Կրակոցներ Վրաստանում․ տուժել են ադրբեջանցիներ

Կրակոցներ Վրաստանում․ տուժել են ադրբեջանցիներ
Վրաստանի Թելավի շրջանի Վարդիսուբանի եւ Կարաջալա գյուղերի բնակիչների միջեւ, որտեղ ապրում են ադրբեջանցիներ, կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է Report-ը, դեպքը տեղի է ունեցել Վարդիսուբանիի գյուղական շուկայում, որտեղ վեց հոգուց բաղկացած զինված խումբը հաշվեհարդար է տեսել Կարաջալա գյուղի բնակիչների հետ։ Տուժածների շարքում կա նաեւ 14 տարեկան մի դեռահաս։ Ականատեսները վկայում են, որ հարձակում գործած խմբի անդամները զինված են եղել մահակներով եւ մետաղե լարերով, ինչպես նաեւ ունեցել են հրազեն։



Հրազենային վիրավորում ստացած երեք տղամարդ, ինչպես նաեւ ծեծի ենթարկված դեռահասը ներկայումս գտնվում են Թելավի շրջանային հիվանդանոցում։ Հայտնի է, որ երկու ադրբեջանաբնակ գյուղերի միջեւ կոնֆլիկտը առաջացել էր դեռ մեկ շաբաթ առաջ։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Տեղի իշխանությունները հայտարարել են, որ կատարվածը պահում են ուշադրության կենտրոնում՝ հնարավոր հետագա խորացումից խուսափելու համար։