Գործակցություն՝ բարեկեցության ապահովման համար

Գործակցություն՝ բարեկեցության ապահովման համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» դարձյալ տուն են կառուցում: Գարնանը քննարկված եւ համատեղ որոշմամբ ստորագրված պայմանագրի տեսանելի արդյունքը տանիքով ապահովված ընտանիքներն են լինելու: Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագիրն ընթացքի մեջ է, շինարարական աշխատանքներին կամավորագրված աշխատակիցների ջանքերը՝ վճռական:



Տուն կառուցելը հաճելի ավանդույթ է դարձել գործակցող կողմերի համար: Կամավորների թիմն այս անգամ եղել է Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում եւ մասնակցել Աթոյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությանը:



Չորս տարի առաջ Աթոյանները փորձել են բնակարանի խնդիր լուծել, սակայն դա նրանց չի հաջողվել. ֆինանսական սուղ միջոցները ստիպել են հարմարվել իրավիճակին եւ գտնել խնդրի ժամանակավոր լուծում: Արամի գնած կիսակառույցին նոր քար չի ավելացել, ընտանիքն էլ սկսել է բնակվել ծնողների տանը, եղբոր ընտանիքի հետ՝ 11 անձով: Կիսակառույցը հուսալի տուն դարձնելու նպատակը մնացել է անկատար:



«Դեռեւս չենք հավատում, որ շուտով կավարտենք շինարարությունը եւ կտեղափոխվենք մեր նոր տունը։ Սա մեծ երազանք էր, որն իրականություն դարձավ ձեր աջակցության շնորհիվ։ Ես եւ ընտանիքս անսահման երջանիկ ենք ու անչափ շնորհակալ, որ ձեռք մեկնեցիք՝ ավարտին հասցնելու մեր տունը»,- ասել է Արամը:



«Բոլոր այն տներում, որտեղ մասնակցում ենք շինարարության, փորձում եմ զգալ ընտանիքների տրամադրության փոփոխությունը: Ինչու՞: Որովհետեւ ծրագրի ամենակարեւոր նպատակը տարիների հուսահատությունն ապագայի հանդեպ վստահությամբ փոխարինված տեսնելն է: Տան խնդիր լուծելու բեռն այնքան ծանր է մարդկանց համար, որ հաճախ նրանք չափազանց զուսպ են արտահայտում նաեւ իրենց ուրախությունը: Վստահ եմ, որ այս երիտասարդ ընտանիքի համար վաղվա հեռանկարն այլեւս անորոշ չէ: Կարեւոր եմ համարում նաեւ այն, որ մեր գործընկերոջ հետ իրականացվող ծրագիրը մարզերի բնակիչներին թույլ է տալիս իրենց չզգալ անտեսված եւ արժանապատվությամբ կարգավորել անլուծելի թվացող հարցերը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Մեր նպատակը ապրելու համար պարզ ու հարմարավետ միջավայր ստեղծելն ու ընտանիքի կյանքի որակի բարելավումն է: Ակնհայտ է, որ Արամի ընտանիքի համար բնակարան կառուցելով՝ մենք հնարավորինս կթեթեւացնենք նաեւ հայրական տան բեռը, ինչը կրկնակի հաջողություն է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:



Կամավորները կատարել են պատերի հարթեցման աշխատանքներ: Բարեկեցիկ պայմաններում ապրելու ընտանիքի երազանքը մոտ ապագայում իրականություն կդառնա:



ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) եւ ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։