Հետևեք հարթակին

Հետևեք հարթակին
Նիկոլ Փաշինյանի ընտրարշավին հետեւում եմ ոչ թե նրա ելույթները լսելու, այլ բեմի երկրորդ պլանում կանգնածների հոգեբանությունը հասկանալու համար: Նկատել եմ` նրանց մեջ քիչ չեն շփոթված, ընդհուպ վախեցած ավագանու թեկնածուները, որոնք Փաշինյանի ամեն բղավոցի հետ խլշկոտում են, շուրջները նայում: Տպավորություն ունեմ, որ նրանք ամեն վայրկյանի որեւէ սադրանքի սպասում ունեն` ձու կնետեն, «Երեւան սիթիի» անորակ լոլիկ կամ մի այլ բան, որ նույնքան փափուկ չէ, որքան լոլիկը:



Ուշադրություն դարձրեք, թե հասարակությունից օվացիաներ կորզող Փաշինյանի սպառնալիք-հայտարարություններին ինչպես են ծափահարում նրա հետինները: Դիցուք` Հայկոն, ծափահարելու փոխարեն, հազիվ մատների ծայրերն է իրար խփում: Դա, իմ կարծիքով, վախի, նաեւ քաղաքական իրավիճակը չպատկերացնելու, այդ իրավիճակում իր տեղն ու դերակատարությունը չհասկանալու նշան է: Մյուսները, մանավանդ կին թեկնածուները, ընդհանրապես սահմռկած են: Նրանց դեմքերի արտահայտություններից կարելի է կարծել, որ սեփական խոհանոցից հայտնվել են պատերազմի դաշտում, որտեղ նոր-նոր պետք է սերտեն շարային քայլի նրբությունները:



Այս թիմի ժողովրդային հանդիպումները, որոնց մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, երբեք անհետեւանք չեն մնում: Ամեն անգամ քննադատությունների ալիք է թափվում ոչ միայն վարչապետի, այլեւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ու նրա թիմակիցների գլխին, որոնք օբյեկտիվորեն չեն կարող որեւէ կերպ հակադարձել դրանց: Ի՞նչ ասի Հայկոն, երբ Փաշինյանն այնքան է քաղաքականացնում ընտրարշավը, որ մրցակից թիմի կին առաջնորդն է կորցնում ինքնատիրապետումը եւ ողջ հասարակության առաջ կասկածի տակ դնում «Իմ քայլի» առաջին համարի «տղամարդ տղա» լինելը: Ես Հայկոյի փոխարեն ինքնաբացարկ կտայի կամ էլ կանտեսեի Փաշինյանի հարուցած դժվարություններն ու կգնայի բանավեճի: Բայց արի ու տես, որ Հայկոն էլ է վախենում ասֆալտին փռվելուց, պատեպատ դիպչելուց կամ «սեւ», «հակահեղափոխական» եւ «երեխաներից ապագա խլող» որակվելուց:



Մենք ի վերջո գնում ենք Երեւանի ավագանու ընտրությունների, որոնք ավելին չեն, քան ՏԻՄ ընտրությունները: Այս ընտրությունները կարող էին եւ չլինել, եթե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական չտար եւ գլուխը չազատեր ընտրովի մարմինների ղեկավարների նկատմամբ սկսված հալածանքներից: Ո՞ւմ էր պետք Երեւանի ավագանու այս հապճեպ ընտրությունը, որն ըստ էության միայն խանգարեց ԸՕ փոփոխությունների ընդունման, ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ լեգիտիմ իշխանություն ձեւավորելու գործընթացին: Կեղծ են այն հայտարարությունները, թե Երեւանի ընտրությունները լավ ցատկահարթակ են ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ: Ես կարող եմ պնդել հակառակը: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, հնարավոր է, ունենանք մի իրավիճակ, որ Երեւանի քաղաքային իշխանությունՆ անհաղթահարելի հակասությունների մեջ հայտնվի ՀՀ իշխանությունների հետ: Հավանաբար, հենց այս իրավիճակից է փորձում խուսափել Նիկոլ Փաշինյանը, երբ իր կառավարությանն շտապեցնում է ԱԺ արտահերթ ընտրությունների հարցում: Նա համարում է, որ տակավին տիրապետում է այն ռեսուրսին, որ կար 2018թ. գարնանը, սակայն քաղաքական գործընթացները, այդ թվում եւ տարածաշրջանային, սկսել են ծավալվել այնպիսի արագությամբ, որ հազիվ թե որեւէ քաղաքական ուժ Հայաստանում կարողանա հասնել դրանց հետեւից եւ հաջողություն ապահովել ԱԺ ընտրություններում:



Երեւանի ընտրություններում Փաշինյանը սպառնում է ասֆալտին փռել ու պատերով տալ բոլորին, ովքեր անհամաձայնություն կհայտնեն իր որեւէ քայլի: Նա այս պահին առաջնորդվում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով, նրան զայրացնում է ամենափոքր ընդդիմադիր խոսքը: Այսպես հերթը հասնելու է նաեւ յուրայիններին: Եվ այս քաղաքականության պատճառով «ՔՊ»-ն հնարավոր է մի գեղեցիկ օր հայտարարվի գեղի կլուբ եւ վերջ: Ինձ թվում է` այս զգացողությունն ունեն նաեւ ավագանու հարթակին կանգնածներն ու քայլորդները, որոնք առայժմ վայելում են գործադիր իշխանության բարիքները:



Փաշինյանին այսօր ոչ թե Հայկո, այլ 40 տոկոս ձայն է պետք` մայրաքաղաքում իշխանություն հաստատելու համար: Եթե Հայկոն դա չի հասկանում, ապա վատ է, բայց հնարավոր է նաեւ, որ հասկանում է, ու դա է պատճառը, որ հարթակին իր անտաղանդ պոռթկումների արանքում հիմնականում անհավես, մատների ծայրով է ծափահարում «ամենայն հայոց առաջնորդին»:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**