Մեծ աշխարհ, փոքրիկ Հայաստան

Մեծ աշխարհ, փոքրիկ Հայաստան
Մեր հասարակությունն այնքան է մեկուսացված մեծ աշխարհից, որ մենք շարունակ «հեծանիվ ենք հորինում» կամ զարմանում ամենատարրական իրողությունների վրա։ Երկու բարձրաստիճան իրավապահներին գաղտնալսելու փաստից խիստ զարմացած մեր հանրությունը մոռանում է, որ աշխարհի ամենահզոր երկրներում անգամ բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետությունների ղեկավարների գաղտնի խոսակցությունն ու նամակագրությունն են պարբերաբար բացահայտվում։ Ո՛չ Արթուր Վանեցյանն է ավելի հզոր, քան Անգելա Մերկելը, ո՛չ Սասուն Խաչատրյանն է ավելի անձեռնմխելի, քան Բարաք Օբաման։ Միայն «Վիկիլիքսի» հայտնի սկանդալը բավական է հասկանալու համար, որ Պենտագոնի ու Պետդեպի արխիվներն անգամ կարող են գաղտնազերծվել, իսկ արդյունքում՝ աշխարհաքաղաքական իրողություններ փոխվել, ուր մնաց փոքրիկ Հայաստանում ինչ-որ բան ծածուկ լինի՝ մնալով փոքրաթիվ անձանց սեփականությունը։



Պարզապես հանրության միջոցներից սնվող, նրա կողմից ընտրված անձինք պետք է ապրեն այնպես, որ ցանկացած գաղտնազերծում չհիասթափեցնի հանրությանը, եւ իրենք ամաչելու բան չունենան։ Դժվա՞ր է, գրեթե անհնարի՞ն։ Բայց չէ՞ որ մեր երկրում «իրավիճակ է փոխվել», եւ ենթադրվում է, որ հանրությանը խաբելը, նրա միջոցները վատնելը, նրան շահագործելն ու անօրինականություններ անելը մենք թողել ենք անցյալում, ինչպես անցյալում են մնացել այդ մեթոդներով գործող իշխանավորներն ու պաշտոնյաները։ Համենայնդեպս՝ ուզում ենք, որ այդպես լինի։ Առհասարակ՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին հետեւելն անչափ ուսանելի բան է։ Նրանք, ովքեր հետեւում են դրանց, ավելի խաղաղ են վերաբերվում մեր խորհրդարանում ծագող լեզվակռիվներին, ընտրությունների քարոզարշավի ժամանակ ոմանց հիստերիկ ելույթներին, մրցակիցների դեմ կոմպրոմատների պատերազմին։