Քաղաքական բյուլետեն. լրագրային շանսոն

Քաղաքական բյուլետեն. լրագրային շանսոն
• Օրը տարաժամ էր: Անցնում էի ԱԱԾ շենքի մոտով: Հանկարծ բարձր-բարձր խոսակցություններ լսեցի: Մեկ ասի` գաղտնալսեմ, մեկ էլ ասի` բա քեզ 100 տարի պետք ա՞…



• Մինչեւ ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին «չփակեն», նրանք գաղտնալսման գործով ցուցմունք չեն տա:



• Հարցնում են` տեսնես ո՞վ է գաղտնալսել: Այ ձեր ցավը տանեմ, Հայաստանում քիչ հետաքրքրասեր կա՞: Մի անգամ եկեք մեր բակի «բեսեդկան» ու բաներ կլսեք, որ նույնիսկ ԱԱԾ-ն չի լսել:



• Ասում են` կարեւորը գաղտնալսման փաստը չէ, այլ գաղտնալսվածների խոսակցության նյութն ու լեքսիկոնը: Իմ կարծիքով` երկուսն էլ բավական են մեր թշվառ վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար:



• Դե որ խոսք գնաց գաղտնալսման մասին, ասենք նաեւ, որ օրենք է ընդունվել, որով Օսիպյանին թույլատրել են ըստ անհրաժեշտության, առանց ժամուպատարագի գաղտնալսել ընտրական գործընթացների մասնակիցներին: Դրանք քաղաքական թիմերն են, ընտրական հանձնաժողովների անդամները եւ, իհարկե, Երեւանի հարյուր հազարավոր ընտրողները: Գաղտնալսման եւ գաղտնատեսագրման ենթակա օբյեկտներին առաջարկում եմ այս օրերին զերծ մնալ բոլոր վատ սովորություններից, անկողնում լինել զուսպ եւ հավասարակշռված, հարեւաններին բարեւից բացի ոչինչ չտալ եւ չվերցնել, երթուղայինում ուրիշի համար չստանալ, թեյավճարներ չթողնել «գաղսոնին» եւ այլն:



Եվ մի քաղաքական լուր: «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Հայկ Մարությանն արձագանքել է «Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի բանավեճի առաջարկին: Մարությանի շտաբից հայտնել են, որ նա «խույվորել» եւ բյուլետեն է հանել:



Շանսոնիկները ժողովեց



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ**