Քսանամյա անկումի թոհուբոհով

Քսանամյա անկումի թոհուբոհով
Շատերը կհամաձայնեն, որ հայոց անկախ պետականաշինության ուղին ընդհատվեց 1998-ին: Հաջորդ 20 տարիներին Հայաստանն այլեւս ժողովրդավարության ցուցանիշ չէր, գավառամտության ցուցանիշ էր: Այդ տարիներին էր, որ ժողովրդի վստահության քվեն առ իշխանություն ի չիք դարձավ:



Ինչ էր մնում ինքնությունը կորցնող բնակչությանն անել. համակերպվել իրավիճակին, վերածվել ընտրակաշառք երազող, հլու-հնազանդ, անդեմ ընտրազանգվածի:



Կհիշեք. որոշ «վերլուծաբաններ» 1994-ի հրադադարի համաձայնագիրը «շփոթում» էին խաղաղության պայմանագրի հետ: Այդ «շփոթմունքը» հանգեցրեց նրան, որ Ղարաբաղյան ազատամարտի պահի երկու հերոսներ՝ «վոիններ», հաջորդաբար դարձան Հայաստանի իշխանության միապետեր: Յուրաքանչյուրը ձեւավորեց իրեն հարիր իշխանաօլիգարխիկ թիմ, սկսեցին ապրել «խաղաղության» մեջ՝ իրենց հերոսությունների հուշերով, ամենաթողության վայելքներով:



Այս իրողությունը հանգեցրեց մի նոր երեւույթի․ երկու անկախացած դրկից պետությունների «հակամարտող» ղեկավարների հռետորաբանությունը, նույնիսկ անձնական շահույթների մասին երեւէջները՝ բոլորը նույնական էին: Ում մտքով կանցներ, որ այդ նույնականությունը դրկից երկրները (առանց Վրաստանի) կվերածեին ընդհանուր մենթալ տիրույթի, որտեղ կիշխեր նույնականացած քաղաքական էթնոսը: Հիշենք Մեղրու շրջանը փոխանակելու փորձը:



Չի բացառվում, որ այդ տիրույթը կայացել էր խորհրդային տարիներին, երբ հանրապետությունների բազմազգ զավակները, ձեռք-ձեռքի տված, կոմսոմոլակոմունիստական դաստիարակություն էին ստանում, ասիական համակեցության «կաթսայում» թրծվում, ժողովուրդների բարեկամության կարգախոսով տոգորվում եւ դարձան դրկից պետությունների միեւնույն հոգեկերտվածքով միապետեր:



Քսանամյա ռեժիմի ձեւավորման շրջանում նրանց՝ դրկից պետությունների միապետերի «քաղաքական պոզահարողների» դերակատարությունը շատերիս խաղարկ (розыгрыш) թվաց: Սակայն դա իրենց ստեղծած իրական կյանքն էր՝ շարունակեցին ապրել, վայելել, հարստանալ համատեղ կերտած տիրույթում՝ յուրաքանչյուրն իր կողմից ղեկավարվող անկախ երկրում: Տարբերությունը շահաբաժինների մասշտաբներն էին, որոնց սնուցման համար նոր «կաթնաղբյուրներ» դարձան ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոյից կառչած մնալը, Հայաստանը շրջափակված պահելը, կոռումպացված երկրների շարքում «գավաթակիրներ» դառնալը, ընտրություններ կեղծելու, վերարտադրվելու գործընթացներ կատարելագործելը, տնտեսություն մոնոպոլիզացնելը, երկրի քաղաքական դիրքեր խարխլելը…



Հայաստանում օտար երկրների որոշ դեսպաններ դիվանագիտական լեզվով լուսաբանել են ստեղծված փակուղային վիճակից բխող խոչընդոտները, ցուցանել հաղթահարելու ուղիները: Օրինակ, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մի անգամ չէ ահազանգել, որ «ԼՂ կարգավորման բացակայությունը սնում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործիչների եւ մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն»: Մեկ այլ առիթով դեսպանը լրացրեց. «Մտահոգիչ է կոռուպցիայի այն տեսակը, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ իրենց հնարավորություններն ու լծակները ծառայեցնում են սեփական շահերին: Կոռուպցիայի այս դրսեւորումներն ու իշխանության այստեսակ չարաշահումը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը եւ ամենամեծ խոչընդոտը՝ բացելու երկիրն առեւտրի եւ ներդրումների համար»:



Մարդկության պատմության ընթացքում հզոր կայսրություններ են կործանվել, սակայն ոչ այնքան արտաքին թշնամիների հարձակումներից, որքան կայսրության ներսում բույն դրած կոռուպցիայից՝ պետական կառույցների եւ իշխանավորների ծախվածությունից: Հայաստանը թեեւ կայսրություն չէ, բայց 2 տասնամյակ կոռումպացված էր վերից վար:



Մեր օրերում միջազգային հանրությունը՝ Արեւմուտքը, երրորդ աշխարհի երկրներին վերաբերվում է քամահրանքով: Մեր երկրի հանդեպ քամահրանքի դրսեւորումներից մեկն էլ այն էր, որ Արեւմուտքը մեր տարածաշրջանի երկու դրկից երկրներին առանձնապես իրարից չէր տարանջատում, ընկալում էր առկա մենթալ միասնական տիրույթում եւ, բնականաբար, ավելի ցայտուն առաջնորդվում իր իսկ աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահութաբերության տրամաբանությամբ: Քսանամյա անկման ընթացքում Հայաստանում իշխող ռեժիմը սպասարկել է հենց այդ տրամաբանությունը՝ ի հեճուկս ազգային շահերի:



Նախորդ ռեժիմն արդեն անցյալում է, բայց վնասազերծված չէ: Բնակչությունը դեռ խարխափում է քսանամյա խեղաթյուրման ճահճում, նոր իշխանությունից պահանջում կայծակնային արագությամբ ձեռքբերումներ, սակայն հեռու է այն մտայնությունից, որ հիվանդ արդարադատության հիմքերը խորն են, առողջացման ուղին՝ ցավոտ:



Ցավը մեղմելու մտահոգությամբ Հայ ազգային կոնգրեսն առաջարկեց Հայաստանում ստեղծել միջազգային փորձից հայտնի անցումային արդարադատության ինստիտուտ՝ անցումային ժամանակաշրջանի համար:



Առաջարկվող նորույթը գործող դատարաններին չի փոխարինելու, ավելին՝ աջակցելու է: Այդ առաքելությունն իրագործող մարմինները պահանջված են այնքանով, որքանով գործող դատական համակարգն ի վիճակի չէ արագ մաքրագործվել եւ մաքրագործել գործող օրենսդրության մեջ առկա բազմաթիվ հակասություններ ու իրական արդարադատություն սփռել երկրով մեկ:



Ինչ խոսք՝ արդարադատության ուղին հարթվելու է Սահմանադրությամբ: Սակայն Սահմանադրության որոշ դրույթներ նույնպես պետք է փոխվեն, որոշներն էլ՝ վերաձեւակերպվեն, միջազգային պարտավորություններ վերանայվեն:



Բովանդակային առումով անցումային արդարադատության գլխավոր խնդիրն է. անցումային շրջանում, օրենքի գերակայության սկզբունքով պաշտպանել առանձին անձանց արժանապատվության իրավունքը եւ կանխարգելիչ դրույթներով ապահովագրել ոտնձգություններից:



Առաջարկի շուրջ արձագանքները հակասական են: Անցյալ դարձած ռեժիմի նվիրյալները նորույթին դեմ են, թե հայոց պետականությունը հեռու է ծայրահեղ վտանգներից: Շարքային (տուժած) բնակչությունը, մի շարք քաղաքական, հասարակական կառույցներ կողմ են:



Չշտապենք, քննարկումները շարունակվում են:



Այդուհանդերձ, կյանքը շարունակվում է, հետն էլ նոր հարցեր բերում: Օրինակ. 100 օրն անցավ, մի բան փոխվե՞ց… Իհարկե, փոխվեց. ի չիք դարձան վախը, կաշկանդվածությունը, ստրկամտությունը, վերագնահատվեց ընտրակաշառքը…



Հենց այդ նորընծա «գտածոներով» է ճեղքվելու մենթալ տիրույթի պատնեշը, երկիրը դուրս է մղվելու ասիականությունից: Մնացյալը սպասելիքներ են մեր իսկ ազատագրված ուղեղներից, թափանցիկ, մաքուր ընտրությունների արդյունքներով լիազորված եւ ձեւավորված իշխանություններից:



**ՀԳ** 1. Թեեւ գող ու ավազակ բռնելն առայժմ օրվա ուրախությունն է, այնուամենայնիվ, միայն համակարգային, անհետաձգելի բարեփոխումների արդյունքում կունենանք վերագտնված Հայաստան:



2. Այս գործընթացներին շարունակելու է հետեւել միջազգային հանրությունը:



**Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ**