Խուզարկությունից հետո անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել

Խուզարկությունից հետո անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել
_**2018, 20 սեպտեմբերի, Երեւան**_



Սեպտեմբերի 17-ին  «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունից հետո անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել հանրությանն այդ կոշտ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։



Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունել ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 17-ի և 19-ի պաշտոնական պարզաբանումներն առ այն, որ «...խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը...»։ Թեև խոսքը վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված այնպիսի կարևոր գործի հետաքննությանը, ինչպիսին ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն է, այնուամենայնիվ, պաշտոնական պարզաբանումը կարելի է ընկալել միայն որպես հավաստիացում, որը պետք է ամրապնդվի ծանրակշիռ փաստերով և հիմնավորումներով։ Քանի դեռ դրանք չկան, մենք հայտարարում ենք, որ.



-         Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելիս իրավապահ մարմինները պարտավոր են առավել նրբանկատություն դրսևորել և հաշվի առնել, որ սարքավորումներ առգրավելը և օրեր շարունակ պահելը խափանում է ԶԼՄ-ի աշխատանքը և սահմանափակում է լսարանի՝ տեղեկություններ ստանալու իրավունքը,



-         Իրականացված խուզարկության համար հիմք կարող էին ծառայել միայն համապատասխան օպերատիվ տեղեկությունները, բայց ոչ՝ լրատվամիջոցի հրապարակումները,



-         Այդ գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը և սպառնալ տեղեկատվության աղբյուրների պաշտպանվածությանը,



-         Չի կարելի անտեսել խուզարկության՝ լրատվամիջոցի համբավի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, ինչպես նաև լրատվական դաշտում ավելորդ զգուշավորություն առաջացնելու վտանգը։



Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.



-         Քննչական կոմիտեից՝ փորձաքննության ավարտից անմիջապես հետո հրապարակել դրա հիմնական արդյունքները, ինչից պարզ կդառնա, թե որքանով էին ՀՀ ոստիկանության և ՀՔԾ-ի գործողություններն անհրաժեշտ և համաչափ,



-         Ոստիկանությունից և ՀՔԾ-ից՝ հնարավորինս շուտ խմբագրությանը վերադարձնել համակարգիչը և հիշողության կրիչները, քանի որ, կարծում ենք,  պրոֆեսիոնալ գործողությունների պարագայում իրավապահները կարող էին 3 օրվա ընթացքում ավարտել «Yerevan.today»-ի հետ կապված փաստերի ու հանգամանքների ուսումնասիրությունը,



-         Դատախազությունից՝   պատշաճ վերահսկողություն սահմանել ոստիկանության և քննչական մարմինների գործողությունների նկատմամբ՝ կապված «Yerevan.today»-ում իրականացված խուզարկության հետ՝ քննության առարկա դարձնելով նաև այդ լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մատնանշած խախտումները։



Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել նախաքննության ընթացքին ու իրադարձությունների զարգացումներին և մեր դիրքորոշումն ու գնահատականները հայտնել հանրությանը։



 



**ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ**



**ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ**



**ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ**



**ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ**



**ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ**



**ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ**



**ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ**



**«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ**



**ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ**



**«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ**



** «ՀԱՆՐԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ՀԿ**