ՀՅԴ-ականը քաղաքացու հետ դուրս է եկել ընտրատեղամասից և գումար ստացել

ՀՅԴ-ականը քաղաքացու հետ դուրս է եկել ընտրատեղամասից և գումար ստացել
Կենտրոն վարչական շրջանի 9/55 ընտրատեղամաս է մուտք գործել մի տղամարդ և հարցրել, թե հանձնաժողովի կազմում ովքեր են ներկայացնում ՀՅԴ կուսակցությունը: Այս մասին հայտնում է «Անկախ դիտորդ» դաշինքը: Դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկն այդ տղամարդու հետ դուրս է եկել ընտրատեղամասից և նրանից գումար ստացել: Դիտորդը կատարվածի մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս հրաժարվել է դեպքն արձանագրել:



Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք, հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեղամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն:



Ոստիկանության վերջնական տվյալներով՝ քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություններ պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից: