Մեկ տարի առաջ՝ 71․25 տոկոս քվե, 2018թ․՝ զրո մասնակցություն

Մեկ տարի առաջ՝ 71․25 տոկոս քվե, 2018թ․՝ զրո մասնակցություն
Ապրիլյան հեղափոխությունը ոչ միայն ազդեցիկ քաղաքական ուժերին դրսեւորվելու հնարավորություն տվեց, այլեւ երկրորդ շնչառություն հաղորդեց մոռացության փոշով ծածկված մի շարք կուսակցությունների։ Միայն հաշվենք, թե Երեւանի ավագանու ընտրություններին քանի կուսակցություն եւ դաշինք է մասնակցում, ոմանք՝ ակնհայտ հաղթելու նպատակով, ոմանք էլ՝ սեփական ուժերը փորձարկելու եւ ԱԺ ապագա ընտրություններին ձեւաչափեր կազմելու հնարավորությունները ճշգրտելու նպատակով։ «Բարգավաճ Հայաստան», «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայք, Ռեֆորմիստներ, «Օրինաց երկիր» կուսակցություններ եւ «Երեւանի հանրություն», «Երեւանցիներ», «Իմ քայլը», «Լույս» դաշինքներ․ ահա քաղաքական այն խճանկարը, որ մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին։ Հետաքրքիր է, թե 2018թ․ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ով ինչպես է իրեն դրսեւորել նախորդ ընտրություններին։ Նախկինում ո՞ր քաղաքական ուժերն են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, եւ ինչո՞ւ նրանք հրաժարվեցին այժմ մասնակցել դրանց։



2008թ․ ԱԺ-ն ընդունեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, իսկ 2009թ․ մայիսի 31-ին տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրությունները։ Այդ ընտրություններին մասնակցում էին Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Օրինաց երկիր», Ժողովրդական կուսակցություն, Հայաստանի աշխատավորական կուսակցությունները, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը։ Երեւանի ավագանու ընտրություններում 2009-ին այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցությունը ստացել էր 47,43 տոկոս քվե, ԲՀԿ-ն՝ 22,65 տոկոս քվե, ՀԱԿ-ը՝ 17,57 տոկոս քվե։ Ի դեպ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքն այն ժամանակ հրաժարվեց Երեւանի ավագանու մանդատներից։ 2013թ․ մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում էին «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի Հանրապետական, «Օրինաց երկիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները, «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը։ Ամենաշատ քվեներ ստացել էր Հանրապետական կուսակցությունը՝ 55,90 տոկոս, նրան հաջորդում էր «Բարգավաճ Հայաստանը»՝ 23,06 տոկոս քվե, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել էր «Բարեւ Երեւան»-ը՝ 8,48 տոկոս քվե։ Նրանք էլ դարձան Երեւանի ավագանու անդամներ։



2017թ․ Երեւանի ավագանու ընտրություններում ականատես եղանք բոլորովին այլ պատկերի։ Իշխող Հանրապետական կուսակցությունը ստացավ 71,25 տոկոս քվե, 21 տոկոս քվե ստացավ ընդամենն ամիսներ առաջ ստեղծված «Ելք» կուսակցությունների դաշինքը, իսկ «Ժառանգություն»-ից պոկված նորելուկ «Երկիր ծիրանի»-ն՝ 7,75 տոկոս քվե։ Մյուս քաղաքական ուժերը հրաժարվել էին մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։ Հետաքրքիր է, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրություններում տպավորիչ արդյունքներ գրանցած, իսկ 2017թ․ բրեժնեւյան ժամանակների ոգով 70-ից ավելի տոկոս քվեներ ստացած Հանրապետական կուսակցությունը երկարամյա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո շատ հեշտ հրաժարվեց մասնակցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին։



Թագուհի Հակոբյան