Քարոզարշավն ինձ դուր չի գալիս, որովհետև ծառայում է այդ մի ընդհանուր գաղափարը վարկաբեկելուն, պղծելուն

Քարոզարշավն ինձ դուր չի գալիս, որովհետև ծառայում է այդ մի ընդհանուր գաղափարը վարկաբեկելուն, պղծելուն
Ռեժիսոր **Խաչիկ Չալիկյանը**, անդրադառնալով ավագանու ընտրություններին եւ նախընտրական պայքարին, մի կարեւոր առանձնահատկություն է նշում․ «Լիարժեք ընկալում չկա, հակառակ դեպքում քարոզարշավն այլ կերպ կընթանար։ Այսինքն՝ բոլոր ուժերը, վերջին հաշվով, ներկայացնում են մեր ապրած իրականությանն ընդդիմություն, եւ այդ առումով բոլորն իրար փոխլրացնող ուժեր են, եւ չկա ոչ մեկը, որ լինի գաղափարական հակադրություն մեկ ուրիշի նկատմամբ։ Փաստորեն, պայմանականորեն կարող ենք ասել, որ մասնակցում է մի կուսակցություն, եւ այդ առումով քարոզարշավն ինձ դուր չի գալիս, որովհետեւ քարոզարշավը ծառայում է այդ մի ընդհանուր գաղափարն ավելի վարկաբեկելուն, պղծելուն, եւ կարծես թե ընդդիմությունն ինքն իրեն ոչնչացնելու ծրագիր է իրականացնում։ Մինչդեռ կարելի էր սիրո եւ համերաշխության միջոցով ձեւավորել կոալիցիոն քաղաքային մի իշխանություն, որն իրար փոխլրացնելով՝ կլուծեր մեր առջեւ ծառացած հիմնական խնդիրները, որովհետեւ բոլորն էլ կոչված են դրան։ Այդ առումով ես ոչ թե պայքար կուզեի տեսնել, այլ նույն սիրո մթնոլորտն արտահայտելու հնարավորություն։ Դրանից կշահեր ե՛ւ հոգեւոր դաշտը, ե՛ւ կձեւավորվեր մի քաղաքային իշխանություն, որը կմտածեր իր բուն առաջնահերթությունների մասին»։



Չալիկյանը չի ստացել ավագանու ցուցակներում ընդգրկվելու առաջարկ, ավելին՝ ստանալու դեպքում էլ կհրաժարվեր․ «Մշակույթով զբաղվելն ուրիշ է, մշակույթը կառավարելը լրիվ հակառակ խնդիր է, ես չեմ կարծում, որ իրոք արվեստի, մշակույթի մարդը կուզենա ինչ-որ բան կառավարել ու ղեկավարել։ Այդ առումով ինչքան էլ ոմանց մշակութային դաշտում հարգում եմ, եթե նրանք փորձում են մտնել քաղաքական դաշտ, ես զգում եմ, որ նրանք անելիք չունեն, որովհետեւ պալատում միայն խեղկատակներ կարող են լինել, այնտեղ ստեղծագործող չի կարող լինել»։



Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, ապա․ «Ցավոք, բարձր եմ գնահատում նրա ընտրվելու շանսերը ոչ թե նրա համար, որ ես դեմ եմ, այլ նրա համար, որ չէի ուզի այս երկիրը գնար դիկտատի միանձնյա կառավարման։ Ես անգամ կուզեի այդ կուսակցությունը («Քաղաքացիական պայմանագիրը») ներկայացներ իր կազմը, բայց քաղաքապետ իր կողմից չներկայացներ, այսինքն՝ փորձեր մարդկանց պահել հենց այդ նույն սիրո եւ համերաշխության մթնոլորտում ու երկրի քաղաքացի լինելու գաղափարը շեշտեր։ Ես այդտեղ չեմ տեսնում այն քաղաքական դեմքը, որը կարող է ոչ միայն բոլորին մոբիլիզացնել, այլեւ չէի ուզի, որ քաղաքական դաշտում հենց ինքը մոնոպոլ խնդիրներ լուծեր։ Լավ կլիներ, որ քաղաքապետը բոլորինս լիներ՝ ոչ թե այն առումով, որ բոլորը նրան ընտրեին, այլ իր նկարագրի եւ սիրո համերաշխության տրամաբանությունից ելնելով։ Իսկ անձի հետ կապված որեւէ խնդիր չունեմ, շատ կարգին տղա է, լավ անձնավորություն, բայց դա որեւէ երաշխք չէ, որ նա կարող է լինել լավ քաղաքապետ»։



Չալիկյանն ընդգծում է, որ հայտնվելով համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ իրավունք չունեինք աշխարհի այդ հետաքրքրությունը մեր հանդեպ տանուլ տալ, մենք դա պետք է հզորացնեինք, մեծացնեինք եւ ցանկացած նախաձեռնության մեջ նոր գաղափարներ, նոր գերխնդիրներ, նոր քաղաքակրթական արժեքներ փորձեինք ներմուծել․ «Այսինքն՝ մենք պետք է փորձեինք այս սպառված քաղաքական, տնտեսական հսկայական ճգնաժամի պայմաններում մեր խոսքն ասել։ Մենք կամաց-կամաց մեր խոսքը տանուլ ենք տալիս, եւ եթե ասեն, որ 100 տոկոս արդար ընտրություններ են լինելու, դա ինձ համար քիչ է։ Ես կուզենայի, որ այդ ընտրությունների ուղղվածությունը, ոգին, որակը, իր առջեւ դրված գերխնդիրները լինեին այնպես, որ հետաքրքրեին էլի նույն համաշխարհային հասարակայնությանը։ Այսինքն՝ մենք փորձում ենք քայլել էլի կիսաքայլերով, ինչքան էլ դրանք լիարժեք լինեն, որն ինձ չի գոհացնում։ Ես այսօր ուզում եմ մեծ խնդիրներ դնել, մեծ քայլեր անել, մեզ ամեն օր է պետք հեղափոխություն, որովհետեւ այն իրականությունը, արժեքները, որ մեզ պարտադրել են, շատ հեռու է մեր ինքնությունից։ Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու, որը եթե չլուծենք, շատ վախենում եմ, որ նորից գլորվենք նույն ճահճի մեջ»։



Կոմպոզիտոր **Երվանդ Երկանյանը** կարծում է՝ լավ կլիներ, որ առաջնորդվեինք ոչ թե քաղաքական ուժերի առկայությամբ, այլ անհատների ներկայությամբ. «Մի կողմ դնենք, թե ինչ քաղաքական ուժի է պատկանում տվյալ անհատը, որովհետեւ այս դեպքում ավելի հստակ են երեւում քաղաքապետի թեկնածուի անձնական հատկանիշները, պարզապես կուսակցական պատկանելությունը շատ հաճախ կարծես 2-րդ պլան է մղում մարդու անհատական հատկանիշները, եւ սկսում ես մտածել՝ կուսակցությո՞ւնն ընտրել, թե՞ կուսակցության ներկայացուցչին, հատկապես այն դեպքում, որ կա կուսակցություն, որին դու համակրում ես, բայց այդ կուսակցության առաջին համարի ներկայացուցչին առանձնապես չես համակրում։ Եվ լինում է հակառակը՝ այն կուսակցությունը, որին չես համակրում, այնպիսի մարդ է ներկայացնում, որ ուզում ես նրան քվեարկել, բայց այդ կուսակցությունը խանգարում է քեզ։ Կարծում եմ՝ վերջապես մի օր պետք է գա, որ մենք այլեւս այդ կուսակցական հարցերը դնենք մի կողմ եւ առաջնորդվենք մարդու գործնական հատկանիշներով, նրա փորձառությամբ, գիտելիքներով։ Իմ կարծիքով, սա պակասում է հատկապես քաղաքի ընտրությունների հարցում»։



Կոմպոզիտորը ցանկանում է, որ վերջապես մեր պատմության մեջ ունենաք կին քաղաքապետ, եթե Փարիզը կարող է ունենալ կին քաղաքապետ, Երեւանն ինչո՞վ է պակաս Փարիզից. «Մինչեւ հիմա բոլոր քաղաքապետերը եղել են տղամարդիկ, ու մինչեւ հիմա լսել ենք միայն ձախողումների մասին՝ առավել կամ պակաս չափով։ Քաղաքն այնքան խնդիրներ ունի, որ, իմ կարծիքով, կարիք ունի լավ տնտեսվարուհու։ Կին, ով կարողանում է իր տնտեսությունը լավ ղեկավարել, կարող է նաեւ քաղաք ղեկավարել։ Կուզեի, որ այս անգամ գոնե կին քաղաքապետ ընտրվեր, եւ բոլոր այն խնդիրները, որ այս տարիների ընթացքում առաջ են բերել տղամարդ քաղաքապետերը, գուցե կին քաղաքապետին հաջողվի լուծել»։



Այս ընտրություններում քաղաքապետի պաշտոնում առաջադրված են 3 կին թեկնածուներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Անահիտ Թարխանյանը․ թե ում կցանկանար տեսնել քաղաքապետի պաշտոնում, Երկանյանն ասաց. «Երեւան քաղաքը, հատկապես անկախությունից հետո, իր ճարտարապետական դիմագիծը շատ կորցրեց, ավելորդ կցակառույցներ շենքերի տանիքներին հայտնվեցին։ Չթերագնահատելով այդ 3 կանանցից եւ ոչ մեկին, այնուհանդերձ, ես կուզեի, որ քաղաքապետ ընտրվեր ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Ես նաեւ հասկանում եմ, որ նրա շանսերը բավականին համեստ են այս ընտրությունների ժամանակ, որովհետեւ նա որեւէ քաղաքական ուժ չի ներկայացնում, անկուսակցական է։ Ու նաեւ դա է իմ սրտով, որ անկուսակցական է, բայց առավելապես նրա համար, որ ճարտարապետ է, էլ չեմ ասում, որ մեր հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է, որը շատ մեծ վաստակ ունի Երեւանի դիմագծի ու ժամանակակից ճարտարապետության հարցում»։



Երկանյանը հույս ունի, որ եթե Թարխանյանն ընտրվի, ապա վերջ կդնի ճարտարապետական անօրեն կամայականություններին. «Օրինակ՝ հենց իմ շենքում ճարտարապետը չի նախատեսել, բայց քաղաքապետի թույլտվությամբ մեր շենքի վրա անցյալ տարի կառուցվեց մի հարկ եւս, որը, իմ կարծիքով, տվյալ շենքի համար շատ վտանգավոր նախադեպ կարող է ունենալ։ Դրանից բացի, քաղաքում կանաչապատ տարածքներն են պակասում, ինչպես նաեւ՝ խաղահրապարակները»։



Ավագանու ընտրությունները Երվանդ Երկանյանը քաղաքական եւ միաժամանակ տնտեսական ընտրություններ է համարում. «Սրան չպետք է նայել որպես Ազգային ժողովի ընտրությունների համար փորձադաշտ։ Երեւանի ընտրություններն ինքն իրենով առանձին վերցրած ունեն չափազանց մեծ կարեւորություն, եւ ես կնախընտրեի, որ ընտրվեր ոչ թե այս կամ այն համարով կուսակցությունը, այլ ուղղակի լինեին ընտրություններ, յուրաքանչյուր քաղաքացի ընտրեր իր ուզած անհատին։ Այդ դեպքում պատկերը բոլորովին այլ կլիներ, եւ, բացի դրանից, քաղաքապետի վրա դրված պատասխանատվությունն ու պարտականությունը կստիպեր նրան, որ նա շատ ավելի լավ մտածեր քաղաքացիների կյանքի որակի եւ ընդհանրապես քաղաքի մասին։ Այնպես որ, ես համարում եմ սա շատ լուրջ պետական քաղաքական ակցիա, եւ ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել այն իբրեւ նախադուռ Ազգային ժողովի ընտրությունների համար»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**