Ուշադիր հետեւում են մեզ

Ուշադիր հետեւում են մեզ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը երեկ իր առաջին այցը կատարեց Հայաստան՝ այս կարգավիճակում: Նախկինում նա ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչն էր։ Այս տարվա ապրիլից նա զբաղվում է մարդու իրավունքներով, այսինքն՝ նրա կարգավիճակը բարձրացել է, լիազորությունները՝ մեծացել, եւ բարձրաստիճան տիկինը, թերեւս անհանգստացած Հայաստանում մարդու իրավունքների վիճակով, այցելել է Հայաստան։



Երեկ նա հանդիպել է մեծ խումբ պաշտոնյաների հետ՝ նախ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազի 3 տեղակալների (դատախազը Հայաստանում չէ), ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ, վերջապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Բոլոր հանդիպումներից պաշտոնական հաղորդագրություններ են տարածվել, բայց դրանք շատ քիչ բան են ասում հանդիպումների իրական բովանդակության մասին։



Միայն որոշ նախադասություններից եւ դրանց տողատակերից կարելի է գուշակել, թե ինչ առաքելությամբ է ժամանել ԵԽ պաշտոնյան։ «Սա լավ հնարավորություն է՝ տեղում ծանոթանալու մարդու իրավունքների ոլորտում առկա իրադրությանը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։



ԱԺ հաղորդագրության մեջ ասված է․ «Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ Միյատովիչը նշել է, որ անկախ քաղաքական հայացքների եւ դիրքորոշումների փոփոխությունից՝ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն»: Վարչապետի հանդիպումից․ «Կողմերը քննարկել են նաեւ մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքացիական հասարակության զարգացմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը, ընթացիկ ներքաղաքական զարգացումներին եւ այլն»:



Եթե մեզ թվում է՝ մենք միայն Ռուսաստանի հետ հարաբերություններ շտկելու խնդիր ունենք, այդպես չէ։