«Քաղաքացի դիտորդը»՝ նոր ձևաչափով և կազմով

«Քաղաքացի դիտորդը»՝ նոր ձևաչափով և կազմով
«Քաղաքացի դիտորդ» ասոցիացիան, որը 2013 թվականից վերահսկում է համապետական և տեղական ընտրությունները Հայաստանում և դրանց համապատասխանությունը ներպետական օրենսդրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին, այսօր հայտարարել է, որ այսուհետ նոր ձևաչափով է դիտարկելու գործընթացը, քանի որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը նվազեցնում է ընտրությունների ընթացքում տարիներ շարունակ կիրառված ընտրական իրավունքի խախտումների ռիսկերը՝ ընտրակաշառքի, քվեատուփի լցոնման, վերահսկվող քվեարկության, ուղղորդումների և այլն: «Քաղաքացի դիտորդի» ազդարարած նոր ձևաչափը ենթադրում է, որ դիտարկումն ընդգրկելու է ընտրական քարոզչությունն առհասարակ:



«Դիտարկումն ընդգրկելու է ընտրական քարոզչությունն առհասարակ, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ռեսուրսների հասանելիության, լուսաբանման հավասարակշռվածության, ընտրությունների ֆինանսավորման հարցերը, քաղաքական մրցակցության հավասարության և դրա բովանդակության, վարչական ռեսուրսի օգտագործման, դիտորդական առաքելությունների, կուսակցությունների, թեկնածուների, դրանց ներկայացուցիչների և վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների աշխատանքները, դրանց օրինականության և արդյունավետության գնահատումը, ընտրական իրավունքին ոչ իրավաչափ միջամտության և ընտրական իրավունքի պաշտպանության (գործիքների և արդյունավետության) հարցերը», - ասվում է տարածած հայտարարության մեջ:



Երևանի ավագանու ընտրությունների դիտարկումը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը իրականացնում է փոփոխված կազմով: 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման գործընթացում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես են գալիս «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն և «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ն: 2017 թվականին այն ընդգրկում էր նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Հետագայում ՀԿ-ների միջև անհամաձայնություն եղավ, և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնությունը միավորվեցին և ստեղծեցին «Ականատես» նախաձեռնությունը:



**Ս.Ս.**