշտ մակարդակի ապահովման պահանջ դրվում էր անձնական շահադիտական նկատառումներից ելնելով, եւ առկա էին կոռուպցիոն ռիսկեր: Մասնագիտական խորհրդում տոն տվող անձինք եւ նրանց պարագլուխը, ինչպես նաեւ օրվա իշխանության որոշ շրջանակներ, պրն Աթոյանը եւ նրա թիմի անդամները սկսեցին ղեկավար պաշտոններից, բոլոր մակարդակի խորհուրդներից եւ հանձնաժողովներից իրենց համար ոչ ցանկալի մարդկանցից ազատվելու գործընթացը:



Դրա տրամաբանական շարունակությունն էր նշված մարդկանց կողմից ՀՀ կառավարության որոշման նախագծում ներառված տնտեսագիտության մասնագիտությունների ցանկից տնտեսագիտության առանցքային մասնագիտության՝ Տնտեսագիտության տեսության (Economics) դուրս թողնելը: Մի խումբ տնտ. գիտ․ դոկտորներով, հիմնականում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի աշխատակիցներ, դիմեցինք ՀՀ Ազգային ժողովի ԿԳ մշտական հանձնաժողով՝ այդ կազմակերպված դավադրությունը կանխելու համար: Այնուամենայնիվ, օրվա իշխանությունները, տեսնելով ստեղծված իրավիճակի՝ իրենց համար ոչ ցանկալի զարգացումների վտանգը, ընդունեցին մեր տեսակետը: Դրան անմիջապես հետեւեց նույն խմբի կողմից մշակված «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնից ինձ ազատելու ծրագրի իրագործումը: Խորամանկաբար ինձնից կորզեցին հանդեսի գլխավոր պաշտոնից ազատվելու դիմում, եւ գլխավոր խմբագիր դարձավ ռեկտոր Աթոյանը: Ինձնից ազատվելու հիմնական պատճառներից էր նաեւ այն, որ ես հրաժարվում էի տպագրել ԲՈԿ-ի պահանջներին չհամապատասխանող հոդվածներ, որոնց հեղինակները պետք է պաշտպանեին նույն մասնագիտական խորհրդում: Այսինքն՝ կոռուպցիոն շղթան պետք է փակվեր եւ ամբողջանար:



Այս համատեքստում կամայականության դասական օրինակ է կանոնակարգերի խախտումով Ը. 00.01 թվանիշով «Ընդհանուր տնտեսագիտություն» մասնագիտությամբ խորհրդի ձեւավորումը: Մի քանի անգամ խնդրել եմ պրն Աթոյանին, որ չստորագրի եւ չներկայացնի ԲՈԿ դրա հետ կապված փաստաթղթերը, քանի որ ինքը կարող է պատասխանատվության ենթարկվել: Այդ հարցը բարձրացրել եմ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստերից մեկում, սակայն պատասխան չեմ ստացել: Ստիպված՝ այդ անօրինական խորհրդի լուծարման խնդրանքով մեկ անգամ դիմել եմ ՀՀ ԿԳ նախկին նախարար Լ. Մկրտչյանին եւ երեք անգամ ՀՀ նախկին վարչապետ Կ․ Կարապետյանին, սակայն ստացել եմ ոչնչով չհիմնավորված, մերկապարանոց հայտարարություններով պատասխաններ: Կանոնակարգի կոպիտ խախտումներով ձեւավորված մի շարք մասնագիտական խորհուրդների մասին վերջերս հեռուստատեսությամբ բարձրաձայնել է նաեւ ՀՀ ԲՈԿ նորանշանակ նախագահ պրն Ս. Գոգյանը:



Բնականաբար, վերոհիշյալ հարցերի բարձրաձայնումների պատճառով պրն Աթոյանը եւ իր թիմն ինձ չէին կարող ներել, եւ ամբիոնի վարիչի իմ պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակվեց տնտ. գիտ. թեկնածու, դոցենտ Ֆ. Մայիլյանը: Այդ ընթացքում քննարկման է դրվում Ֆ. Մայիլյանի դոկտորական ատենախոսությունը, որի կապակցությամբ ես՝ որպես նույն ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր, ներկայացրել էի իմ գրավոր կարծիքը: Ամբիոնի նիստը, որտեղ քննարկվել է ատենախոսությունը, վարել է ՀՊՏՀ գիտության եւ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գ. Վարդանյանը: Նա միտումով չի հնչեցրել իմ գրավոր կարծիքը: Թեպետ ես ամբիոնի այդ նիստին չեմ մասնակցել, բայց դա որեւէ նշանակություն չունի, ամբիոնի նիստը վարողը, ըստ գործող կանոնակարգի, պարտավոր էր հրապարակել աշխատանքի վերաբերյալ ցանկացած կարծիք: Ես այդ մասին տեղյակ եմ պահել պրն Աթոյանին, որ տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտում, եւ առաջարկել, որպեսզի կազմակերպվի նոր քննարկում: Սակայն դա եւս անտեսվել է:



Նորանշանակ ամբիոնի վարիչ Ֆ. Մայիլյանը, շարունակելով իր «ուսուցիչների» ավանդույթները, կամայականորեն փոխել է ասպիրանտուրայի ընդունելության եւ ասպիրանտների որակավորման քննության հանձնաժողովը եւ ինձ հանել ոչ միայն այդ հանձնաժողովի նախագհ, այլեւ անդամ լինելուց: Այդ ամբիոնի միակ հիմնական աշխատող դոկտոր, պրոֆեսորը, փաստորեն, ըստ Մայիլյանի, չպետք է լինի այդ հանձնաժողովի նախագահ, նույնիսկ՝ անդամ: Պարզ է, որ նա հրահանգը ստացել է նույն տեղից: Բացի այդ, ամբիոնի վարիչը կեղծել է ուսումնական պլանը, որի համար նա պետք է նվազագույնը արժանանար ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացվելու պատժին: Այդ մասին ես տեղյակ եմ պահել ռեկտոր Աթոյանին, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել:



Ակնհայտ է, որ, թեպետ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ՀՊՏՀ-ում հալածանքի, հաշվեհարդարի, պրոֆեսիոնալ, սկզբունքներ ունեցող ու անկաշառ մարդկանց հեռացնելու ավանդույթը պահպանվում է ու նորանոր դրսեւորումներ է ստանում։ Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն ՀՊՏՀ ռեկտոր պրն Կ. Աթոյանն է, եւ պահանջում եմ նրա ու նրա թիմի հրաժարականն ու դիմում եմ ուսանողներին, ինչպես նաեւ մեր բուհի նախկին շրջանավարտներին՝ հայցելով նրանց աջակցությունը:



**Հովսեփ ԱՂԱՋԱՆՅԱՆ**



_ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, տնտ․ գիտ. դոկտոր_