Գյումրու քաղաքապետարանն ամեն ինչի համար գումար ունի, իսկ առողջության համար՝ ոչ․ լուսանկարներ

Գյումրու քաղաքապետարանն ամեն ինչի համար գումար ունի, իսկ առողջության համար՝ ոչ․ լուսանկարներ
Ռուսական պատմական Կարմիր բերդի հարևանությամբ տեղակայված Չերքեզի ձորը գյումրեցիների համար մշտապես եղել է հանգստի գոտի: Երկրաշարժից տասը տարի անց՝ 1999 թվականին, ստեղծվեց «Չերքեզի ձոր» ընկերությունը՝ խնդիր դնելով վերականգնել ձորի երբեմնի համբավը։ Ընկերությունը կառուցել է ավազաններ և ձորում հոսող աղբյուրների սառը ջուրն օգտագործելով՝ հիմնել ձկնաբուծարան։ Այցելուները հենց ավազանների կողքին ճաշակում են ձկնատեսակները՝ վայելելով ձորի բնությունը, մաքուր օդը, պաղ ջուրը։ Հետզհետե ձորը ոչ միայն երբեմնի համբավը վերագտավ, այլև նշանավորվեց որպես «Ձկան ձոր» անվամբ։ Սակայն ձորի հարևանությամբ աղբակույտի վերածված տարածքները ակնահաճո չեն ոչ միայն գյումրեցիների, այլև զբոսաշրջիկների համար:



Ի դեպ, Չերքեզի ձորը համարվում է Գյումրու կանաչ տարածքներից մեկը: Բնապահպանները ահազանգում են. տարածքն աղբակույտի վերածելն արդեն իսկ աղետ է: Գյումրեցի լրագրող Անահիտ Սիմոնյանը առաջարկ ունի, որն այդպես էլ չի կարևորվում. «Ինչպես առողջ մարդկանց, այնպես էլ խրոնիկական հիվանդություններ ունեցողների համար մարմնամարզությունը կարևոր նշանակություն ունի: Այդ նպատակով Գյումրիում բացօթյա մարմնամարզության համար նախատեսված կանաչապատ տարածքներ գրեթե գոյություն չունեն: Գյումրու Չերքեզի ձորում գտնվող ռուսական լվացքատան դիմացի տարածքը հարմար է առողջական կենտրոն դարձնելու համար: Հարկավոր է տարածքը բարեկարգել, այնտեղ որոշ մարզասարքեր տեղադրել: Այն չպետք է լինի որևէ մեկի սեփականությունը կամ դառնա անհատի բիզնեսի աղբյուր: Գյումրեցիների համար պետք է լինի անվճար:



Այս կենտրոնի առկայությունը էապես կբարելավի բոլորի առողջությունը: Անցած տարի դիմեցի Գյումրու քաղաքապետարան, որտեղից պատասխանել էին, որ տարածքն հարմարավետ է այդ նպատակին ծառայեցնելու, սակայն ծրագրի իրագործման համար ֆինանսական միջոցներ չունեն: Նշել էին, որ խնդիրը կարող է լուծվել նաև ՀԿ-ների, միջազգային դոնոր կառույցների ֆինանսական աջակցությամբ: Միաժամանակ պատասխանել էին, որ հանձնարարված է համայնքապետարանի համապատասխան բաժնին ավելի հետևողական զբաղվել այս հարցով»,-մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Սիմոնյանը՝ միաժամանակ նշելով, որ իր համար տեսանելի չէ, թե այդ ուղղությամբ Գյումրու քաղաքապետարանն ինչպիսի աշխատանքներ է իրականացրել, ինչպես նաև անհասկանալի է համարում, երբ արդարանում են, թե ֆինանսների բացակայությունն է պատճառը: «Որպես օրինակ բերեմ հետևյալ փաստը. 2018 թվականին Գյումրու ավագանին որոշեց 3 միլիոն դրամ հատկացնել, որպեսզի կանանց միջազգային տոնը նշելու համար միջոցառում կազմակերպվեր: Բացի այդ, Գյումրու բյուջեից մշակութային տարբեր ծրագրերի ֆինանսավորման փոխարեն անհրաժեշտ է նախևառաջ այս ծրագիրը կյանքի կոչել, քանի որ այն վերաբերում է ամենաթանկ բանին՝ մարդու առողջությանը»,-ավելացրեց մեր զրուցակիցը:



Հավելենք, որ նախքան ծրագիրը կյանքի կոչելն անհրաժեշտ է հիմնանորոգել դեպի Չերքեզի ձոր տանող ճանապարհները, երբեմնի կուսական բնություն ունեցող, կանաչ գոտի համարվող տարածքը մաքրել մշտական աղբից: Թեև ձորում երբեմն մաքրման աշխատանքներ իրականացվում են, սակայն դրանք մակերեսային բնույթ են կրում, քանի որ տարիների ընթացքում կուտակված աղբի շերտերն այդպես էլ մնացել են: « Նման խնդիր առաջացավ, քանի որ տարիներ շարունակ Գյումրու համայնքապետարանը առավել խորքային ուշադրություն չդարձրեց ձորում մաքրման աշխատանքներ իրականացնելուն: Շատ դեպքերում բնակիչներն աղբը թափում են ուր պատահի: Բացի կենցաղայինից, այստեղ նաև շինարարական աղբ է առկա, ավտոմեքենաների թափքեր: Հետո էլ խոսում են զբոսաշրջությունը զարգացնելու մասին»,-համոզմունք հայտնեց լրագրողը: Նշենք, որ քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ մեր հարցերին կպատասխանեն միայն գրավոր, սահմանված ժամկետում:



**Արևիկ Հակոբյան**