Կայարանում ռումբ էր տեղադրել, հետո աշխատանքի անցավ օդանավակայանում․ ի՞նչ է հուշում գերմանական փորձը

Կայարանում ռումբ էր տեղադրել, հետո աշխատանքի անցավ օդանավակայանում․ ի՞նչ է հուշում գերմանական փորձը
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը եւ ՀՀ արդարադատության նախարարությունը այսօր համատեղ կազմակերպել էին քննարկում՝ նվիրված քրեակատարողական հիմնարկներում ամենահրատապ հարցերի վերաբերյալ նպատակային հայեցակարգի մշակմանը։



Քննարկմանը մասնակից Քառլսռուհեի ՔԿՀ ղեկավար Թոմաս Մյուլլերը եւ Բադեն-Վյուրթեմբերգի քրեակատարողական կրթական կենտրոնի ղեկավար Հայնց Բրյուխեն ներկայացրեցին գերմանական ՔԿՀ-ներում անձի ազատազրկման ընթացքում նրա սոցիալականացման, աշխատանքով ապահովելու, կալանավորին աշխատանքով ապահովելու, բաց եւ փակ ռեժիմներ կիրառելու փորձը։



Թոմաս Մյուլլերը նշեց, որ պետք է նայել, թե որ միջոցառումներն են արդյունավետ տվյալ կալանավորի համար, քանի որ բոլորի դեպքում նույն միջոցառումները չեն կարող գործել։ Նա նշեց, որ սոցիալականացումը կալանավորի պարտականությունն է, ժամանակի ընթացքում, կախված դրանից, պետք է փոխել կալանավորի պայմանները, ռեժիմը, քանի որ նա պետք է ունենա հաղորդակցման, իր վարքի վրա ազդելու հնարավորություն։



«Մենք ուսանողներին բացատրում ենք, որ չպետք է թնդանոթով կրակել ճնճղուկների վրա»,- ասաց Մյուլլերը։



Քննարկման մասնակիցներից մեկը նկատեց, որ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով դատապարտված հանցագործները ՔԿՀ-ներում հայտնվում են մեկուսացման մեջ, պահվում են առանձին խցերում։



Թոմաս Մյուլլերը բերեց Գերմանիայի օրինակը,որ ՔԿՀ-ներում նրանց չեն մեկոսւացնում, այլ բոլոր բանտարկյալներին խորհուրդ են տալիս չբացահայտել այն հոդվածները, որոնցով իրենք դատապարտվել են։ Իհարկե, նա չբացառեց, որ առանձնին դեպքերում կալանավորին տեղափոխում են այլ խուց։



«Մի քանի ՔԿՀ-ներում ունենք բաժանմունքներ սեռական ոտնձգություն կատարած անձանց համար»,- նշեց նա։



Իսկ Հանց Բրյուխեն էլ հավելեց, որ երբ հարձակում է լինում նման կալանավորների վրա, իրենք ձեռքերը ծալած չեն նստում, այլ պաշտպանում են նրանց։



Քննարկման մասնակիցները հետաքրքրվեցին, թե դատվածություն ունեցող անձինք Գերմանիայում ինչպես են հետագայում կարողանում աշխատանք գտնել։



Թոմաս Մյուլլերն արձագանքեց, որ անձնական տվյալների պաշտպանության հարցը շրջում է ութոտնուկի պես եւ առաջացնում խնդիրներ։ Ապագա գործատուն, ըստ նրա, անձից պահանջում է տեղեկանք։ Հետո նա հիշեց, թե ինչպես էր մի անձ դատապարտվել Շտուտգարդի կայարանում ռումբ տեղադրելու համար, քանի որ այդ կերպ նա Աստծուց խնդրում էր իրեն ընկերուհի տալ։ Ավելի ուշ նա աշխատանքի է անցել Ֆրանկֆուրտի օդանավակայանում՝ որպես օդափոխիչ համակարգի մասնագետ։ Մյուլլերը նշեց, որ դա ճիշտ չէ, քանի որ ստելու դեպքում էլ գործատուն կարող է բացահայտել նախկին դատվածության փաստը։ Նա նաեւ կատակեց, որ այսօր անվտանգ է Ֆրանկֆուրտի օդանավակայանը։



Անդրադառնալով կալանավորների՝ աշխատանք ունենալու հարցին՝ Մյուլլերը նշեց, որ նախնական կալանքի մեջ գտնվող անձինք պարտավոր չեն աշխատել, բայց մյուսները պարտավոր են։ Եվ, ըստ նրա, ինչպես ազատության մեջ, այնպես էլ բանտում, եթե կալանավորը չի աշխատում, ապա չի կարողանում հոգալ իր ապրուստը։ Նա նաեւ նշեց, որ աշխատանքից խուսափելը ենթադրում է կարգապահական խախտում։ Մյուլլերի ասելով՝ միայն քաղբանտարկյալներն են խուսափում ՔԿՀ-ներում աշխատել։ Մեր ճշտող հարցին, թե Գերմանիայում կա՞ն քաղբանտարկյալներ, պարոն Մյուլլերն արձագանքեց, որ խոսքն այն անձանց մասին է, որոնք պետականությունը խարխլելու, տնտեսությունը վնասելու, սպանություններ գործելու պատճառով են հայտնվել անազատության մեջ, բայց իրենց համարում են քաղբանտարկյալ։



«Խնդրում եմ Ձեր թերթում չգրեք, թե ես հայտարարել եմ, որ Գերմանիայում կան քաղբանտարկյալներ»,- հորդորեց նա՝ հավելելով, որ չպետք է նման անձանց նկատմամբ հատուկ վերաբերմունք ցույց տալ։