Դժվարն առջեւում է

Դժվարն առջեւում է
Եվ այսպես, Երեւանի ընտրություններն արդեն հետեւում են՝ Հանրապետականի հերթական բաստիոնն էլ ընկավ, մի շատ կարեւոր պաշտոն՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը, այսուհետ կզբաղեցնի հեղափոխությունն իրականացրած ուժի ներկայացուցիչը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, սիրված դերասան Հայկոն, որին վստահում է ակտիվ երեւանցիների 81 տոկոսը։



Եվ որքան էլ ոմանք շեշտեն, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների կեսից պակասը, միեւնույն է՝ պետք է արձանագրենք, որ Մարությանն աշխատանքի է անցնելու շատ նպաստավոր պայմաններում։ Շատ ավելի նպաստավոր պայմաններում, քան մինչ օրս իրենց պարտականությունները ստանձնել են մյուս ընտրովի մարմինների ներկայացուցիչները․ նրա ընտրվելուն ոչ ոք երբեւէ չի կասկածելու, քանզի ընտրություններն ընթացել են միանգամայն արդար ու ազնիվ մրցապայքարի արդյունքում։



Կեղծիքներ չեն եղել, ընտրակաշառք չի բաժանվել, թաղային հեղինակություններ չեն աշխատել, «գազել»-ներով ու տաքսիներով մարդկանց քվեարկության չեն բերել։ Միակ հանդիմանությունը, որ նա լսելու է՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակության հաշվին քաղաքապետ դառնալուն է վերաբերելու։ Կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ սեփական հեղինակության հաշվին դերասան, անգամ պրոդյուսեր եւ լավ մենեջեր Հայկ Մարությանին ոչ ոք չէր ընտրելու։ Բայց այս հանդիմանությունն էլ ժամանակի ընթացքում իր տեղը կզիջի, ու այդ իրողությունն էլ կմոռացվի, եթե Հայկ Մարությանը լավ քաղաքապետ դառնա եւ կարողանա մայրաքաղաքի մեծ ու բարդ տնտեսությունը ճիշտ կառավարել։



Սա շատ ավելի դժվարլուծելի խնդիր է, քան հեղափոխական ալիքի վրա ընտրվելը։ Որովհետեւ որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի լուծել մայրաքաղաքի խնդիրները, շատ արագ երեւալու են քաղաքապետ Մարությանի կառավարչական ունակությունները։