Վարչապետը ոչ թե ներգրավվածություն ունի, այլ՝ մտահոգվածություն

Վարչապետը ոչ թե ներգրավվածություն ունի, այլ՝ մտահոգվածություն
Երեկ մեկնարկեցին «արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի» առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները, որի ղեկավարն է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձեւավորվեց ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին գաղտնալսելուց հետո։ Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որեւէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցների ձայնագրությունների փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է երկու քրեական գործ՝ մեկը պաշտոնատար անձանց միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու եւ տարածելու, իսկ մյուսը՝ առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Կոստանյանն ասաց, որ քննարկելու են մեխանիզմներն ու գործիքակազմը՝ հիմք ընդունելով այդ գործի օրինակը․ «Մենք հարցնելու ենք, թե դատախազության հսկողությունը տվյալ դատավարական գործողությունների իրականացման մասով առնվազն պատշաճ եղե՞լ է, թե՞ չի եղել, այսինքն՝ հսկողություն եղե՞լ է, թե՞ չի եղել, կամ պատշա՞ճ է եղել»: Նշենք, որ այդ հանձնաժողովի գործունեության առավելագույն ժամկետը վեց ամիսն է, սակայն եթե շուտ ավարտի աշխատանքները։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ Կոստանյանն առաջարկ է ստացել եվրոպացի գործընկերներից՝ անդամակցել ԵՄ դատախազությանը, որի ձեւավորման աշխատանքները կսկսվեն այս տարեվերջից, ամենաուշը՝ եկող տարվա հունվարից։ Գեւորգ Կոստանյանի հետ զրուցեցինք Հայաստանից գնալ-չգնալու, ՀՀԿ-ին անդամակցելու եւ այլ հարցերի շուրջ։



**-Պարոն Կոստանյան, Դուք ստանձնեցիք քննիչ հանձնաժողովի ղեկավարումը, կարո՞ղ ենք ասել, որ չեք ընդունի ԵՄ առաջարկը՝ աշխատել ԵՄ դատախազություն նորաստեղծ մարմնում, եւ կմնա՞ք Հայաստանում, քանի որ այստեղ էլ հետաքրքիր օրեր են սպասվում։**



-Իրականում ես իմ կենսագրության ընթացքում շատ առիթներով եմ հրավերներ ստացել կոնկրետ Եվրոպա եւ այլ միջազգային կառույցներում աշխատանքի եւ, անկեղծ ասած, այս դեպքում եւս այդ հրավերն ստացել եմ, բայց վստահ եմ, որ այս հանձնաժողովի աշխատանքները կավարտեմ՝ նոր։ Ես վստահ եմ, որ որոշակի ժամկետներ ունեմ՝ այս հանձնաժողովի աշխատանքն ավարտեմ եւ այնուհետեւ հրավերն ընդունելու համար։



**-Երկու ամսում կավարտե՞ք, իսկ եթե երկարաձգվի՞։**



-Ես կարծում եմ, որ հանձնաժողովի աշխատանքները կհասցնենք ավարտել, նոր կմեկնեմ։



**-Իսկ եթե ամիսներ ձգվեն, կմերժե՞ք առաջարկը։**



-Ժամանակը ցույց կտա։



**-Եվ հանուն ինչի՞**։



-Ես մի քանի անգամ մերժել եմ նման առաջարկները, շատ անկեղծ ասեմ՝ հանուն ինչի։ Որովհետեւ սա այն դեպքը չէ, որ դու կարող ես այստեղ աշխատանքից ազատվել, գնալ այնտեղ, սա եւ հոգեբանական նշանակություն ունի ինչպես ինձ համար, այնպես էլ իմ ընտանիքի, իմ երեխաների։



**-Իսկ թիմի՞, Հանրապետականի՞… գուցե իրենք նեղության մեջ են, չեք ուզում թողնել-հեռանալ։**



-Դժվար հարց եք տալիս, դա էլ է ինձ մտահոգում, բայց առաջնահերթ ես խնդիր ունեմ, որպեսզի իմ երեխաները եւ նրանց կենսագրությունը, երկրի հետ կապը չկտրվի։ Դա ինձ համար սկզբունքային հարց է, ես միշտ եմ փորձել այդպես անել, որ ո՛չ իմ, ո՛չ երեխաներիս կապը երկրի հետ չկտրվի, որովհետեւ սա ոչ միայն էմոցիոնալ տեսակետից, այլեւ գիտակցական մակարդակով ինձ համար չափազանց կարեւոր եւ առաջնային նշանակություն ունի։



Դրա համար է գնալ-չգնալու հարցն ինձ համար շատ բարդ հարց, դրանով է պայմանավորված, որ ես նախկինում մի քանի անգամ, տարբեր պատճառներով մերժել եմ, բայց հիմքում դա է դրված եղել, որ չեմ ուզում իմ ու իմ երեխաների կապը կտրեմ երկրի հետ։



**-Հնարավո՞ր է մնալով՝ կապերն ավելի սերտացնեք ՀՀԿ-ի հետ, անդամագրվեք այդ կուսակցությանը, ի՞նչ եք պատրաստվում անել։**



-Ես որեւէ կուսակցության երբեք չեմ անդամագրվել եւ չեմ էլ անդամագրվի որեւէ կուսակցության, որովհետեւ կուսակցականության անձնապես ես կողմնակից չեմ եւ դրա համար քաղաքական գործունեությանը, ինչպես տեսնում եք, հնարավորինս չմիջամտել։



**-Բոլոր դեպքերում, Դուք ՀՀԿ խմբակցության պատգամավոր եք, նշանակում է՝ այս թիմը Ձեզ հոգեհարազատ է, ի՞նչ եք կանխատեսում՝ ՀՀԿ-ն «վերածնվելու» շանսեր ունի՞, թե՞ ամեն ինչ ավարտվել է։**



-Ինձ համար երբեք իշխանության գալ-չգալը, այս ուժը իշխանություն է, մյուսը՝ ոչ… ինձ համար խնդիրը, թե որտեղ կարող եմ ես արդյունավետություն ապահովել իմ գործունեությամբ եւ ինչ-որ ձեւով փորձեմ իմ երկրին օգուտ տալ՝ իմ համեստ հնարավորությունների չափով։ Ես երբեք իշխանություն ունենալու կամ չունենալու, իշխանությունում ներգրավված լինել-չլինելու խնդիր իմ առջեւ չեմ դրել։



**-Իսկ որպես անկուսակցական, բայց ՀՀԿ-ի շարքերում գտնվող անձ՝ հետեւություն արվե՞լ է կատարվածի պատճառների մասին, եւ տեսնո՞ւմ եք ՀՀԿ-ի վերադառնալու որեւէ շանս։**



-Ես, ճիշտն ասած, այդ մասին չեմ էլ մտածել, որ հիմա շանսեր տեսնեմ կամ չտեսնեմ, դա ինձ չհետաքրքրող հատված է, բացարձակ։



**-Լավ, կուզեի, որ Դուք՝ որպես նախկին գլխավոր դատախազ, Ձեր գնահատականը տաք հայտնի ձայնագրության մասին, առհասարակ՝ տպավորություն ունե՞ք, որ վարչապետն ազդեցություն ունի դատավորների վրա։**



-Ես պետք է կոնկրետ դրվագներով փորձեմ գնահատական տալ, կոնկրետ այդ դրվագով եւ չունեմ բավարար տեղեկատվություն։ Համենայնդեպս, այնքանով, որքանով որ ես տեսնում եմ թեմայի քննարկվածությունը, հասկանում եմ, որ վարչապետը եւ ԱԱԾ տնօրենն այս դեպքում (նկատի ունի ձայնագրությունը`Լ․ Շ.) ոչ թե ներգրավվածության խնդիր ունեն, այլ մտահոգվածության խնդիր ունեն՝ գործի հիմնավորվածության հետ կապված։ Նկատի ունենալով, որ ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Յուրի Խաչատուրովը բավականին լուրջ անձինք են, եւ իրենց ներգրավվածությունը քրեական գործընթացներին կարող է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական որոշակի ազդեցություն ունենալ, հետեւաբար, ե՛ւ վարչապետը, ե՛ւ ԱԱԾ տնօրենը պետք է ունենան մտահոգվածություն այդ գործերի, քրեական հետապնդումների հիմնավորվածության հետ կապված։ Իմ դիտարկումը բերել է այն համոզման, որ այս սահմաններում է նրա գործունեությունը։

Ես ավելի դետալային չեմ կարող գնահատել, բայց իմ խորին համոզմամբ՝ սա է կոնցեպցիան։



**-Ձայնագրության մեջ նշվում է՝ դատավորը զանգել է ԱԱԾ տնօրենին, այսինքն՝ դատական համակարգից կապ են պահպանել ԱԱԾ տնօրենի հետ։**



-Հաշվի առնելով, որ ԱԱԾ տնօրենի մտահոգությունը կարող է լինել գործով անցնող անձանց սպեցիֆիկ կարգավիճակ ունենալու հանգամանքով, համոզմունք ունեմ, որ խնդրին ներգրավվածությունն ԱԱԾ տնօրենի համար եղել է բացառապես այդ շրջանակներում, որովհետեւ նա ի պաշտոնե ո՛չ իրավասու է քննել կամ գնահատել ապացույցները, ո՛չ էլ իրավասու է գնահատել օրինականությունը։



**-Պարոն Կոստանյան, վերջին ամիսներին առհասարակ շատ են քննադատությունները, որ իրավապահները նախկին իշխանության ներկայացուցիչների կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ ոչ հիմնավոր գործեր են հարուցում, անգամ Մանվել Գրիգորյանի դեպքում, որն այս պահին կալանքի տակ է։ Ի՞նչ կասեք այս մասին։**



-Նախ՝ կալանքի տակ գտնվելը դեռեւս չի նշանակում հիմնավորվածություն եւ օրինականություն, կալանքի տակ չգտնվելն էլ դեռեւս չի նշանակում, որ անհիմն էր, կամ բավարար հիմքեր չկային։ Ես չեմ կարող նման գնահատական տալ, հենց դրա համար էլ ես խնդիրը բարձրացրեցի հանձնաժողովի նիստում՝ այն կոնտեքստում, որ ե՛ւ իմ, ե՛ւ հանձնաժողովի համար շատ կարեւոր է տեսնել՝ պատշաճ դատախազական հսկողություն իրականացվո՞ւմ է այս բոլոր գործողությունների նկատմամբ, թե՞ ոչ, որովհետեւ դատախազական հսկողության պայմաններում մենք ունենում ենք օրինականության երաշխավորում կամ օրինականության խախտում։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**