Իսկ Խաչատուր Սուքիասյանը օլիգա՞րխ է

Իսկ Խաչատուր Սուքիասյանը օլիգա՞րխ է
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն, այսօր անդրադառնալով վարչապետի հանձնարարականով իրականացվող «ռեյդ-շոուներին», ասաց, որ վարչապետի հանձնարարականից անկախ՝ իրենք միշտ էլ օպերատիվ տեղեկություններ են ստանում շարասյունով երթևեկելու, թիկնապահների և նրանց կողմից զենք կրելու մասին։ Ուստի այս գործողություններով իրենք ստուգում են այդ ամենի օրինականությունը։



«Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում, մեր քաղաքացիներից, որ շարասյունով երթևեկելով խոչընդոտ են հանդիսանում երթևեկությանը։ Եթե դուք ուշադիր լինեք, էստեղ խոսքը գնում էր ոչ թե ում ուղեկցում են, մենք երբևիցե որևէ մեկին, դիմացի մեքենային, ով էլ եղել ա, անկախ նրա կարգավիճակից, նրա՝ օլիգարխ լինելուց կամ պաշտոնյա լինելուց, որևէ խնդիր չենք առաջացնում։ Ստեղ խոսքը գնում է երկրորդ մեքենայի մասին, ի՞նչ կարգավիճակում է երկրորդ մեքենան, որն ուղեկցում է։ Մենք տրամաբանում ենք, որ երկրորդ մեքենան սովորաբար լինում են թիկնապահներ, թիկնազոր է լինում»,-ասաց Օսիպյանը։



**Hraparak.am**-ի դիտարկմանը, թե եթե իմ մեքենայի հետևից երկորրդ մեքենա գնա, պետք է կանգնեցնե՞ն, Օսիպյանը նախ դրական պատասխան տվեց, ապա փորձեց պարզաբանել իր մտքի տրամաբանությունը․ «Այո։ Եթե Դուք շարասյունով եք երթևեկում, դա անթույլատրելի է»։



**-Ընկերոջս մեքենան է, գնում ենք Սևան, ենթադրենք։**



-Գիտե՞ք ինչ, դա տեսանելի ա լինում, երբ որ Ձեր ընկերոջ մեքենան լինի, ոստիկանները պրոֆեսիոնալ են և Ձեր ընկերը լինի, թե բարեկամը կլինի, դա մենք չենք կարող տարբերել, բայց կարող ենք տարբերել՝ ինքը Ձեր հետ ուղղակի երթևեկում է, տեղ է գնում, թե որպես թիկնազորի գործողություն է իրականացնում։



**-Պարոն Օսիպյան, ո՞րն է օլիգարխը։**



-Ոստիկանությունը մոտավոր չի աշխատում, ոստիկանությունը հստակ է գործում, և՛ տեղեկությունների համաձայն, և՛ առավելևս ճանապարհային ոստիկանությունը կարողանում է տարբերել պետհամարանիշների պատկանելիությունը։



**-Հիմա Խաչատուր Սուքիասյանը, ում թիկնապահներին ևս զինաթափել էիք, օլիգա՞րխ է։**



-Թույլ տվեք չասել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**