ԿԳՄՍՆ-ն ՊՈԱԿ-ների օպտիմալացումը փրկության ծրագիր է ներկայացնում

ԿԳՄՍՆ-ն ՊՈԱԿ-ների օպտիմալացումը փրկության ծրագիր է ներկայացնում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման նախագիծը: «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվող նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական եւ պարային խմբերը, ինչը, ըստ ԿԳՄՍՆ-ի, կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:

«Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել եւ կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները: Ըստ այդմ՝ գերազանցապես կրկնվող վարչական հաստիքների կրճատման շնորհիվ հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել կազմակերպության եկամտային հատվածի մեծացման ու աշխատանքի դիմաց կատարվող վարձատրության մասով»,-հիմնավորում են նախարարությունից։

Նոր ձեւավորվող կենտրոնի մեջ միավորվելու են «Հայաստանի պարի պետական անսամբլը», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը», ինչպես նաեւ` «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական համույթը» եւ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը:

Նախագծի հիմնավորման մեջ կարդում ենք, որ գործող 6 մշակութային կազմակերպությունները չունեն իրենց գործունեությունը իրականացնելու մշտական հարթակներ եւ տեղակայված են այլ կառույցներին պատկանող տարածքներում, ուստի` ««Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծման արդյունքում կառաջանա նաեւ վերոնշյալ կազմակերպությանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տարածք ամրացնելու խնդիր», բայց թե` որտե՞ղ եւ ի՞նչ տարածքի մասին է խոսքը, որը կապահովի այդ 6 կառույցների փոխգործակցությունը մի տանիքի տակ` պարզ չէ:

Հետաքրքիր է հատկապես այն ձեւակերպումը, թե ինչպես է ներկայացված նախագծի մեջ ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները գնահատել ու հիմնավորել նախարարությունը. «Ոլորտում առկա հիմնախնդիրներից են նաեւ պրոֆեսիոնալ կոմպոզիտորների եւ կոլեկտիվների կապի խզումը, նվագացանկի եւ երգացանկի գեղարվեստական անորոշությունը, ժողովրդական տարազների նշանագիտական խեղաթյուրումը, գեղարվեստական չափանիշների եւ ճաշակի խնդիրը՝ մեծ իմաստով....»: Փաստորեն, խոսքը` ռաբիս, ինգնագործ երգի- պարի համույթների մասին է, որոնց անորոշ գեղարվեստական երգացանկի եւ ազգայինի խեղաթյուրման փորձերի վրա մինչ այս աչք է փակել նախարարությունը եւ միայն հիմա է որոշել ուղղել այդ բացը:

Ի դեպ, ԿԳՄՍ փոխնախարար` Արա Խզմալյանը նախօրեին իր հարցազրույցներից մեկում, վերը նշված 6 մշակութային կառույցներն անվանեց` «Ֆռագմենտալ գործող կառույցներ, որը անհրաժեշտ է բերել մեկ ռազմավարական տրամաբանության մեջ», իսկ դա էլ նշանակում է` մեկ միասնական կառավարում, մեկ կառավարիչ, որը կկրի պատասխանտվություն այդ կառույցների գործունեության համար: Փոխնախարարը նաեւ նշել էր, որ ինքը իր աշխատասենյակում նստած չի կարող հետեւել թե որքանով է համապատասխանում այս կամ այն համույթի երգացանկը կանոնադրական խնդիրներին, ուստի որոշել են ոչ թե փակել, լուծարել, այլ` փրկել այդ կառույցները: Նկատենք միայն, որ դժվար է մինաշնակ պնդել, թե օրինակ մշակույթի, կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունների միավորումը մեկ կառույցում` մեկ միասնական կառավարումով ու նախարարով, ավելի շատ ձախողո՞ւմ էր, թե` ձեռքբերում:

Սա, ըստ էության, 3 տարի առաջ մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի կողմից առաջ քաշված ՊՈԱԿ-ների օպտիմալացման ծրագիրն է, որի շուրջ այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ, ինչն այդ ժամանակ ստիպեց պատասխանատուներին հետ կանգնել ծրագրից, իսկ Ն. Ղարիբյանն էլ արդարացավ, որ նման նախագիծ չկա, եւ խոսքը սեւագիր փաստաթղթի մասին է: Ի տարբերություն 3 տարի առաջվա, երբ արձագանքեցին ոչ միայն օպտիմալացման ենթակա ՊՈԱԿ-ները, այլ նաեւ` մշակութային հանրությունը, այս օրերին շրջանառվող նախագծի մասին ոչ միայն արձագանքներ ու քննարկումներ չեղան, այլեւ` հենց վերը նշված մի քանի ՊՈԱԿ-ներից հրաժարվեցին խոսել, հիմնավորելով, որ դեռ տեղյակ չեն` ինչը եւ ինչպես պետք է արվի:

«Բարեկամություն» պետական համույթի գեղարվեստական ղեկավար` Նորայր Մեհրաբյանը մեզ հետ զրույցումմ նշեց, որ դեռ մանրամասն տեղյակ չէ, թե ինչ է արվելու եւ ինչպես. «Առանձին հանդիպում չի եղել, որ մեզ բացատրեն ինչ են անելու...մինչեւ մանրամասն չիմանամ ինչ են անում` չեմ կարող հստակ ինչ որ բան ասել: Տարածքի հարցն էլ դեռ անորոշ է...ուզում են, բայց ես էլ շատ բան եմ ուզում, այդ ո՞նց պիտի անեն, որ 3 կոլեկտիվ մի տեղում լինի..., ամեն ինչ անորոշ է, ասելը` ուրիշ է, անելը` ուրիշ, այս պահին գիտեմ, որ միավորում են,-ասում է Մեհրաբյանն ու նկատում, որ միավորման լուրով դեռ համույթի ներսում չի կիսվել, քանի որ այլ մանրամասների տեղյակ չէ,- ես ի՞նչ ասեմ այդ մարդկանց, ասեմ` կարո՞ղ է լավ լինի, կարո՞ղ է` վատ, պետք է առանձին կոլեկտիվների հետ էլ խոսեն, ոչ թե միայն ղեկավարների: Ղեկավարների կարծիքը քիչ է, պետք է գան կոլեկտիվների հետ էլ խոսեն»:

«Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյանի կարծիքով էլ, սա այնքանով է լավ նախաձեռնություն, որ հնարավորություն է ստեղծում, որպեսզի այդ խմբերը չլինեն առանձին միավորներ եւ համագործակցեն իրար հետ: Մտավախություն չկա՞, որ երբ միավորվեն տարբեր ձեւաչափի եւ բովանդակության այդ կոլեկտիվները կառավարումը ոչ թե կհեշտանա, այլ հակառակը` շիլաշփոթ կառաջանա. «Միայն ղեկավարումն է միավորվելու մի սկզբունքի տակ, հետո փաստ է, որ նախկին սիստեմը չի աշխատել: Ամեն դեպքում, այդ փոխհամագործակցությունը հնարավորություն կտա շտկելու իրավիճակը, ոչ թե` մի աչքը շտկելու փոխարեն 2 աչքն էլ հանենք»: