Հիմա ես հեղափոխակա՞ն եմ, թե՞ հակահեղափոխական

Հիմա ես հեղափոխակա՞ն եմ, թե՞ հակահեղափոխական
Միանգամից ասեմ, որ ես Նիկոլի հետ քայլել եմ ուղղակի եւ անուղղակի իմաստով․ որոշ օրերի՝ ուղղակի, մյուս օրերին՝ մտովի, իսկ երբ «քայլարշավը» հասավ Երեւան, մասնակցել եմ բոլոր ակցիաներին ու բոլորի հետ տոնել հաղթանակը՝ Սերժ Սարգսյանի հեռացումը։ Մի քիչ ուրախությունս ու ոգեւորությունս մթագնեց հեղափոխությունը «Նիկոլ-վարչապետ» գործընթացի վերածելու պահը, որովհետեւ ես անձամբ Նիկոլին վարչապետի պաշտոնում չէի տեսնում, մտածում էի՝ ինքը շատ լավ պառլամենտական կլինի կամ երկրի նախագահ, իսկ տնտեսություն կառավարելն ուրիշ որակներ ու գիտելիքներ է պահանջում, բայց դրա հետ էլ արագ հաշտվեցի։ Մտածեցի, որ ուրիշ ճար չկա՝ վարչապետի թեկնածուների մեծ ընտրություն չունենք ու պիտի փորձենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնել։ Դարձնել՝ ոչ թե ընտրելու իմաստով, այլ աճեցնելու-հասունացնելու։



Հետո սկսվեց նոր կառավարության ձեւավորումը, եւ սխալը սխալի հետեւից։ Հետեւում էի մեր ջահել իշխանավորների քայլերին, ու սիրտս ուղղակի պայթում էր։ Հա, պարզ է, որ մենք՝ հայերս, ամեն մեկս մի Նապոլեոն ենք մեզ պատկերացնում ու ամեն տեղ ուզում ենք խորհուրդ տալ, որովհետեւ մենք հացթուխից լավ հավ թխել գիտենք, վիրաբույժից լավ վիրահատություն անել, ֆիզիկայից՝ ֆիզիկոսից լավ ենք գլուխ հանում, գրականագետից լավ գրականություն ենք հասկանում ու այսպես շարունակ։ Բայց դե, անգամ եթե այդպես չլիներ, հարյուրավոր մանր ու մեծ քայլեր արվեցին էս 4 ամսում, որ կարելի էր ավելի ճիշտ անել, հազարավոր հայտարարություններ արվեցին, որոնք կարող էին չարվել, եւ դրանից մեր երկիրն ու ժողովուրդը կշահեին։



Հիմա ինչ եմ ուզում ասել։ Այս 4 ամսվա քայլերին հետեւելով՝ ես չէի կարող լռել ու սկսեցի ինչ-որ բաներ քննադատել՝ ընկերներիս էի ասում, երբեմն Ֆեյսբուքում էի գրում։ Ասենք, սփյուռքի նախարարն ասում է՝ «Արի տուն» ծրագիրը լավ չեն կազմակերպել՝ լանչի փողերը կերել են, հնարավոր չէր 7 հազար դրամի լանչ կազմակերպել, ու էդ հիմքով նախ դադարեցնում է ծրագիրը, հետո կոչ է անում սփյուռքահայերին՝ տոմսերը հետ տալ ու հետաձգել Հայաստան գալը՝ խոստանալով, որ մի երկու ամսում նոր կազմակերպություններ կգտնեն, որոնք ավելի մաքուր կաշխատեն։ Հիմա էս, կներեք արտահայտության համար, «հորթին» չասե՞ս՝ ախպեր, դու եկել ես, որ Հայաստան եկողների պլաննե՞րը խառնես, կերել են՝ չեն կերել, դա ի՞նչ կապ ունի ամառը հայրենիք եկող երեխեքի հետ, ինչի՞ ես գլխիցդ դուրս քայլեր անում։ Կամ՝ կրթության նախարարը 2018 թվին խոսում է էն թեմաների մասին, որոնք 90-ականներին էին քննարկում․ սեւ-սպիտակ համազգեստ, դրամահավաք, 10-ամյա՞կ, թե՞ 12-ամյակ։ Մի բան ասում է, հետո սկսում ինքն իրեն ուղղել, հետ կանգնել իր ասածներից։ Իսկ «Այբ» դպրոցի ու Արարատյան բակալավրիատի պատմությունն ընդհանրապես զավեշտ է՝ մե՛կ քննադատում է, մե՛կ ասում՝ պետք է շարունակենք։ Պարզ է, որ անփորձ են ու շատ բանից գլուխ չեն հանում։ Բայց էս շտապողականությունը, մեծամտությունը, փորձված մարդկանցից չհարցնել-չսովորելը, ափեղ-ցփեղ խոսելը ոչ մի լավ բան չեն խոստանում։ Ես էլ սկսեցի քննադատել էս վրիպումները։ Իրավունք չունե՞մ։ Չե՞մ կարող ասել՝ ամոթ է, գործ արեք, ի՞նչ է նշանակում՝ Հանրապետության հրապարակում «սելֆիի ժամ» ենք հայտարարել Անկախության օրը, չասե՞մ՝ աղջիկ ջան, դու մշակույթի նախարա՞ր ես, թե՞ Ֆեյսբուքով ու սելֆիներով օդ լցնող անչափահաս։ Բայց պարզվեց՝ եթե մշակույթի նախարարին քննադատում ես, դու Նիկոլի լավը չես ուզում, դու հակահեղափոխական ես՝ Ռոբին ու Սերժին ծախված «ռեւանշիստ»։ Ինչի՞, այ ախպեր, ես կարծիք ունենալու իրավունք չունե՞մ։ Ռոբի հերն էլ անիծած, Սերժինն էլ՝ հետը, եթե սենց շարունակվի՝ Նիկոլինն էլ վրադիր։ Ես ազատ մարդ եմ, սովոր եմ իմ կարծիքն ազատ հայտնել, միշտ եմ այդպես ապրել։ Սա ո՞ր թիվն է, որ վախենանք խոսել, խոհանոցներում խոսենք, քչփչանք, վախենանք քֆուրչի ֆեյքերից։ Կարո՞ղ է Սովետը հետ է եկել, ու Կագեբեն հետեւում է բոլորիս։ Թողեք մարդիկ հանգիստ ապրեն՝ ի՜նչ հակահեղափոխական, ի՜նչ հեղափոխական։ Մանավանդ՝ հեղափոխությունն արդեն վերջացել է, Սերժին ճանապարհել ենք, իսկ մյուսների հետ պետք է մի երկրում ապրենք՝ 700 հազար հանրապետականի հո չե՞նք վտարելու երկրից։ Բոլոր քննադատողների մեջ հակահեղափոխական տեսնելը շատ վտանգավոր բան է։ Ավելի վտանգավոր, քան հենց ինքը՝ հակահեղափոխությունը։



Թարգեք, ժողովուրդ։ Ավելի շուտ՝ սթափվեք։ Հակառակ դեպքում այնքան կանեք, որ իրոք կդառնանք հակահեղափոխական, քանի որ այսպիսի հեղափոխությունը, որտեղ մշակույթի նախարարին քննադատողին դավաճան ու հակահեղափոխական են հայտարարում ու անարգանքի սյունին գամում, մեզ պետք չէ։



**Արեգ ԹՈՎՄԱՍՅԱՆ**