Իրական մտավորականն իշխանության կողքին չի կանգնում

Իրական մտավորականն իշխանության կողքին չի կանգնում
Գնացողի հետեւից չեն խոսում, ընկածին խփելն էլ անբարոյականություն է, բայց մեր հասարակությունը կարծես մոռացել է այս իմաստուն խոսքերն ու տարիների լռության փոխը հանում է՝ քննադատում է ու հայհոյում, անիծում է ու մերժում հեռացածներին։ Ու վերջն էլ կարծես չի երեւում։ Մեկը մեկից ոգեւորված, իրար շախ տալով՝ քլնգում են ու հայհոյում։ Որտեղ Հանրապետականի ու նախկին պաշտոնյայի ստվեր են տեսնում, հարձակվում են ու բմբլահան անում։ Թացը չորի հետ այնպես են խառնել, որ նախկինում գլուխը կախ իր գործն արած ու ինչ-որ հաջողությունների հասած մարդկանց էլ են քննադատում ու մեղադրում։ Էլ չենք խոսում մշակույթի գործիչների, արվեստագետների ու շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին։ Սրանք էլ են ընկել ժողովրդի «թարթափի» տակ՝ նախկինների համար երգել ես, նախկինների օրոք լավ ես ապրել, նախկին իշխանությունից փող ես ստացել, մրցույթների ես մասնակցել, համերգ ու ցուցահանդես ունեցել, ուրեմն պետք է հեռանաս։ Առավել եւս «վայն էկել է նրանց տարել», ով մրցանակ է ստացել Սերժ Սարգսյանի ձեռքից կամ Ռիտա Սարգսյանի հետ մի տեղ նկարվել։ Բան չունեմ ասելու՝ քծնող ու իշխանությանը ծառայող մտավորականից վատ բան չկա, մտավորականը պետք է միշտ ընդդիմադիր լինի ու բարիկադի մյուս կողմում։ Բայց տեսեք, թե հիմա ինչքան անհաջողակ ու անցյալում ոչնչի չհասած մտավորականներ են փորձում ծվարել իշխանության թեւի տակ, ոնց են աշխուժացել, ոնց են փողի ու փառքի հոտն առել։ Բոլոր զրկված-զարկվածները ոտքի են ելել, ռեւանշի դուրս եկել, փորձելու են նախկին չապրածի, չստացածի փոխը ստանալ։



Այս խմբի մեջ, իհարկե, կան նաեւ այնպիսիները, որ նախկինների ժամանակ իրենց ըմբոստության կամ չհարմարվելու պատճառով են տուժել։ Սրանք շնորհք ունեն ու որոշ տաղանդ։ Բայց մի մոռացեք, որ տաղանդը միշտ իր ճամփան գտնում է, եւ շնորհալի արվեստագետը, եթե անգամ իշխանությանը ծառայում է, միայն այդ պատճառով չէ, որ հասարակական սիրո ու հարգանքի է արժանանում, կոչումներ ստանում, ի վերջո՝ վաստակում։ Ասենք, Տիգրան Մանսուրյանը, որը գրեթե միշտ մեր իշխանությունների կողքին է եղել ու նրանց կողմից սիրված, ի՞նչ է ստացել իշխանությունից՝ համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր է, կարող է ցանկացած երկրում ստեղծագործել, ապրել ու լավ ապրել։ Կամ՝ Հասմիկ Պապյանը, որ աշխարհի շատ բեմերում է երգել, բոլոր իշխանություններն էլ նրան գնահատել են՝ որպես արվեստագետի, բայց նա ոչ մի իշխանության կողքին չի եղել եւ հիմա էլ չպետք է լինի, քանի որ նրա արվեստի առաջ բոլոր դռները պետք է բացվեն, եւ նրա համար լիարժեք աշխատանքային պայմաններ ստեղծելը պետք է ցանկացած իշխանության պարտքը լինի։



Ի՞նչ է տալու նոր իշխանությունը, ասենք, Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին կամ «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանին, կամ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին, կամ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին։ Նրանք կայացած, իրենց գործն իմացող մարդիկ են, հարգված ու գնահատված։ Իշխանության կողքին լինելը նրանցից ինչ-որ բան կտանի, բայց, վստահ եմ՝ ոչինչ չի ավելացնի։ Մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ իշխանությունը եկող ու գնացող է, իսկ արվեստն ու մշակույթը՝ մնայուն։



Բայց բոլոր իշխանությունները սիրում են շրջապատված լինել արվեստի գործիչներով, այդ շրջանակը նրանց ինքնավստահություն է ներշնչում, իրենց ավելի ապահով ու ամուր են զգում։ Երեւի նաեւ կտրվում են առօրյա հոգս ու ցավից եւ իշխանության մեջ լինելով՝ նաեւ բոհեմական «կայֆերի» են տրվում։ Բոլոր իշխանությունները նաեւ սիրում են, որ իրենց ծառայում են, այն էլ՝ արժեհամակարգ ու հոգեւոր հարուստ ներաշխարհ ունեցող մարդիկ։ Նաեւ դա է պատճառը, որ նրանք միշտ փորձում են «գնել» մտավորականներին՝ կաշառում են, մանր-մունր հարցեր լուծում նրանց համար, խոստումներ տալիս։ Հընթացս էլ, ցավոք, «փչացնում» նրանց, հավասարեցնում իրենց։



Խելացի մտավորականը գիտակցում է սա եւ երբեք շատ չի մոտենում իշխանություններին, որքան էլ դա գայթակղիչ լինի ու հեշտ կյանք խոստանա։ Նա իր անկախ աղքատությունը գնահատում է կախյալ ապահովությունից, հասարակական հարգանքն ավելի բարձր է դասում, քան իշխանական համակրանքը։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**