«Արմենալը» փակվում է, իսկ գործարանի ադմինիստրացիան լռում է

«Արմենալը» փակվում է, իսկ գործարանի ադմինիստրացիան լռում է
Ռուսաստանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում ոչ միայն ՌԴ-ի, այլ նաեւ Հայաստանի վրա։ Պատճառը մեկն է՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ տնտեսական առումով։ Ամեն նման հարված իր շղթայական ազդեցությունն է ունենում նաեւ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեզանում գործում են ռուսական խոշոր ընկերությունների մասնաճյուղեր, որոնք ապրանք են արտահանում Ամերիկա, Եվրոպա եւ այլ շուկաներ։ Այս սանկցիաները սկսվեցին դեռ Օբամայի օրոք՝ նախ դեսպանների, դիվանագիտական ներկայացուցիչների նկատմամբ եւ հասան ռուսական խոշոր ընկերություններին։ Սանկցիաների հիմնական պատճառը, հիշեցնենք, այն էր, որ ռուսական ազդեցիկ դեմքերն ԱՄՆ նախագահի ընտրություններում սատարել էին ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։



Ամիսներ առաջ ԱՄՆ Կոնգրեսը հրապարակեց սանկցիաների հերթական ցանկը, որտեղ նշված էին մի շարք խոշոր ռուսական ընկերությունների անուններ, որոնց տերերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից են։ Դրանցից մեկն էլ խոշոր գործարար Օլեգ Դերիպասկան է, ում պատկանում է «Ռուսալ» ալյումինի հզորագույն գործարանը։ Այս գործարանը դուստր ձեռնարկություն ունի Հայաստանում՝ «Ռուսալ-Արմենալը»։ Այժմ «Արմենալը» կանգնած է փակման վտանգի առաջ։ Երեկ այս մասին գրեցին մի քանի ռուսական լրատվամիջոցներ, մասնավորապես rbk.ru կայքում հրապարակում եղավ՝ ««Ռուսալ» գործարանը Հայաստանում սանկցիաների պատճառով կրճատում է արտադրությունը» վերնագրով։



Մի քանի օր է՝ գործարանը չի աշխատում, արտադրական բոլոր հոսքերը բերվել են հարկադիր պարապուրդի վիճակի, աշխատակիցները պարապուրդի են մատնվել եւ վճարվում են միջին աշխատավարձի 2/3-ի չափով։ Ասում են՝ մինչեւ այս ամսվա վերջ հարկադիր արձակուրդ կուղարկվի 184 աշխատակից։ Ընդհանուր առմամբ, ձեռնարկությունում աշխատում է 670 մարդ։ «Արմենալն» ալյումինե փայլաթիթեղներ՝ ֆոլգա է արտադրում եւ արտահանում ԱՄՆ ու Եվրոպա։ Ձեռնարկությունն ապահովում է Հայաստանի արտահանման 5 տոկոսը, ընդ որում՝ արտադրանքի ուղիղ կեսն արտահանվում էր Միացյալ Նահանգներ։ Անցյալ տարվա ցուցանիշներով՝ գործարանն արտադրել է 33,7 հազար տոննա ալյումին՝ ստանալով 101 միլիոն դոլարի եկամուտ եւ զուտ շահույթ՝ 3 միլիոն դոլարի չափով։ Եվ այս խոշոր ռուսական ձեռնարկությունը, որը 6 հարյուրից ավելի աշխատատեղեր է ապահովում Հայաստանում, այսօր կանգնել է։ Գործարանում անորոշ վիճակ է, չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց․ փակվելո՞ւ են, թե՞ կկարողանան փրկել դրությունն ու վերսկսել արտադրությունն ու արտահանումը։



Այս օրերին «Արմենալի» ղեկավարությունն ակտիվ բանակցությունների, նամակագրության մեջ է ԱՄՆ դեսպանատան, նաեւ ՀՀ կառավարության եւ այլ շրջանակների հետ, որ ԱՄՆ-ն գոնե «Արմենալի» մասով հանի սանկցիաները։ Այդ առնչությամբ դիմել են նաեւ ՀՀ կառավարությանը, հատկապես, երբ իմացել են, որ հայկական կողմը ջանքեր է գործադրում Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մոտ օրերս մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին։ «Արմենալից» հույս ունեին, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա, եւ ՀՀ վարչապետն այս հարցը կբարձրացնի ԱՄՆ նախագահի մոտ, բայց արդեն գրեթե հստակ է, որ հանդիպումը տեղի չի ունենալու։



Մեր ջանքերը՝ ստանալ որեւէ պաշտոնական մեկնաբանություն «Արմենալ» գործարանից, երեկ ապարդյուն անցան։ Որեւէ կերպ չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը, գործարանից որեւէ մեկը չի ցանկանում խոսել այս թեմայով։



Գործարանի մամուլի հարցերով պատասխանատու **Ալեքսանդր Մելքումյանը** մեր բոլոր հարցերին ընդամենը մեկ պատասխան ուներ․ «Գործարանը պաշտոնապես չի մեկնաբանում այդ իրավիճակը։ Եթե հետաքրքրում է, դիմեք կառավարություն, էկոնոմիկայի նախարարություն»։ Իսկ թե ինչու չեն մեկնաբանում, ասաց․ «Որովհետեւ չենք մեկնաբանում»։ Մելքումյանը, սակայն, պաշտոնական «մեկնաբանությունից» զատ մի նախադասություն էլ ասաց, բայց արդեն իր անունից՝ ոչ գործարանի․ «Դիմեք կառավարությանը, գուցե իրենք հիշեն, որ Հայաստանում կա այդպիսի աշխարհահռչակ գործարան, որի նկատմամբ իրենք էդքան անտարբեր են։ Բայց սա մեկնաբանություն չէ, պարզապես իմ կարծիքն է»։



Դիմեցինք կառավարությանը, ի մասնավորի՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, որը պատասխանատու է այս ոլորտի համար։ Նախարարությունից մեզ տվեցին հետեւյալ պատասխանը․ «Նախարարության պատասխանատուներն ԱԳՆ-ի, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ աշխատանքներ են տանում՝ բանակցելով ամերիկյան կողմի հետ, որպեսզի պատժամիջոցները հնարավորինս չտարածվեն Հայաստանում տեղակայված կազմակերպության վրա։ Այս մասին ասել էր նաեւ ՀՀ ՏԶ նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ կան դրական զարգացումներ։ Բանակցությունները նման լուրջ եւ կարեւոր հարցում ժամանակատար են, դրանք ներկայում ընթացքի մեջ են։ Արդյունքներ ունենալուն պես, անշուշտ, կտեղեկացնենք»։



Ամեն դեպքում, ըստ նախնական խոսակցությունների, «Արմենալի» նկատմամբ պատժամիջոցները հանելու մի տեսական հնարավորություն կա, եթե փոփոխություն կատարվի ընկերության բաժնետոմսերի համամասնության մեջ, եւ Դերիպասկայի մասնաբաժինը նվազեցվի։ Այս պահին, որքանով կարողացանք տեղեկանալ, բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Օլեգ Դերիպասկային, եթե նա հրաժարվի իր բաժնեմասի որոշակի չափից, հնարավոր է ԱՄՆ-ն հանի կոնկրետ «Արմենալի» վրա տարածվող սանկցիան։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**