Ունենք մաքուր ու թափանցիկ ընտրություններ և կրկին քաղաքական մոնոպոլիա

Ունենք մաքուր ու թափանցիկ ընտրություններ և կրկին քաղաքական մոնոպոլիա
Հետհեղափոխական Հայաստանում, իրավիճակի փոփոխություններին զուգահեռ, մասնակիցն ու ականատեսը եղանք առաջին իրապես մաքուր եւ թափանցիկ ընտրությունների։ Քաղաքապետի ընտրությունը, որը հավակնում էր դառնալ նախատեսվող խորհրդարանական ընտրությունների միկրոմոդելը, կարծես թե լիովին արդարացրեց իրեն՝ ապացուցելով, որ նոր իշխանությունների առաջ քաշած մաքուր ընտրություններ անցկացնելու հավաստիացումները հաջողությամբ իրացվում ու իրականացվում են ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ժողովրդի կողմից՝ գոնե այս դեպքում Երեւանի բնակիչների։



Տեղի ունեցած ընտրություններում առաջին անգամ վերջին տասնամյակներում բացառվեցին ընտրակաշառքով, մահացածների անձնագրերով եւ երթուղայիններով ու թաղի տղերքի ուղղորդմամբ կատարվող ընտրությունները․ ժողովուրդը լիովին կատարեց իր քայլն ու ընտրության իր իրավունքը՝ վստահ լինելով, որ յուրաքանչյուր քվեն հասնելու է հասցեատիրոջը։ Արդյունքում ունենք մաքուր ու թափանցիկ ընտրություններ եւ կրկին քաղաքական մոնոպոլիա, որի արդյունքում զրոյանում է Երեւանի կառավարման համակարգում այլ ուժերի հետ երկխոսության հնարավորությունը․ նոր իշխանության կողմից առաջադրված դաշինքը ստացավ ընտրողների շուրջ 81 տոկոսը՝ զբաղեցնելով քաղաքապետի պաշտոնն ու ավագանու 65 մանդատից 56-ը՝ արագացնելով նոր խորհրդարանական ընտրությունները։ Ժողովրդի գիտակցության մեջ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո՝ երկրորդ անգամ ամրացավ սեփական ուժերով ինչ-որ բան փոխելու հավատը։ Սակայն քաղաքական առողջ ու մրցակցային ընտրություններ ունենալու տեսանկյունից ժողովուրդը, կարծես թե, ձախողվեց՝ Երեւանի ղեկավարումը միանձնյա հանձնելով մեկ քաղաքական ուժի։ Առանց խորանալու առաջացած իրավիճակի խորքային պատճառների մեջ (հեղափոխական էյֆորիա, կայացած կուսակցությունների ու դաշինքների բացակայություն եւ այլն), կարող ենք վստահաբար նշել՝ երեւույթը բացասական է, անգամ եթե հաղթած ուժը ժողովրդի վստահության կրողն է։



**Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ**