Պուտինը կայցելի Երեւան` Ղարաբաղի հարցը որոշելու եւ Հայաստանում սկսվող քաոսը կանգնեցնելու համար․ ROSBALT

Պուտինը կայցելի Երեւան` Ղարաբաղի հարցը որոշելու եւ Հայաստանում սկսվող քաոսը կանգնեցնելու համար․ ROSBALT
Սեպտեմբերին Ռուսաստանի նախագահը հանդիպեց եւ Ալիեւի եւ Փաշինյանի հետ, սակայն, ըստ երեւույթին չխոսեց ամենաթեժ հարցերի մասին։ Հաշված օրեր անց Պուտինին կսպասեն արդեն Բաքվում եւ ավելի ուշ՝ նաեւ Երեւանում։ Կարելի է ասել, որ հանդիպումը Ալիեւի հետ ավելի արդյունավետ էր եւ կառուցողական, քանի որ ստորագրվել է ավելի քան տասը համաձայնագիր տարբեր ոլորտներում։ Այս կարծիքին է **ROSBALT**-ի մեկնաբան Իրինա Ջորբենաձեն, ով նաեւ գրում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ներկայումս վերելքի փուլ են ապրում, մինչդեռ Հայաաստանի հետ հարաբերությունները եթե չասենք, որ փակուղի է մտել հեղափոխության միջոցով իշխանության զավթումից հետո, ապա գոնե ունեն բազմաթիվ խնդիրներ, այն դեպքում, երբ իշխանությունը զավթած նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիֆերամբներ է ձոնում Պուտինին, իսկ նրա ձեւավորած կառավարությունն ունի արեւմտամետ կեցվածք։



Այս վիճակը անհանգստացնում է արդեն ոչ միայն Կրեմլին, այլ նաեւ Հայաստանի բնակչության մեծ մասին, ներառյալ նաեւ այն սեգմենտին հասարակության, որը ձեռքերը թափահարեց հեղափոխության ժամանակ։ Հոդվածում նշվում է, որ Փաշինյանի եւ նրա համախոհների գործողությունները արդեն իսկ հարցականի տակ են դրել Հայ ժողովրդի համար կարեւոր չորս հարցերի ապագան։ Խոսքը Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում Ռուսաստանի օգնության հարցն է, Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորումը, հայկական բանակի՝ ռուսական արդիական սպառազինություններում համալրումը, ինչպես նաեւ նախկին ղեկավարների դեմ սանձազերծած «կուլակաթափությունն» ու հետապնդումները։ Հոդվածագիրը նշում է, որ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին ռուսական պաշտոնական աղբյուրները, կարելի է ասել, որ գրեթե ոչինչ չպատմեցին։ Միայն այցի նախօրեին Մոսկվայում ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ երկկողմ հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել եւ Կրեմլն ակնկալում է անկեղծ եւ լուրջ խոսակցություն, որոնք առնչվում են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում գործակցությանը։ Հայտնի է, որ սեպտեմբերի 25-ին Պուտինը մեկնում է Բաքու, իսկ այնտեղից, հավանաբար՝ Երեւան։ Երեւի այն, ինչի մասին չեն խոսել, կամ չեն կարողացել պայմանավորվել, հարկ է արագ կարգավորել։ Հոդվածում ուղղակի ակնարկի տեսքով նշվում է, որ այդ ինչ որ բանը, ամենայն հավանականությամբ կապված է հենց Ղարաբաղյան կարգավորման հետ, քանի որ հակամարտության կարգավորման գործընթացը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կարելի է ասել, որ մտել է փակուղի։ Պարբերականը նկատում է, որ Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանն այս հարցում ավելի խոսուն էր եւ նրա օրոք գոնե հույս կար, որ հակամարտությունը կարելի է կարգավորել փուլային տարբերակով, եւ բացի այդ, Սարգսյանը անհամեմատ ավելի փորձառու քաղաքական գործիչ էր եւ դիվանագետ, քան ինքն իրեն ժողովրդի վարչապետ հռչակած Փաշինյանը։



Ու այստեղ ակամա հիշում ես, թե ինչ է ասել Փաշինյանը հանդիպումից հետո Ղարաբաղի մասով։ Խոսքն այն մասին է, որ նա հայտարարել է, որ յոթ շրջանները նա համարել է Լեռնային Ղարաբաղի մաս, համաձայն ԼՂՀ սահմանադրության, այն դեպքում, երբ ԼՂՀ-ն չի ճանաչել նույնիսկ Հայաստանը։ Լրագրող Ջորբանիձեն անդրադառնում է ապա Փաշինյանի՝ Ղարաբաղի մասով արված բոլոր հակասական հայտարարություններին, եզրակացնելով, որ Պուտինին ամենայն հավանականությամբ Ղարաբաղի մասով չի հաջողվել Հայաստանի ղեկավարի մարտնչող կեցվածքը չափավորել։ Առհասարակ Փաշինյանը չափազանց մարտնչող կեցվածք է որդեգրել, թեեւ մյուս կողմից անընդհատ արտահերթ պառլամենտական ընտրությունների հետաձգումը խոսում է այն մասին, որ որքան էլ նա Սարգսյանին եւ Քոչարյանին համարի քաղաքական դիակներ, սակայն պարզեիպարզ վախ ունի նրանցից, որ արտահերթ ընտրությունների ժամանակ հնարավոր է որոշակի կոմբինացիայով իրեն հեռացնեն ասպարեզից եւ իշխանությունից։



«Դժվար է ասել, թե Երեւանում ինչպիսի խոսակցություն կընթանա։ Եթե Պուտինին չհաջողվի խելամիտ դիրքորոշման բերել Փաշինյանին կապված Ղարաբաղյան պրոբլեմատիկայի, նախկին ղեկավարներին չհետապնդելու, որոնք հանդիսանում են Կրեմլի դաշնակիցները, ռուսական բիզնեսին չհարվածելու, արեւմտամետ ուղեծրից դուրս գալու եւ այլ հարցերի շուրջ, ապա լիովին հավանական է, որ հայ-ռուսական հարաբերությունները սառեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջովին Մոսկվայից կախվածության մեջ գտնվող Հայաստանը չի հասկացել, որ ռազմավարական դաշնակցությունը միայն դատարկ հայտարարություններն ու հավատարմության երդումները չեն»,- գրում է ROSBALT-ը։ Կարելի է ասել, ամփոփում է պարբերական, որ Պուտինը Երեւան է այցելելու Հայաստանի ներքին եւ արտաքին քաոսը կանգնեցնելու համար, ինչը հարվածում է արդեն Հարավային Կովկասում ռուսական շահերին, ինչպես նաեւ Ղարաբաղի հարցը որոշելու համար։