Արտակ Զեյնալյանը հրաժարվել է իր կնոջ գործը ներկայացնել ՄԻԵԴ-ում

Արտակ Զեյնալյանը հրաժարվել է իր կնոջ գործը ներկայացնել ՄԻԵԴ-ում
Մի քանի օրից Երեւանն ընտրելու է իր նոր քաղաքապետին, եւ թեկնածուների կյանքը, գործունեությունն այս օրերին հանրային խոշորացույցի տակ են։ Մեկ փաստ պեղել էին եւ մեզ էին ներկայացրել «Լույս» դաշինքի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կյանքից։ Պարզվում է, նա բազմիցս վարչական դատարանում ներկայացրել է իր կնոջ՝ Լիլիթ Մուսեյանի շահերն ընդդեմ տարբեր պետական մարմինների։ Ամուսինները դատվել են ՃՈ ոստիկանության հետ, քաղաքապետարանի, ՊԵԿ-ի։ Այս վերջին գործով նրանք հասել են մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վեճի առարկան Լիլիթ Մուսեյանի գնած ավտոմեքենայի մաքսային ձեւակերպումն է եղել։



2010 թվականին Լիլիթ Մուսեյանն ԱՄՆ-ից «Նիսան Ռոգ» մակնիշի ավտոմեքենա է բերել Հայաստան, որի դիմաց մաքսազերծման գումար է նրանից պահանջվել՝ մոտ 2 մլն դրամ։ Արտակ Զեյնալյանը փորձել է դատարանում հիմնավորել, որ իր կինը չունի ավտոմեքենան հայտարարագրելու օրենքով սահմանված պարտավորություն, քանի որ դեռ գոյություն չունեն ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրման կարգ եւ ձեւ (գրանցված եւ պաշտոնապես հրապարակված)։



Մեր դատարանները սպառելով՝ Արտակ Զեյնալյանը, կնոջ ավտոմեքենան տիրապետելու իրավունքը պաշտպանելով, հասել է Եվրոպական դատարան։ «Այսինքն` ներկայիս արդարադատության նախարարը, ում պարտականությունների մեջ է մտնում նաեւ Եվրոպական դատարանում Հայաստանի շահերի պաշտպանությունը, իր կնոջ մեքենայի «ռաստամոժկայի» հարցով դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը եւ այս պահին էլ իր կնոջ ներկայացուցիչն է Եվրոպական դատարանում»,- գրում է մեր «ինֆորմատորը»՝ վստահեցնելով, որ այս գործով նախարարը հայտնվել է շահերի բախման վիճակում, այսինքն՝ նա դատի է տվել այն պետությանը, որի արդարադատության նախարարն է։



Մենք հարց ուղղեցինք **Արտակ Զեյնալյանին**, եւ նա մեզ սպառիչ պատասխան տվեց։ Պարզվում է, նշանակվելով ՀՀ արդարադատության նախարար՝ նա ինքնաբացարկ է տվել այս գործով։ «Ես առաջին օրը նախարարի տեղակալին հրավիրել եմ եւ հանձնարարել եմ, որ ինձ չզեկուցեն այն բոլոր գործերը, որոնց ես առնչություն ունեմ, այդ թվում նրանք, որոնցով ես ներկայացուցիչ եմ։ Ես ՄԻԵԴ գրություն եմ ուղարկել՝ հայտնելով, որ նշանակվել եմ արդարադատության նախարար, եւ այդ բոլոր գործերով հրաժարվել եմ ներկայացուցչությունից։ Շահերի բախումը ես զրոյացրել եմ ուղղակի, ինքնաբացարկ եմ հայտարարել՝ դրա համար չունենալով օրենքով սահմանված որեւէ պարտավորություն։ Ես էթիկայի կանոնները պահպանել եմ՝ պարտավորված չլինելով որեւէ կառույցի առաջ պահպանել դրանք։ Ես դա արել եմ, շահերի բախում չկա»։ Հարցին, թե ով է ներկայացնելու իր կնոջ գործը, Զեյնալյանը պատասխանեց, որ դրանով կոմունիկացիան վաղուց ավարտվել է։ «Ավելի վաղուց, քան ես նշանակվել եմ արդարադատության նախարար, այնտեղ արդեն ոչինչ չկա անելու»։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**