«Սելֆիի ժամի» միակ մասնակիցը Լիլիթ Մակունցն էր

«Սելֆիի ժամի» միակ մասնակիցը Լիլիթ Մակունցն էր
Անկախության տոնի առթիվ, ինչպես նախօրոք հայտարարվել էր, Հանրապետության հրապարակում ժամը 14․00-ին պետք է լիներ «Սելֆիի ժամ»։ Սակայն հայտնիներից ներկա էր միայն մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ով շրջում էր հրապարակի տաղավարներով։



Թե ո՞ւր են «Սելֆիի ժամի» մասնակիցները, Մակունցը նշեց, որ հրավերն արվել է հրապարակավ․ «Չգիտեմ ովքեր կգան, թե չեն գա, համենայնդեպս ընդհանուր տրամադրությունը լավ է։ Խնդիրն այստեղ դրված էր այն մասով, որ ուզում էինք 2 քաղաքացու շփումը կարեւորվի անկախ նրանից, թե ինչ հանրային հասարակական կարգավիճակ ունի նրանից մեկը, դրանով ուզում էինք դնել հավասարության նշան եւ ասել, որ Նոր Հայաստանում չկան այլեւս անհասանելի անձինք՝ լինի դա մշակույթի, շոու բիզնեսի, քաղաքականության, թե այլ բնագավառում։ Այսինքն ուզեցինք ընդգծել 2 քաղաքացու շփման մշակույթը»։



Ո՞ւմ մտահղացումն է եղել «Սելֆիի ժամը», նախարարն ասաց, որ դա Մշակույթի նախարարության կողմից նախաձեռնած միջոցառում չէ, բայց մշակութային տարրը եւ միջոցառման կարեւորությունը տեսնում են նոր մշակույթ ներմուծելու մեջ․ «Միջոցառումների կիզակետը սելֆիի ժամը չէր, որն ընդգծվեց մամուլի կողմից, ինչեւէ, դա կարեւոր չէ, այստեղ տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, ներկայացված են Հայաստանի մարզերը, ներկայացուցչություն կա նաեւ Արցախի Հանրապետությունից»։



Հանրապետության հրապարակում ժամը 14․00-ից մինչեւ 15․00-ն, մինչեւ Նիկոլ Փաշինյանի գալը, միակ հայտնի մարդը, ում հետ երիտասարդները սելֆի էին անում, հենց ինքը՝ Լիլիթ Մակունցն էր։