Ես ամեն ինչ արել եմ, որ «Ելք» դաշինքը մինչև վերջ գործի․ Արամ Սարգսյան

Ես ամեն ինչ արել եմ, որ «Ելք» դաշինքը մինչև վերջ գործի․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին հարց ուղղեցինք, թե ինչո՞ւ են լարվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լուս» դաշինքի, այսինքն՝ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների և ՔՊ-ի միջև հարաբերությունները, և որքանով է ազդում դա այդ ուժերի խորհրդարանական գործունեության վրա․



«Հակասություններ, իհարկ, կան, և այդ հակասությունների մասին թե՛ վարչապետն է բարձրաձայնում, թե՛ մենք ենք բարձրաձայնում։ Մոտեցումների տարբերություն կա, ես գտնում եմ, որ ճիշտը այդ տարբերությունները բարձրաձայնելն է, որովհետև դրանով, կարծում եմ, օգնում ենք վարչապետին։ Հավատացեք, որ միայն իր թիմի կամ իր ենթակաների կողմից տրված խորհուրդները այդքան էլ բավարար չեն և այդքան էլ օգուտ չեն ընդհանուր գործին, և երբ ես տեսնում եմ, որ ինչ-որ բան թերի է, որ ես իրենց պես չեմ մտածում, ես այդ մասին բարձրաձայնում եմ։ Կարող են օգտվել, կարող են չօգտվել, դա իրենց իրավունքն է։ Իսկ համացանցի մակարդակը ընտրություններին բնորոշ հատկանիշ է, լավ չէ, որ այդպես է, լարումներ կան, ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ վարչապետը դիմեր այդ առումով հանրությանը»։



**-ԱԺ-ում ներկայիս «Լույս» դաշինքը, այսինքն՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ՔՊ-ի հետ միևնույն դաշինքում են, մինչդեռ ավագանու ընտրություններին միմյանց հասցեին հաճախ չափազանց կտրուկ են արտահայտվում, այս լարվածությունները հասե՞լ են ԱԺ-ի «Ելք» խմբակցություն։**



-Մինչև հիմա որևէ բան այդ առումով չի հակադրվել, «Ելք» դաշինքն է այնտեղ գործում, ինչպես գործել է, այնպես էլ շարունակում է գործել, որևէ խնդիր չենք տեսել։ Այսուհետ կազդի՞, թե՞ չի ազդի, չգիտեմ, բայց խորհրդարանական գործունեությունը ներկայացված օրենսդրական նախագծերին կողմ կամ դեմ քվեարկելն է կամ սեփական նախաձեռնություններով հանդես գալը, այդ առումով չեմ կարծում, որ կարող են խնդիրներ առաջանալ։



**- Կարո՞ղ ենք արդեն հստակ ասել, որ սպասվելիք խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքով չեք մասնակցի ու մասնակցությունը կլինի առանց ՔՊ-ի։**



-Գիտեք՝ դա կախված է բազմաթիվ հանգամանքներից, համենայնդեպս, ես եղել եմ այն մարդկանցից, որ ամեն ինչ արել եմ, որ «Ելք» դաշինքը մինչև վերջ գործի ու գտել եմ, որ հանրության մոտ այդ պահանջարկը կա, որ ես, Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը միասին հանդես գանք։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում այդ հնարավորությունը կլինի՞, թե՞ չէ․․․։ Կարծում եմ՝ քիչ հավանական է, բայց փորձել արժի։