Միակ քաղաքական ուժը, որը և՛ չմասնակցեց, և՛ աջակցեց այս հեղափոխությանը, մենք էինք

Միակ քաղաքական ուժը, որը և՛ չմասնակցեց, և՛ աջակցեց այս հեղափոխությանը, մենք էինք
«Ժողովուրդն ազատագրվեց, ազատագրվեց նաեւ «դե յուրե»՝ իրավաբանորեն ձեւակերելով իր ազատագրումը»․ այսպես գնահատեց նախորդ օրը կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ՀԱԿ կուսակցության քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։



**-Ի՞նչ գնահատական կտայիք, Հայաստանի քաղաքական զարգացման ճանապարհին սա ի՞նչ փուլ էր։**



-Այն մասնակցությունը, որը եղավ երեկ, ըստ էության, գնահատական էր, որը նշանակում է, որ ժողովուրդը հավատաց իր ուժերին, հավատաց, որ կարող է պետական գործերում իր մասնակցությունն ունենալ, վստահ է իր մասնակցության վրա, եւ դրանով աջակցեց հեղափոխական այս գործունեությանը։ Եթե մինչեւ հիմա ժողովուրդը հրապարակներն էր լցնում, ապա հիմա քվեաթերթիկով ինքն ամրացրեց իր տրամադրությունը եւ կամքը։ Այն ուժերը, որոնք կազմակերպում էին հակահեղափոխության գործընթացը, վստահ եմ, հասկացան, որ այլեւս իրենք անելիք չունեն։ Սա լուրջ հարված էր անցած քաղաքական ռեժիմին, ուժին եւ նրան աջակցողներին։ Սա միանշանակ «ոչ» էր հին ռեժիմին։



**-Ասում եք՝ մասնակցությունը մեծ էր, բայց ՀՀԿ ճամբարից ցածր մասնակցության մասին են խոսում։**



-Ես բացարձակ ցանկություն չունեմ իրենց պատասխանելու։



**-Սպասվածից քիչ չէ՞ր մասնակցությունը։**



-Ոչ միայն քիչ չէր, այլեւ ավելի էր մասնակցության, ընդ որում՝ կամավոր մարդկանց թվի քանակով։ Անցյալ տարի քվեարկության մասնակիցների թվաքանակը 25 հազարով պակաս է եղել, բայց այն ժամանակ մարդկանց ստիպելով էին բերում, կիսամեռածների էին բերում ընտրելու։ Հանրապետության ամբողջ տրանսպորտն աշխատում էր, մարդ էր տեղափոխում ընտրատեղամասեր՝ ստիպելով, վախեցնելով, կաշառելով։ Այս մասնակիցներին եթե հանեք, կտեսնեք, թե այս անգամ ինչ բարձր ակտիվություն է եղել։



**-Ինչ-որ անակնկալ Ձեզ համար եղա՞վ, այնուամենայնիվ։**



-Շատ հաճելի անակնկալ եղավ։ Ես այսպիսի տոկոսներ չէի գուշակել։ Անկեղծորեն ասեմ՝ ակնկալում էի, որ «Իմ քայլն» առավելագույնը 60 տոկոս կստանա, բայց ժողովրդի ակտիվությունն ավելին էր, ոգեւորությունն ավելի մեծ էր, քան կարելի էր սպասել։ Մի հանգամանք էլ կար՝ մյուս ուժերը վերջին օրերին սխալ քարոզչություն իրականացրեցին։ Անվանական չեմ ուզում ասել, բայց հիմնական խաղացողների նյարդերը՝ նրանց, ովքեր կարող էին ավելի ձայն ստանալ, տեղի տվեցին, ու նրանք սկսեցին տակտիկական սխալներ գործել։ Այդ առումով նրանց տոկոսները մի քիչ քչացան։ Բայց մեկ է, որակը ժողովրդի բարձր մասնակցությունն է, ազատ մասնակցությունը։ Տեղամասերով ես նայում էի, կարող եմ ասել՝ այդքան հանգիստ ընտրություն չեմ հիշում, թե էլ երբ է եղել։ Այս առումով այս ընտրությունը կարելի էր համարել ժողովրդավարության ճանապարհին լրջագույն հաջողություն։



**-Ի՞նչ անել ժողովրդավարության հաղթանակը չկորցնելու համար։**



-Հնարավորինս շուտ պետք է անցկացնել խորհրդարանական ընտրությունները։ Ես, մենք դա միշտ ենք ասել։ Այս հրաշք էներգիան, որ ժողովրդի մեջ կա, պետք է դարձնել ստեղծագործ, արարիչ էներգիա, որ երկիրը մտնի անշրջելի ժողովրդավարության ուղի։



**-ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է մասնակցել այդ ընտրություններին։**



-Անշուշտ։ Իհարկե, պատրաստվում ենք։ Ընդ որում, ամենալավը մեր վիճակն է։ Ես դա հանգիստ կարող եմ ասել, որովհետեւ մենք ճիշտ գուշակեցինք, որ ժողովրդավարության հաղթանակն անշեղ է, եւ մենք հայտարարությամբ աջակցեցինք։ Միակ քաղաքական ուժը, որը ե՛ւ չմասնակցեց, ե՛ւ աջակցեց այս հեղափոխությանը, մենք էինք։ Մեր հաշվարկն այդ առումով ճիշտ էր։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**