Սև ներկի ռուսական քաղաքականությունը և հայկական դժգունությունը

Սև ներկի ռուսական քաղաքականությունը և հայկական դժգունությունը

2019թ. դեկտեմբերյան այս օրերին, երբ լրացավ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի վավերացման՝ ՀՀ Ազգային ժողովի ընդունած որոշման 5-րդ ամոթալի տարելիցը, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում, քաղաքային իշխանությունների որոշմամբ, անամոթաբար ապամոնտաժվեց հայ մեծ զորավար եւ պետական նշանավոր գործիչ Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Այն նույն հուշատախտակը, որն այս տարվա նոյեմբերին Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել էր սեւ ներկով՝ «չհաշտվելով դեպքերի նման ընթացքի հետ» եւ «արտահայտելով իր քաղաքացիական դիրքորոշումը»: 

«Դեպքերի նման ընթացքի հետ չհաշտվելու» ազդականչը հնչել էր դեռեւս 2016թ. հունիսին, երբ պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, Երեւանում Պյոտր Առաջինի նմանությամբ քանդակված Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման առիթով հայտարարել էր. «Մոսկվան զարմացած է Երեւանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ: Մեր վերաբերմունքը նացիզմի վերածնման որեւէ ձեւի, դրա դրսեւորումների հերոսացման, նեոնացիզմի, էքստրեմիզմի մասին բոլորը լավ գիտեն»: 

Իրականում «բոլորը լավ գիտեն» ռուսական մեծապետական շովինիզմի եւ պետությունների ինքնիշխանության դեմ Մոսկվայի ոտնձգությունների մասին: Գարեգին Նժդեհը ռուսական անցյալ եւ ներկա կայսրության համար հայկական դիմադրության եւ անկախության շարժման խորհրդանիշն ու խտացումն է. ահա այդ պատճառով է Մոսկվան շարունակում իր հարատեւ կռիվը Նժդեհի հուշարձանների եւ հուշատախտակների դեմ: Մոսկվայի այդ դիրքորոշումը տեղական նշանակության մի ռուս շովինիստ պարզապես կյանքի կոչեց՝ վայրագաբար պղծելով հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը: Մինչդեռ Ռուսաստանում վերականգնվում են բռնապետության հայր Իոսիֆ Ստալինի հուշարձանները, իսկ ստալինյան քաղաքականությունը դառնում է պետական քաղաքական ուղենիշ:

2014թ. դեկտեմբերի 4-ին, երբ ՀՀ խորհրդարանը վավերացրեց սեպտեմբերյան մեկ սեւ գիշերում Սերժ Սարգսյանի ընդունած որոշումը՝ անկախ Հայաստանը հրելով եվրասիական քաղաքական եւ տնտեսական ճահիճը, ՀՀ ԱԺ պատգամավորները սեփական ամոթալի քվեարկությունն ընդունեցին ծափահարություններով: Այդ ծափահարությունների արճճե ձայնը հասավ Կրասնոդար, ուր ԱԺ քվեարկությունից հինգ տարի անց, ռուսական հայաշատ երկրամասում, հայկական համայնքի աչքի առաջ, վայրագաբար պղծվեց, ապա ապամոնտաժվեց Նժդեհի հուշարձանը: Ռուսական հպատակություն ընդունած ռուսահայերը դիմադրության եւ բողոքի փորձ անգամ չարեցին հայ ազգային հերոսի հիշատակի հանդեպ նմանօրինակ թշնամանքի դեմ: 

Իրողությունների այս ամոթալի հարահոսը 2018թ. հայկական թավշյա հեղափոխությունը չարգելակեց եւ չփոխեց հայ-ռուսական հարաբերությունների կախյալ բնույթը. հեղափոխությունից հետո Հայաստանը շարունակեց մնալ Ռուսաստանի ռազմաքաղաքական արբանյակը: Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախ արագ հրաժարվեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության իր «դեմ» քվեարկությունից, ապա որդեգրեց Մոսկվային հաճոյանալու՝ Սերժ Սարգսյանի մարդկային եւ քաղաքական վարքագիծը: 

Հեղափոխությունից հետո Նոր Հայաստանը չվերանայեց հայ-ռուսական հարաբերությունների հնացած բնույթը: Նոր Հայաստանը հին Ռուսաստանին չառաջարկեց, չպարտադրեց միջպետական հարաբերությունների իրականացման նոր օրակարգ: Նոր եւ ինքնավստահ՝ «դուխով» Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանից չպահանջեց հարգել խաղաղության հաստատման միջազգային ուղենիշները եւ դադարեցնել հակամարտության ռազմականացումը եւ Ադրբեջանի զինումը: Միջազգային տարբեր ատյաններում Երեւանը շարունակեց քվեարկել ռուսական օրակարգի օգտին՝ ընդդեմ միջպետական եւ միջազգային այլ հարաբերությունների: Հեղափոխությունը չփոխեց միջազգային հարաբերություններում Հայաստանի՝ ռուսական կցորդ երկիր լինելու ամոթալի համբավը:

Հայկական արբայնակը շարունակում էր դեգերել ռուսական քաղաքական ուղեծրում: 
Այդ ընթացքում շարունակում էին ջերմանալ ռուս-թուրքական միջպետական հարաբերությունները՝ տարածաշրջանում ազդեցության գոտիների վերաբաշխման եւ աշխարհաքաղաքականության փոփոխման հեռահար նպատակներով: Ներքին նեղ խնդիրների հորձանուտում պատեպատ զարնվող Հայաստանում այդեւնման խնդիրները չհայտնվեցին պետական, հասարակական-քաղաքական քննարկումների օրակարգում: Հայաստանը շարունակում էր վարել «Ռուսաստանի մասին՝ կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» քաղաքականությունը: Աշխարհաքաղաքականության բարդ փոփոխությունների այս պայմաններում Հայաստանը մնաց անուղենիշ, անծրագիր, անվճռական: «Դուխով» Հայաստանից մնացին միայն ռուսական պղտոր անձրեւաջրերից խունացող պաստառները:

Հայաստանը ոչ միայն նոր համահայկական օրակարգ եւ խնդիրներ չառաջադրեց, այլեւ իսպառ մոռացավ հայկական Սփյուռքի մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները հայկական համայնքների հետ ընդամենը սեփական քաղաքական նշանակությունը եւ ինքնավստահությունը ստուգելուն եւ բարձրացնելոն էին նպատակամիտված: Հայկական Սփյուռքի ամենախոցելի հատվածը ռուսահայությունն էր, որը Ռուսաստանի պատանդից աստիճանաբար վերածվում է լուրջ վտանգի Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար: Հեղափոխությունից հետո ինչպես ողջ Սփյուռքին, այնպես ռուսահայությանը թարմ ազգային լիցքեր եւ քաղաքական խնդիրներ էր պետք առաջադրել, որոնց մասին չէր մտածում ներքին խառնակություններից գլուխ չհանող ՀՀ նոր իշխանությունը:  Զրկված լինելով ազգային նպատակներից՝ ռուսահայությունը վերադարձավ ռուսական գլխահակ հպատակի իր կենսակերպին, որից կարողացել էր դուրս գալ հայկական հեղափոխության ընթացքում:
Հայ-ռուսական ներկա քաղաքական օրակարգը լցված է միայն ռուսական խնդիրներով ու նպատակներով. այդ օրակարգում Հայաստանը կա՛մ բացակայում է, կա՛մ ռուսական կավե հսկայի կամավոր պատանդն է դարձել:

Հայ-ռուսական հարաբերությունների բնույթը, օրակարգը, այդ հարաբերությունները վերանայելու հրամայականը վաղուց է բախել Նոր Հայաստանի դարպասները, սակայն Փաշինյանի իշխանությունը սարսափում է բացել մեր պետության դարպասները արտաքին եւ աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների առջեւ: Եվ մինչ տեղական նշանակության մի ռուս շովինիստ հայաշատ Արմավիր քաղաքում սեւ ներկ է լցնում Նժդեհի հուշատախտակին, Հայաստանի դարպասներին թարմացվում են «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսի ներկի հին գույները: Սեւ ներկի ռուսական քաղաքականությամբ հայկական դժգունությունն ավելի ու ավելի է ընդգծվում: