Պատմություն, որի մեջ ապրում ենք

Պատմություն, որի մեջ ապրում ենք
Անցյալ դարի 90-ականներին Հայաստանը ռուսական սոցիալիզմի кирзовый սապոգներից նոր էր ազատվում, երբ արդեն երկու անտանելի մեծ բեռ էր շալակել՝ Սպիտակի երկրաշաժ եւ Արցախյան ազատամարտ։ Մեր սեւ բախտը մեր հետ է. բնության անողոքությունը՝ մի կողմից, հարեւանների թշնամանքը՝ մյուս կողմից։ Հայ ժողովուրդն ավելի դաժան օրեր է ապրել նախկինում։ Արցախյան ազատամարտում փայլուն հաղթանակ տարավ, աղետյալներին քչից-շատից տնավորեց։



Հայերս ծնված օրվանից ենթարկված ենք մի մեծ աղետի՝ ազգային աղետի։ Ո՞րն է դա․ որ մեր՝ յուրաքանչյուրիս կեսը հայ չէ։ Այն կեսը, որը հայ չէ, աղետյալներին աշխարհի կողմից տրամադրված օգնությունները գողանում էր, պատերազմի դաշտում արդեն իսկ ՀՀ-ի գույքն ու իշխանությունն էր կիսում՝ իր ենթադրյալ մրցակիցներին՝ հերոսներին, թիկունքից խփելով, երկրի տնտեսությունն էր քանդում, պատերազմից վերադարձած հերոսներից պետության թշնամիներ էր կերտում ու մեր երկիրը դավաճանաբար քաշում դիվանագիտական խաղերի մեջ։ Սա ի՞նչ է, հայկական ֆենոմե՞ն, բնության սխա՞լ, Աստծո դատաստա՞ն, թե՞ Աստծո կողմից շնորհված պարգեւ՝ բարու եւ չարի համատեղությունը մարդու նույն տեսակի մեջ։ Երբ այս հարցը դիտարկում ենք առանց զգացմունքային լարվածության, տեսնում ենք, որ բոլոր ազգերին դա հատուկ է եղել, սակայն նրանք պատմության ընթացքում կրթվել, բարեկրթվել ու իմաստնացել են՝ ուժեղացնելով իրենց մեջ բարին։



Արցախյան ազատամարտի ավարտից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռակերտեց բազմաթիվ «ազգային հերոսներ» ու պետական գործիչներ, որոնց քմահաճույքին հանձնվեց մեր երկրի ճակատագիրը։ Աշխարհի բոլոր երկրներում պետական գործն այս կամ այն անձին վստահելը ժողովուրդն է որոշում, իսկ Հայաստանում մեր վաստակաշատ պատմագետն այդ իրավունքը միայն իրեն վերապահեց՝ դեմ գնալով իր ղեկավարած երկրի սահմանադրությանը։ Հետեւանքները չուշացան։ Մեր նախագահն իմաստունի հայացքով հետեւում էր, թե ինչ է կատարվում իր ստալինյան ծխամորճի ծխի շղարշից այն կողմ։ Իսկ երբ հասկացավ, որ իր կողմից գործարկված անճոռնի մեքենան արդեն անկառավարելի է դարձել, ու կարող է ինքը հայտնվել այդ մեքենայի անիվների տակ, հրաժարական տվեց։ Հրաժարականը՝ հրաժարական, բայց ցանկացավ, որ դրանով նույնպես պատմության մեջ մտնի՝ որպես իմաստուն հայ պետական գործիչ, բացատրելով, որ մեծ լավություն է արել հայ ազգին՝ կանխելով երկրի ներքին անկայունությունը։ Ի՞նչ ստացվեց. «Ղարաբաղ» կոմիտեի իդեալիստներն իրենց երկիրը դրեցին կործանման ուղու վրա՞։ Այո՛։ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ ամենն արել է՝ գիտակցելո՞վ պատճառահետեւանքային դինամիկան, թե՞ պատմությանը հայտնի բազմաթիվ հիվանդ-հանճարներից մեկն է կամ ուղղակի չարագործ է։



Այս հարցն ինձ շատ է տանջել։ Հուդայի մենախոսությունն ու Պիղատոսի կերպարն ուսումնասիրեցի, Այթմատովի «Կառափնարան»-ը եւ Դանթեի գործերը վերընթերցեցի, եվրոպական հոգեանալիզի մեջ խորացա... չկա ու չկա այդպիսի կերպար։ Այսքան չարագործություն կատարած անձն արդեն պետք է հոգեմետ դեղերի վրա նստած լիներ՝ իր ձեռքով քանդուքարափ արված պետության համար խղճի խայթ զգար ու ներողություն խնդրեր ժողովրդից։ Բայց, ցավոք սրտի, հայ ժողովրդի վերջին 30 տարիների ողբերգության պատճառները սրա ու նրա վրա բարդելու տարիներով գործած նրա ճիգերն ու քաղաքական ոստյունները խոսում են վերջին տարբերակի մասին։ Բա սրա հետ ի՞նչ անենք, նա կրթված, կարդացած ու աշխարհ տեսած մարդ է, էլ ո՞ր կրթությունն ու դաստիարակությունը նրան կփոխեր։ Չարին բարու վերածող դարբինը տերտերի շորերով է շրջում, բարուն չարացնողին էլ գիտենք՝ սատանան է՝ փողե շորերով։ Լավ է, որ Հայաստանը հարուստ երկիր չի եղել, այլապես այսքան թալանից հետո սատանաների դարդից ոտք դնելու տեղ չէինք ունենա։



«Հրապարակի» սեպտեմբերի 19-ի համարում կարդացի «Քսանամյա անկումի թոհուբոհով» հոդվածը։ Առաջինը, որ աչքի զարնեց՝ Տեր-Պետրոսյանն «երեսունամյա»-ից 10-ը թռցրել էր, երեւի մտածել է, որ այդ տարիները պետական ռեկետի վերելքի տարիներն են եղել, ու դա թոհուբոհի հետ առնչություն չի ունեցել։ Логично։ Հոդվածն ընթերցողին հաղորդում էր այն մտայնությունը, որ Հայաստանում պակասում է սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը, որը խանգարում է Քոչարյանի ու Սերժի մարսողությանը, որ պետք է ՀՀ Սահմանադրությունն անցումային դարձվի, որ ոչ մեկը մինչնիկոլյան իշխանությունների թանին թթու չասի։ Ջոգեցի՞ր, ժողովուրդ, ՀԱԿ-ն առաջարկում է նախորդ երեք ռեժիմնիկների արարքներն արդարացնել եւ այդ 30 տարիների մեր պատմությունը դիտել որպես հայոց պետականաշինության աքսիոմատիկ փաստ։



Սիրտս լցվեց, ուզում եմ դիմել Նիկոլին. Պարոն վարչապետ, հեղափոխություն կատարելիս խոստացաք սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել։ Ուրեմն եկեք ազգովի փող հավաքենք, մի քիչ էլ, ջհանդամը՝ պարտք անենք, հրապարակում մի մե՜ծ քեֆի սեղան բացենք, Քոչոյին ու Չեբուրաշկային կանչենք՝ իրենց կլան-տղերքի հետ, սեղանի գլխին էլ նստացնենք մեր Նապոլեոնին՝ ԼՏՊ-ին, ու ազգային խնջույք անցկացնենք, շնորհավորենք նրանց նոր ձեռքբերումների առթիվ, տեսնենք ո՞ւմ ինչ է պակասում, ավելացնենք ու հաջող անենք։ Թե չէ՝ պառկեցրեք ասֆալտին, տարեք պադվալ, հետո՝ դատարան, աշխարհը մեզ ի՞նչ կասի։ Մյուս հարցս պետք է անհապաղ լուծում ունենա։ Այ մարդ, Սաշիկի 30 միլիոնի մասին լսելուց հետո գիտության բերանը բաց է մնացել, ոչ մի կերպ չենք կարողանում փակել։ Եվ ոչ թե նրա համար, որ Սաշիկը միավոր ժամանակում ավելին է կարողանում վաստակել, քան որոշ զարգացած պետություններ, այլ նրա համար, որ այդ մարդը, երբ հալալ քրտնում է, պատկերացնո՞ւմ եք՝ այդքան փող վաստակելու ժամանակ ինչքան քրտինք է թափվում նրա ճակատից ու կորում իզուր տեղը։ Ուստի մեր կենտրոնը խնդրում է թույլ տալ ջրանցքներ փորել Արարատյան դաշտում ու հայ քրտնողների քրտինքն ուղղել Մկան հողատարածքները ջրելու, որ Սեւանա լճից ջրառ չանենք այլեւս։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



_«Գրավիտոն» գիտական կենտրոն_